Գլխավոր Լրահոս

Նախագահն ընդունել է հադրութցիներին

Նախագահն ընդունել է հադրութցիներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց օջախներից զրկված և ներկայումս Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների, որոնք արդեն մի քանի օր է՝ ակցիաներ են իրականացնում դեսպանատների, ՄԱԿ-ի, եվրախորհրդարանի գրասենյակների մոտ՝ պահանջելով Հադրութի դեօկուպացում։ Հադրութցիները պնդում են՝ Հադրութը՝ պատմական Դիզակը, երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։

«Բոլորիս մեջ ցավ կա, սակայն այն անհամեմատելի է նրա հետ, ինչ ապրում եք դուք, ձեր ընտանիքները, հարազատները։ Աշխարհում ամեն հայ մեծ բեռ ունի, բայց այդ բեռն, իհարկե, համեմատելի չէ ձերի հետ: Պետք է ամեն ինչ անենք, որ բոլորս միասին՝ Հայաստանից մինչև Արցախ, կարողանանք ընկած տեղից վեր կենալ, կանգնել, անցնել դժվար ճանապարհ՝ չդառնալու պարտված ժողովուրդ, պետություն, ազգ: Սրանք են իմ սփոփանքի խոսքերը, որովհետև այս պահին ուրիշը չունեմ: Դրա համար էական է, որ որպես ազգ ու պետություն լինենք միասնական: Պետք է աշխատենք ամեն ինչ անել:

Իրար մեղադրել, վիճել... Սա մեզ ոչ մի տեղ չի տանելու, բացի մեծ դժբախտությունից: Փորձենք ոտքի կանգնել, իրար օգնել», -ասել է նախագահը:

Նախագահի նստավայրում հյուրընկալված հադրութցիները հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ իրենց մտահոգություններով ու անհամաձայնություններով այս օրերին դիմել են միջազգային կառույցներին ու դեսպանատներին: Նրանք տեղեկացրել են, որ իրենց պահանջներն ամփոփել են 4 հիմնական կետերով. քննության առնել Հադրութի դեօկուպացիայի հարցը, գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի խնդիրը և մնացած հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ, իրավական հարթություն տեղափոխել Հադրութից տեղահանվածների խնդիրը, Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելու հարցը:

Նշելով, որ զինադադարի վերաբերյալ փաստաթղթի հետ որևէ կապ չի ունեցել՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ինձ համար դա ցավալի է, քանի որ այսքան տարվա իմ դիվանագիտական ու բանակցային փորձը չօգտագործվեց»: Հանրապետության նախագահը նշել է, որ այսօր առաջին քայլերից մեկը պետք է լինի` «վերադարձնել ղարաբաղյան հարցը բանակցային փուլ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Մեր ամբողջ ներուժը՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, պետք է ներդնենք, որ հարցը վերադարձնենք Մինսկի խումբ: Հենց դա կարող է լինել այն մեխանիզմը, որը պետք է գործի պատմական ու հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության համար: Հարթակները կարող են լինել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և միջազգային այլ ատյաններ»:

Հադրութցիների հարցին, թե ինչ կարող են իրենք անել դրան նպաստելու համար, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Դուք ձեր ձայնը պետք է լսելի դարձնեք, ոչ մի դեպքում ձեր ձայնը չպետք է կորչի։ Դուք չեք կարողանալու բանակցել, բայց ձեր ձայնը պետք է լինի։ Պետք է կազմակերպվեք և ձեր խնդիրները, պահանջը պետք է փաստացի լինեն։ Ես ձեզ հետ եմ»:

Նշելով, որ այսօր կան հսկայական հումանիտար խնդիրներ՝ նախագահը կարևորել է տարբեր ծրագրերի միջոցով դրանց լուծումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում