Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ շրջափուլն Արցախի պատմության ամենածանր ժամանակահատվածներից է, և ձևավորված օրակարգի խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև հայ ժողովրդի հարատևությունը սեփական հողի վրա ապահովելու նպատակով այսօր առավել, քան երբևէ պետք է համախմբել բոլոր կարող ուժերը:
Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել պատերազմական ծանր օրերին «Ազգային վերածնունդ» կուսակցության դրսևորած բարձր քաղաքացիական գիտակցության և մարտական գործողություններին ունեցած մասնակցության համար, և ընդգծել, որ հանդիպման նպատակը Հայրենիքի առջև ծառացած խնդիրների հաղթահարման ուղիները քննարկելն է: Նա նաև պատրաստակամություն է հայտնել կուսակցության հետ կիսելու երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը:
***
2020թ․ մարտի 31-ին Արցախում անցկացված համընդհանուր ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել հինգ քաղաքական ուժեր։ Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությանը չի հաջողվել հաղթահարել Ազգային ժողով մտնելու շեմը, և այն ներկայացված չէ Արցախի այսօրվա խորհրդարանում: Ընտրությունների առաջին փուլում նախագահի թեկնածու Խանումյանը հավաքել է 962 ձայն (1,3%):
Արցախյան պատերազմի ընթացքում Հայկ Խանումյանի ջոկատին հաջողվել է պահել Հադրութի շրջանի մի հատվածը։