Գլխավոր Լրահոս

Ըստ Ալիևի՝ ղարաբաղյան հակամարտություն «այլևս չկա»

Ըստ Ալիևի՝ ղարաբաղյան հակամարտություն «այլևս չկա»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լաչին (Բերձոր) քաղաքը և ստեղծել նոր միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ինչպես հայտնում է Moscow-Baku կայքը, այս մասին Ալիևն ասել է իր ուղերձում, որում անդրադարձել է Լաչինի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցմանը։ Ալիևի պնդմամբ՝ նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ։ Ադրբեջանն իբր մերժել է այդ առաջարկը, ինչպես և երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ։ Ի վերջո Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ։ «Բոլորին հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այսպիսով՝ Լաչինը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչինը պետք է վերադարձվի մեզ։ Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել միջանցքի նոր երթուղի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը  Հայաստանի հետ։ Նշված է նաև ժամկետը՝ երեք տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել ավելի շուտ»,- ասել է Ալիևը։ Նա խոսել է նաև միջանցքի մասին, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենք «շրջափակումից հանում են Նախիջևանը և ձևավորում տրանսպորտային նոր երակ, որից կարող են օգուտ քաղել բոլոր երկրները»։ «Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, եթե ցանկանա՝ նաև Հայաստանը կարող է միանալ այդ միջանցքին»,- նշել է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարը շոշափել է նաև գերիների հարցն ու փախստականների վերադարձը։ Ըստ Ալիևի՝ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը շարունակվում է»։ Փախստականներն էլ, ՄԱԿ-ի վերահսկողության ներքո, «պետք է վերադառնան իրենց բնակավայրերը»։ Ալիևը պնդել է, որ «ղարաբաղյան հակամարտություն այլևս չկա»։ «Եթե որևէ մեկը կարծում է, որ այդ հակամարտությունը շարունակվում է, չարաչար սխալվում է»,- եզրակացրել է Իլհամ Ալիևը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում