Գլխավոր Լրահոս

Մինսկի խմբի համանախագահները «երկարատև և բովանդակային» քննարկումներ են ունեցել Այվազյանի և Բայրամովի հետ

Մինսկի խմբի համանախագահները «երկարատև և բովանդակային» քննարկումներ են ունեցել Այվազյանի և Բայրամովի հետ

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունների և վերջինիս շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցերի հասցեագրման շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը նշեց, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում: 

Այս համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին հումանիտար հարցերի հասցեագրման շուրջ, որոնք ամրագրված են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրության՝ համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները ունեցել են մտքերի երկարատև և բովանդակային փոխանակում՝ տարածաշրջանում կայունության առաջմղման, միջնորդական գործընթացի իրագործումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերը»,- ասված է միջնորդների հաղորդագրությունում։

Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովը համանախագահների հետ տեսակապի միջոցով բանակցությունների ընթացքում քննարկել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման հետ կապված հարցեր։

Այսօր՝ փետրվարի 17-ին, Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան։

Լուսանկարը՝ Մինսկի խմբի համանախագահների երևանյան հանդիպումից

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում