«Հայաստանի իշխանությունը ստիպված էր ընդունել շատ բարդ, բայց ժողովրդի համար անհրաժեշտ լուծումներ․ դրանք ցավոտ էին և վարչապետից խիզախություն են պահանջել»․ այս մասին դեկտեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խոսելով նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մասին՝ Պուտինն ասել է, որ այն «հետևողականորեն իրագործվում է»։ Նա նկատել է, որ «ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու համար պահանջվել են Ռուսաստանի գործուն միջնորդական ջանքերը»։
Ռուսաստանի նախագահը, դիմելով տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստի մասնակիցներին, ասել է, որ անհրաժեշտ է համատեղ ուժերով աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնված մարդկանց։
«Օգնություն ցուցաբերել մարդասիրական խնդիրների լուծման, փախստականների վերադարձման հարցերում, ինչպես նաև ավերված ենթակառուցվածքների վերականգնման առումով, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության հարցերում»,- ասել է Պուտինը։
***
Հայաստանի ղեկավարության խիզախության մասին Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել էր եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին։ Նա մասնավորապես հայտարարել էր, որ «բարդ հակամարտությունների հանգուցալուծման համար անհրաժեշտ է գնալ փոխզիջումների, որոնք խիզախություն են պահանջում»։
Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
2002թ. մայիսի 14-ին հիմնվել է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Նույն թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրվել է ՀԱՊԿ Կանոնադրությունը:
Հայաստանը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է։
Հավաքական անվտանգության մասին Պայմանագր 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Civilnet










