Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով, գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Զեկույցը վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:
Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում՝ հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- գրել է Արման Թաթոյանը։
***
Դեկտեմբերի 2-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ գրասենյակն անընդհատ թարմացնում է գերիների վերաբերյալ ցանկերը․ աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն առանձնացվել է գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել:
Նույն օրը հրապարակվել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը՝ փաստելով, որ հայ ռազմագերիները ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացման։