Գլխավոր Լրահոս

Արա Այվազյանը միջնորդների հետ հանդիպմանը ընդգծել է Արցախի տարածքների դեօկուպացիան և կարգավիճակի հաստատումը

Արա Այվազյանը միջնորդների հետ հանդիպմանը ընդգծել է Արցախի տարածքների դեօկուպացիան և կարգավիճակի հաստատումը
Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ «Հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում: Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը: Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում  շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` նախարարը շեշտեց, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։ Ինչպես հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ չեղարկվել է։ Նա հաստատել է, որ Արայիկ Հարությունյանը Երևանում է։ «Հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,– ասել է Վահրամ Պողոսյանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում