Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի նախագահը Հայաստանի բնակչության մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Թաթոյան

Ադրբեջանի նախագահը Հայաստանի բնակչության մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Թաթոյան

Ադրբեջանի նախագահը [և իշխանության մյուս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ խոսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է: Այն կրում է ինստիտուցիոնալ բնույթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը:

Միշտ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի համեմատությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ՝ օրինակ 2020թ. դեկտեմբերի 10-ի ելույթներով դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելը:

Սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործում են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ (օրինակ՝ «ադրբեջանական զինվորները քշում են նրանց ինչպես շներին», «Հայաստանն արժեք չունեցող երկիր է...այն ադրբեջանական հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին» և այլն):

Այսինքն՝ ակնհայտ է, թե որոնք են պատերազմական այդ հանցագործությունների իրական պատճառները:
Ավելին, ադրբեջանական զինվորականները հպարտանում են վայրագություններով՝ ակնհայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսվելու են ու արժանանալու են գովասանքի»,- հայտարարել է Արման Թաթոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում