Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ ընդդիմությանը Հայաստանում չի հաջողվում ստանալ հանրային աջակցություն վարչապետին հեռացնելու համար

Ինչո՞ւ ընդդիմությանը Հայաստանում չի հաջողվում ստանալ հանրային աջակցություն վարչապետին հեռացնելու համար

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղում 44 օր տևած պատերազմին։ Այս հայտարարության ստորագրումից ժամեր առաջ Հայաստանի ընդդմադիր 17 ուժեր, այդ թվում՝ խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը» և նախկինում իշխանություն ունեցած և դրա մաս կազմող Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Առ այսօր այդ ուժերը բողոքի ակցիաներ են իրականացնում հիմնականում Երևանում։ Ցույցերը, սակայն, սակավամարդ են։ Անգամ հարթակներից ելույթ ունեցողները զարմանում են, թե ինչու են մարդիկ պասիվ՝ երկրի համար նման կենսական նշանակության հարցում։ Որոշները հանրությանը մեղադրում են պահի լրջությունը չգիտակցելու և պասիվությամբ վարչապետին աջակցելու համար։

Փաստը, որ ընդդիմության ցույցերը չեն գրավում լայն զանգվածներ, կարող է բացատրվել մի քանի հանգամանքներով․

1․ Շատերը չեն ցանկանում կանգնել փողոցային պայքարի դուրս եկած ուժերի կողքին, չեն վստահում այդ անձանց և նրանց ելույթներում չեն տեսնում բուն խնդիրը լուծող տարբերակներ, բայցև կողմ են վարչապետի հրաժարականին։ 

2․ Հետպատերազմյան շրջանում քաղաքացիները հոգեպես ընկճված են, հյուծված և քաղաքականապես պասիվ։

3․ Շատերը դեռևս սգում են պատերազմի ընթացքում զոհվածների մահը։ Հայաստանի բազմաթիվ փողոցներում առ այսօր կախված են սև ժապավեններ՝ զոհվածների անվամբ ու տարիքով։

4․ Քիչ չեն այն զինվորականները, կամավորականներն ու պահեստազորայինները, որոնք համամիտ են իշխանության առաջ քաշած այն թեզի հետ, որ պատերազմի ընթացքում Ղարաբաղի խոշորագույն քաղաքներից Շուշին գրավելուց հետո հակառակորդը կմտներ մայրաքաղաք Ստեփանակերտ ու թիկունքից կհարվածեր այն բոլոր ուղղություններով, որտեղ հայկական ուժերը չեն նահանջել։ Հետևաբար, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ որքան էլ ծանր է ու աղետաբեր, բայց է՛լ ավելի մեծ արհավիրք է կանխել։

Այս կետերից կենտրոնանանք առաջինի վրա։ Ներկայում փողոցային պայքարի մեթոդներով վարչապետի հրաժարականն են պահանջում 16 կուսակցություններ (մեկ քաղաքական ուժ լքել է նրանց շարքերը)։ Նրանք իրականացնում են հանրահավաքներ ու փակում փողոցները, ընդ որում՝ նույնաձև մեթոդներով, ինչ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս թիմն էր կիրառում 2018-ի իշխանափոխության ժամանակ։ 

Այս քաղաքական ուժերից առանցքային դեր ունեն չորսը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայաստանի հանրապետական կուսակցությունները։ Վերջինիս և նախկին նախագահ, այնուհետև վարչապետ դարձած Սերժ Սարգսյանին մերժելու պահանջով էլ տեղ ունեցան 2018-ի հայտնի իրադարձությունները։ Այնպես որ, հիշողությունը դեռ թարմ է և այս կուսակցության հանդեպ հակակրանքը հանրության շրջանում դեռ պահպանվում է։ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն 2018-ից հետո մի քանի ամիս համագործակցել են Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, անգամ կառավարական պորտֆելներ ունեցել, իսկ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին հանրությունը ճանաչեց Փաշինյանի կառավարության ժամանակ․ նա Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն է։

Դեկտեմբերի 9-ին 16 կուսակցությունները իրականացրին հերթական բողոքի ցույցը, ելույթները նույնաձև էին, պահանջը մեկը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի։ Այս ելույթներում, սակայն, չեն հնչել կառուցողական ու ապագային միտված տեսակետներ, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ ռազմագերիների փոխանակման, անհետ կորածների վերադարձի, ինչպես նաև Արցախի կարգավիճակի և բանակի հզորացման վերաբերյալ։ Մյուս կողմից, իրենք՝ ընդդիմադիրներն էլ խոստովանում են, որ եռակողմ հայտարարությունը փոխելու միակ տարբերակը պատերազմն է։ Այս ուժերը առաջարկում են Փաշինյանի հրաժարականից հետո ստեղծել ժամանակավոր կառավարություն՝ իրենց թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարմամբ, այնուհետև իրականացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ 

Թերևս, ամենակարևոր պատճառներից մեկն էլ, որ հանրությունը չի միանում ընդդիմադիրներին, այն է, որ նրանց ելույթներից ու գործողություններից տպավորություն է ստեղծվում, թե վերջնանպատակը ոչ թե արցախյան պատերազմի հետևանքների վերացումն է, այլ վարչապետի հրաժարականը և ժամանակավոր կառավարության միջոցով իշխանություն վերցնելը։ Ընդդիմությունը պետք է հստակեցնի՝ որն է միջոցը և որը՝ նպատակը։ 

Չի բացառվում, որ հանրային ընդվզումը վարչապետի հրաժարականին հասնելու միակ ճանապարհը չէ ընդդիմության համար և քաղաքական քննարկումների, ինչպես նաև պետական ապարատում իրենց նախկին գործընկերների, կապերի միջոցով փորձում են ստիպել Փաշինյանին լքել պաշտոնը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում