Գլխավոր Լրահոս

«Պատերազմներում պարտվում են կամ հաղթում․ ինչո՞ւ պարտվեցինք»․ Հայկ Խանումյանի գրառումը

«Պատերազմներում պարտվում են կամ հաղթում․ ինչո՞ւ պարտվեցինք»․ Հայկ Խանումյանի գրառումը

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը, որը պատերազմի ընթացքում իր ջոկատով կռվել և մի քանի գյուղ է պահել հայկական վերահսկողության տակ, գրառում է արել պատերազմի մասին՝ հարցադրում անելով․ «Ինչո՞ւ պարտվեցինք»։ Գրառումը՝ ստորև․ 

«Սիրելինե՛ր,

Հոկտեմբերի 14-ից գտնվում եմ Հադրութի շրջանի Խծաբերդի ենթաշրջանում՝ նպատակ ունենալով օգնել աշխարհազորի կազմակերպմանը: Տարբեր կապերի միջոցով շատ արագ հաջողվեց զինել Հադրութի տարբեր գյուղերի տասնյակ բնակիչների և կազմավորել ռազմական ստորաբաժանում, որը նոր որակի բերվեց մի քանի օր անց, երբ Ստեփանակերտից տեղ հասան զինվորական փորձառություն ունեցող ընկերները: Առաջին շաբաթվա ընթացքում մենք տեսնում էինք անկանոն փախչող պահեստազորայիններ և կանոնավոր փախչող ստորաբաժանումներ, իրավիճակին չտիրապետող ուղղության հրամանատարություն: Հոկտեմբերի 15-ից ես խնդրում էի ԱՀ և ՀՀ իշխանություններին Կոռնիձոր-Խծաբերդ-Հադրութ ճանապարհի մոտով նոր ուղղություն ձևավորել: Հոկտեմբերի 21-ին ձևավորեց Բերձորի պաշտպանության համար ուղղությունը՝ գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարությամբ: Ուղղությունն ամբողջությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները: Խծաբերդ-Խանձաձոր ուղղությամբ տեղակայվեց ՊԲ ստորաբաժանում՝ մայոր Գարրի Աբրահամյանի հրամանատարությամբ: Ուղղության ձևավորումը կարևոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար:

Մեր ջոկատը Գ.Աբրահամյանի ստորաբաժանումների, հետախուզական գումարտակի տղաների հետ մասնակցություն ունեցավ թշնամուն զսպելու և որոշ կարևոր բարձունքներ ազատագրելու գործում: Ես շնորհակալ եմ Թաղասեռ, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի բնակիչներին՝ ինձ վստահելու և կարևոր գործ կատարելու համար: Առաջիկա օրերին ես կներկայացնեմ մեր ջոկատի տղաներից ոմանց՝ իրենց պատմություններով: Այս տղաները մասնակցեցին մարտերի, իրենց դիրքերում անսասան մնացին ականանետի, տանկի, ՏՌ-107-ի, սմերչի հարվածների ներքո, բարելավեցին մեր դիրքերը Խծաբերդի ուղղությամբ և պատվով հանձնեցին հերթափոխը նոյեմբերի 30-ին: 45 օրվա մեջ այս հատվածում ես հանդիպեցի տարբեր լավ մարդկանց՝ եկած ՀՀ տարբեր մարզերից, Քաշաթաղի տարբեր համայնքների կազմակերպված խմբերի՝ շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի մասնակցությամբ: Մեր ջոկատին օժանդակում և օգնում էին բազմաթիվ մարդիկ տարբեր վայրերից, որոնց նույնպես ընթացքում կանդրադառնամ:

Պատերազմներում պարտվում են կամ հաղթում: Ինչու՞ պարտվեցինք: Որովհետև բավարար չափով չէինք սիրում մեր Հայրենիքը և չգիտեինք ազգային նպատակներ դնել ու հասնել դրանց իրագործմանը: Կհաղթենք, երբ բավարար չափով կսիրենք Հայրենիքը և կսովորենք ազգային նպատակներ դնել ու իրականացնել»։

Հայկ Խանումյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում