Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու փաստով գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ քննության։ Այդ մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
«Միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին) նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ծրագրել է ագրեսիայի ակտ իրականացնել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ, ինչից ելնելով Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատու պաշտոնատար անձինք միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններով համալրելու վերաբերյալ նախնական համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի Հանրապետության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ»,-ասված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտոնատար անձինք, ըստ դատախազության, ֆինանսական ու ռազմական միջոցներ են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր», «Ալ Համզա», «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորումներին ու ապահովել նրանց սահմանահատումը Սիրիայից ու Թուրքիայից։ Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 217-ր հոդվածի երկրորդ մասով՝ մի խումբ անձնանց կողմից կազմակերպված ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով։
Civilnet











