Ռուսաստանը չի լքել Հայաստանին, այլ նետել է բոլոր ուժերը՝ ղարաբաղյան հարցը լուծելու համար․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում «լքել է իր դաշնակից Հայաստանին»։ Զախարովայի խոսքով՝ ինքն այս ընթացքում կարդացել է անթիվ վարկածներ արտասահմանյան և ռուսաստանյան մամուլում այն մասին, թե ով է շահել, ով է կորցրել այս իրավիճակում։
Մեկնաբանելով «թույլ վերլուծությունները» վերոհիշյալ թեմայով՝ ԱԳՆ խոսնակն ասել է, որ Ռուսաստանը «լքել է ոչ թե Հայաստանին և հայերին, այլ նետել է իր բոլոր ուժերը խնդրի կարգավորման համար՝ սկզբից՝ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, ապա՝ խաղաղապահներ ուղարկելով»։
Զախարովան կարծում է, որ «բոլորը պետք է հիշեն՝ տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան ապահովում են ռուս խաղաղապահները»։
«Սա աննախադեպ որոշում է, և ես տպավորություն ունեմ, որ շատերը չեն գիտակցում այդ որոշման ծավալը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին արձագանքել է նաև Կրեմլի խոսնակը՝ այդ խոսակցությունները համարելով ոչ տեղին։
Civilnet










