Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նիստում ընդգծել է Պուտինի «բացառիկ դերը» խաղաղության պահպանման հարցում

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նիստում ընդգծել է Պուտինի «բացառիկ դերը» խաղաղության պահպանման հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հայ ժողովրդի համար վերջին երկու ամիսները եղել են ագրեսիայի դիմակայության շրջան: Ադրբեջանը, որին աջակցում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից հավաքագրված ահաբեկիչ վարձկանները, պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ:

Ինչպես ձեզ հայտնի է, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները և պայմանավորվել իրավիճակի լարվածության նվազեցման միջոցառումների շուրջ:

Արդեն ավելի քան երեք շաբաթ է ռազմական գործողություններն ավարտվել են: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահները: Սակայն այսօր էլ մենք դեռևս ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ:

Առաջին հերթին, դա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումն է և անհայտ կորածների ճակատագրի պարզումը: Դրանք հարցեր են, որոնք ենթակա չեն հետաձգման: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողություններն այս գործընթացի արագացման և դրա արդյունավետության բարձրացման համար: Միաժամանակ, անհրաժեշտ է բացառել ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ բռնությունն ու նրանց արժանապատվությունը ոտնահարող դեպքերը:

Երկրորդը՝ պայմաննհերի ստեղծումն է արցախցիների՝ իրենց տներ վերադարձի, Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման համար: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգության մեջ են և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տներ և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մեր հայրենակիցներին օգնելու և աջակցելու համար:

Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված տարածքներում գտնվող հայ ժողովրդի մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության համար:

Ի վերջո, կարևոր է ապահովել տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեությունը: Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք և ստեղծել նորմալ պայմաններ Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործառնության համար: Իմ կողմից նշված բոլոր միջոցառումները, ներառյալ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, անհրաժեշտ են երկար և հուսալի խաղաղության ամուր հիմք ստեղծելու համար:

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Արցախի ու Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր հանդիսանում է այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման երաշխավորը: Այս առումով, ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը: Ռազմական գործողությունների 44 օրվա ընթացքում մենք եղել ենք մշտական կապի մեջ և քննարկել անհրաժեշտ քայլերը՝ արյունահեղության դադարեցման և մարդկանց կյանքը պաշտպանելու համար: Վլադիմիր Վլադիմիրիի հետ այսօր ևս սերտորեն աշխատում ենք այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են՝ անհետ կորածների որոնումը, ռազմագերիների, պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում