Գլխավոր Լրահոս

ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ի ուղերձում խոսել է Արցախում ադրբեջանական ուժերի հետ տեղի ունեցած բախումների, Սյունիքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մասին։

Ինչ է տեղի ունեցել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում

«Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր, և նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը:

Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել: Գործողությունների հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ վիրավորվել են: Տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: Ինչո՞ւ են ճշտվում՝ որովհետև տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, և միջոցներ են ձեռնարկվում՝ այնտեղ հասանելիություն ապահովելու համար:

Երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում արդեն ասացի, թե առանձին քննարկման առարկա է, թե ինչու խաղաղապահները մինչև շաբաթ օրը չէին տեղակայվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, բայց փաստն այն է, որ շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաև Խծաբերդ-Թաղավարդ գյուղերի այդ շրջակա և հարող տարածքը: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ ամսի 9-ի դրությամբ այդ տարածքը եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո:
Իհարկե, Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ որ՝ Արցախի Պաշտպանության բանակը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները: Նկատի ունեմ՝ հայկական կողմը չպիտի անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը:

Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մասին

Հաջորդ հարցը, որը հրատապ լուծում է պահանջում, Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտումն է: Այս թեմային անդրադարձել եմ Անվտանգության խորհրդի նիստում երեկ ունեցած ելույթում և ուզում եմ կրկին պարզաբանել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի: Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել:

Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով: Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, այդ հոսքերի բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:

Ուղերձն ամբողջությամբ՝ վարչապետի կայքում

Լուսանկարում՝ Սյունիքի մարզը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում