ԱՄՆ-ի հայտարարությունները Թուրքիային դուր չեն գալիս, բայց պատրաստ է «բոլոր թեմաներով» խոսել Բայդենի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան մեկնելուց առաջ ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին։ Բաքվում Էրդողանը մասնակցելու է ռազմական շքերթին, որը կայանալու է դեկտեմբերի 10-ին։
Էրդողանը ներկայացնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բնույթը՝ նշել է, որ երկու երկրները ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամներն են, մասնավորապես, Թուրքիան երկրորդն է ԱՄՆ-ից հետո:
«ԱՄՆ-ի հայտարարությունները թուրքական սպառազինությունների վերաբերյալ մեզ դուր չեն գալիս, սակայն դիվանագիտության մեջ հաջողության են հասնում բանակցությունների միջոցով, ուստի պատրաստվում ենք բոլոր թեմաների շուրջ խոսել ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի հետ»,- նշել է Թուրքիայի ղեկավարը՝ հավելելով, որ նա Բայդենին քաջածանոթ է դեռ Բարաք Օբամայի նախագահության շրջանից։
Ինչպես հայտնում են ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները, շքերթին ընդառաջ Բաքվի փողոցները զարդարված են երկու երկրների դրոշներով։
***
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ: Նախագիծը կուսումնասիրի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը։ Հաստատվելու դեպքում այն կներկայացվի նախագահի ստորագրությանը։ S-400-ների վերաբերյալ պայմանագիրը Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են 2017թ․։ Առաջին խմբաքանակը Թուրքիային մատակարարվել է 2017թ․ հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
Civilnet










