Գլխավոր Լրահոս

Տապանաքար՝ տան մեջ․ մեր իրականությունը

Տապանաքար՝ տան մեջ․ մեր իրականությունը

Ի՞նչ իրականությունում ենք մենք ապրում։ Ես դադարել եմ հասկանալ այս երկրի մարդկանց, այս երկրի քաղաքականությունը, չեմ հասկանում խորտակվող նավի ուղևորներիս։ Այս իրականությունը բոլորիս անբաժանելի մասնկին է, մեր առանցքն է, մեր սև խոռոչը, որ կամաց-կամաց քաշում է դեպի անտեսանելիություն։ 

Պատկերացրեք՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան, մեկհարկանի հնաոճ վերանորոգմամբ տուն՝ սպիտակ պատերով, մուգ կարմիր հատակով, փայտե պատուհաններով։ Դռան դիմաց՝ անկողնում, հաշմանդամություն ձեռք բերած տղամարդ է պառկած՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, որդու մահվանից հետո կաթված ստացած։ Նրանից մի փոքր հեռու․․․ տապանաքար։ Գրողը տանի։ Տան մեջ՝ տապանաքար։

Արցախից են բերել, երեք տուն է ընտանիքը փոխել, չի կարողանում իր տեղը գտնել այս հողի վրա, տապանաքարն էլ հետները իր տեղը չի գտնում այս հողին․ գերեզմանը թողել է հեռու հեռվում, թվում է, թե միշտ անհասանելի մի վայրում՝ Ստեփանակերտում։ Լռություն, որը խախտում է աղմուկը՝ ականջներս սղոցող այդ աղմուկը․

- Կառավարության գլուխ,- բղավում է պատգամավորը։

- Քաղաքական ուժի գլխի տղան,- բղավում է վարչապետը։

Նորից լռություն։ Ու նորից սպիտակ պատերով և մուգ կարմիր հատակով տունը։ Այստեղ է ապրում Սահակյանների ընտանիքը, որի բոլոր տղամարդիկ իրենց մեջ են կրում պատերազմը, մի մասին պատերազմը տարել է իր հետ։ 

Ավագ Սահակյանն առաջին պատերազմի ժամանակ է հաշմանդամություն ձեռք բերել, կաթված է ստացել որդու՝ Սասունի մահվանից հետո։ Սասունը զոհվել է Շուշիում, եղբայրը՝ Գրիգորին, 24 տարվա զինծառայող է եղել, մահացել է Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի ժամանակ։ Տիկին Անժելան՝ մայրը, ցույց է տալիս որդիների մեդալները, Սասունի մարտական խաչը, Գրիգորիի թութունի ամանը։ Նրա հինգ երեխաներից չորսը՝ երկու որդիներն ու երկու դուստրերը, բանակում են ծառայել։ 

Ամեն անկյունում արհավիրք, ամեն անկյունում պատերազմի շունչ։ 

Գրիգորին հինգ երեխա ունի։ Կինը պատմում է, որ պայթյունի մասին իմանալուց հետո տեղը չի գտել, թեև սկեսուրը հրահանգել էր մնալ տանը, որդու՝ անչափահաս Նարեկի հետ գնացել էր հիվանդանոցից հիվանդանոց։ Այրված մարդկանց, բղավոցների, խառնաշփոթի մեջ երեխան մոր հետ հորն է փնտրել․․․ Լացը խեղդում է կնոջը։ Լռում է։ Հետո նորից այդ նույն աղմուկը՝ ականջներս սղոցող աղմուկը։

- Գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասի՝ քեզ պատշաճ պահի, հակառակ դեպքում՝ գիտեք, թե ինչ է լինելու,- վարչապետն է խոսում։

Այս ի՞նչ իրականությունում ենք մենք ապրում, մեկը հասկանո՞ւմ է, որ սև խոռոչը մեզ քաշում է ներս։ Դուրս գալ է պետք։ 

Լուսանկարները՝ հեղինակի

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում