Գլխավոր Լրահոս

Եթե ավարտին հասցնեինք բոլոր ինժեներական կառույցները, ուրիշ պատկեր կունենայինք պատերազմում. Արցախի իշխող խմբակցություն

Եթե ավարտին հասցնեինք բոլոր ինժեներական կառույցները, ուրիշ պատկեր կունենայինք պատերազմում. Արցախի իշխող խմբակցություն

Հայկ Ղազարյան

ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ՝ պարտության մեղավորների, «փակ օդի», հետպատերազմյան փուլի, սոցիալական ծրագրերի, ՀՀ-ում սպասվող ընտրությունների և անվտանգային համակարգի կառուցման մասին: 

- Պարոն Հարությունյան,  պարտված Արցախը այս ծանր կացությունից հանելու ի՞նչ ռազմավարություն ունեք։ Ի՞նչ քայլեր պետք է անել:

- Մենք ունենք մի քանի ուղղությամբ կատարվելիք աշխատանքներ: Դրանք են՝ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի ժողովրդի ինքնորոշումը, այսինքն՝ անկախության ճանաչումը: Դրան զուգահեռ պետք է իրականացվեն մեր անվտանգության երաշխավոր՝ պաշտպանության բանակի բարեփոխումները, որոնց մասին հայտարարվել է նաև նախագահական ընտրությունների ժամանակ մեր նախընտրական ծրագրերում՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ: 

- Տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ունեք ԼՂԻՄ-ի՞ տարածքը:

- Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մենք ունենք Սահմանադրություն և վարչատարածքային բաժանման մասին օրենք, որտեղ նշված է Արցախի Հանրապետության տարածքը: Խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ դեօկուպացիային:   

- Այդ ամենը հասկանալի է: Ի՞նչ եղանակներով և քայլերով ենք դրան հասնելու:

- Շուտափույթ կերպով պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Ակտիվ մասնակցություն պետք է ունենա Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտող կողմերից մեկը: Իմ պատկերացմամբ՝ բանակցային գործընթացի վերականգնումը կամ ավելի ինտենսիվ աշխատելը այդ ուղղությամբ կբերի արդյունքների՝ և՛ տարածքային ամբողջականության վերականգնման առումով, և՛ Արցախի Հանրապետությունը որպես անկախ ճանաչելու առումով: 

- Բայց մենք այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ պիտի կատարենք, որ հասնենք դրան, որպեսզի մեր պահանջները կարողանանք ներկայացնել:

- Պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ձևաչափով սկսվի բանակցային գործընթացը: Մեր բոլոր ջանքերը հիմա պետք է ուղղված լինեն այդ ձևաչափը վերականգնելու և այդ շրջանակում իմ նշած խնդիրները քննարկելու՝ վերջնական կարգավորման հասնելու համար: 

- Դուք նաև անվտանգության մասին եք ասել: Երկրի նախագահն էլ է հաճախ խոսում պրոֆեսիոնալ բանակի մասին: Դա ի՞նչ է իրենից ներկայացնում: 

- Ընդհանրապես, աշխարհի շատ երկրներում այդ փորձը կա՝ խառը համակարգ՝ և՛ պայմանագրային, և՛ ժամկետային զինծառայողներով համալրված բանակ: Բոլորս էլ գիտենք հետպատերազմյան փուլում բանակի համալրման հետ կապված որոշ խնդիրների մասին: Պետք է բոլոր պայմանները ստեղծենք՝ պայմանագրային զինծառայողներով Պաշտպանության բանակը համալրելու համար: Բանակը պետք է համալրված լինի մեր տարեկան զորակոչի քանակով, իսկ մնացածը պետք է համալրվի պայմանագրային զինծառայողներով, որի համար մեծ ռեսուրս է պետք, հասկանում ենք: Այդ ուղղությամբ պետք է գնանք, ամեն դեպքում, կան այդ նախադրյալները, այս տարի մենք օրենքի փոփոխություն ենք կատարել, որտեղ բարձրացրել ենք պայմանագրային զինծառայության անցնելու տարիքային շեմը: Այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ բանակը պայմանագրային զինծառայողներով համալրելու համար: 

- Ենթադրենք՝ 4,5 տարուց այնպես է ստացվում, որ խաղաղապահ ուժերը դուրս են գալիս: Մենք պատրա՞ստ ենք լինելու 4,5 տարուց մեր անվտանգության հարցերը ինքնուրույն լուծելու: 

- Իմ նշած քայլերը եթե հետևողականորեն իրականացնենք՝ և՛ բանակցային գործընթացը, և՛ անվտանգային համակարգի կատարելագործումը, կարծում եմ, կարողանալու ենք անհրաժեշտության դեպքում լուծել անվտանգային հարցերը: 

- Ներկայում ՀՀ ներկայիս իշխանություններին շատ են մեղադրում այս պարտության մեջ: Արցախի իշխանությունները մեղքի ի՞նչ չափաբաժին ունեն:

- Իմ խորին համոզմամբ՝ մենք չպիտի ամեն ինչը դիտարկենք «մեկ մեղավորի» համատեքստում: Պետք է հասկանանք, որ 1994 թվականից սկսած՝ անհրաժեշտ էր լավ պատրաստվել, հզոր բանակ կառուցել: Այդ տարիների ընթացքում ինչքան չկատարած աշխատանք ենք ունեցել, այս ամենի հետևանքն է: Պարտությունն անձնավորելը այդքան էլ օբյեկտիվ չէ․ բոլորիս մեղքի բաժինն էլ կա այս պարտության մեջ: 

- Ձեր չափաբաժինը ո՞րն է:

- Մենք չորս ամիս է, ինչ ստանձնել էինք երկրի իշխանությունը:

- Բայց մինչ այդ էլ «Ազատ Հայրենիքը» ամենամեծ խմբակցությունն էր:

- Իհարկե, դրա համար ասում եմ՝ երբ «Ազատ Հայրենիքը» ամբողջությամբ ստանձնել է երկրի կառավարումը՝ չորս ամիս է տևել: Բոլորս էլ ականատես ենք եղել, որ հանրապետության նախագահը նախաձեռնել էր առաջնագծում ինժեներական լուրջ կառույցների շինարարությունը: Համոզված եմ՝ եթե ավարտին հասցնեինք բոլոր ինժեներական կառույցները, ուրիշ պատկեր կունենայինք այս պատերազմում: Ցավոք սրտի, ժամանակը շատ քիչ էր, չորս ամսում չէինք էլ կարող ֆիզիկապես որևէ ձև այդ աշխատանքները ավարտին հասցնել: Բոլորս էլ մեղքի բաժին ունենք, և ոչ մեկն էլ չի խուսափում պատասխանատվությունից: Այսօր ես ավելի կարևոր եմ գտնում, որ բոլորս լծվենք մեր հայրենիքը այս ծանր վիճակից դուրս բերելու գործին:    

- Արցախի օդը փա՞կ էր:

- Չեմ կարծում, որ կարող ենք այդ հարցին միանշանակ պատասխանել, քանի որ «օդ փակելու» հասկացությունը հարաբերական է: Եթե Արցախի Հանրապետության օդային տարածքը հատում է 3-5 պայմանական թռչող սարք, այդ դեպքում կարող ենք ասել, որ օդը փակ է: Բոլորս ականատես ենք եղել, թե սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան օդում ինչ էր կատարվում: Պաշտպանության բանակը ուներ հակաօդային պաշտպանության համապատասխան սպառազինությունը, կարծում եմ՝ ուներ: Բայց արդյոք այդ ինտեսիվ հարձակմանը կարո՞ղ էինք դիմադրել: Այստեղ է խնդիրը: 

Օրեր առաջ նույն Իսրայելում աշխարհի ամենահզոր «Երկաթե գմբեթ» համակարգերից մեկը երկու հազար հրթիռից ընդամենը մոտ հազարն է որսացել:

- Լծվելու մասին եք ասում: Դա՞ ինչպես է արվելու, հատկապես, երբ հասարակության մեջ որոշակի բևեռացում է զգացվում, իրար չեն հասկանում խմբակցությունները, քաղաքացիները և այլն:

- Հենց խոսքս դրան էր վերաբերում: Այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ պիտի ունենանք մեկ խնդիր: Նեղ անձնային շահեր ասեմ, կամ ինչ-որ այլ դրդապատճառներից ելնելով…  չեմ կարող ասել, թե ինչու է այդպես: Ամեն դեպքում, պատերազմից հետո պետք է համախմբվեինք ու լծվեինք մի գործի:

- Դա հիմա տեղի՞ է ունենում: 

- Չեմ կարծում, թե տեղի է ունեցել: Չեմ էլ ասի, թե խորը ճգնաժամ ու պառակտում կա հասարակության մեջ: Ես, համենայնդեպս, այդպիսի գնահատական չէի տա: Բայց այն, որ կան ներքաղաքական, այդ կարգի հարցեր… Այդ հարցերը չեմ կարծում, թե մեր երկրին օգուտ կբերեն: Բոլորս պետք է համախմբվենք՝ ընդդիմություն, իշխանություն: Այդ հարցերի փոխարեն, պետք է քննարկենք մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու հարցերը՝ սկսած անվտանգության, վերջացրած սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային հարցերով: Ե՛վ քաղաքական ուժերը, և՛ ամբողջ ազգաբնակչությունը պետք է մի ուղղությամբ մտածեն՝ այս վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար: 

- Ի՞նչ պետք է ասել հասարակությանը, մնացած քաղաքական ուժերին: 

- Այդ ուղղությամբ աշխատանքներ տարել ենք ժամանակին: Հիմա էլ ենք տանում: Անկախ նրանից՝ քաղաքական ուժերը կհասկանան դա, թե չէ, կմիավորվենք, թե չէ, կա իշխանություն, որը պատասխանատու է երկրի կայացման համար: Այդ ուղղությամբ մենք աշխատանքներ տանում ենք: Մենք տեսել ենք քայլեր ենթակառուցվածքների վերականգնման առումով՝ ինչ վիճակում էին պատերազմից հետո և հիմա: Սոցիալական ու տնտեսական ծրագրերն են, որոնք իրականացվում են: Այդ ամենն ուղղված է պատերազմի հետևանքները մեղմելուն։

- Երկրի նախագահը իր ելույթներում ասում է, որ մենք չենք կանգնել բանակի, 18 տարեկան զինվորի կողքին, դասալքությունը շատ մեծ տեղ է զբաղեցրել: Ինչո՞ւ է, առհասարակ, նման բան տեղի ունեցել:

- Չեմ ուզում գնահատականներ տալ այդ երևույթին, քանի որ դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք իրավական գնահատականները կտան: Բայց մենք ականատես ենք եղել բավականին մեծ թվով բացասական երևույթների:

- Ինչո՞ւ առաջին պատերազմին դա չի եղել, իսկ եթե եղել է, ապա չեզոքացվել է: Իսկ այս անգամ չի ստացվել: Ո՞րն է խնդիրը․ նույն ժողովուրդն է, նույն ազգը:

- Չեմ ուզում այդ մասով գնահատականներ տալ: Այդ դասալքություններին և մնացած հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում, կարծում եմ, մեր իրավապահ մարմինները գնահատական կտան:  

- Այս հարցը շատ է քննարկվում, ինչո՞ւ էր պատերազմի ժամանակ Ստեփանակերտում տարհանում կազմակերպվել:

- Ստեփանակերտի տարհանումը կազմակերպվել է բնակչությանը հավանական վտանգներից ապահովագրելու համար: Եվ կարծում եմ, որ ճիշտ էր: Խոսքը խաղաղ բնակչության մասին է, նկատի ունեմ՝ ծերերին, կանանց ու երեխաներին:

- Բայց տարհանվողների մեջ, ասում են, մեծ թվով զինապարտներ են եղել: 

- Իհարկե, միանշանակ: Դրա համար ասում եմ, որ այդ իրավական գնահատականները պետք է տան… Տարհանումը հայտարարվել և կազմակերպվել է ոչ զինապարտ քաղաքացիների համար, այլ այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն պաշտպանությանը մասնակցել: 

- Ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանում սպասվող՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից: 

- Ամենաճիշտ գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Բազմիցս հայտարարել ենք, որ մենք Հայաստանի ներքաղաքական հարցերում որևէ մասնակցություն կամ որևէ միջամտություն չենք ունենալու: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը լինելու է ընդունելի բոլորիս համար:

- Հայաստանում ուժերի ո՞ր դասավորվածությունը բարենպաստ կամ անբարենպաստ կլինի Արցախի համար:

- Ես դրա համար ասացի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը ընտրությունների արդյունքով Արցախի համար չի կարող բարենպաստ լինել կամ անբարենպաստ: Եվ կարծրատիպը, որ ստեղծվել  է հիմա, որոշ քաղաքական ուժեր շահարկում են, խոսում են Հայաստանում իշխանություն փոխվելուց հետո ինչ-որ գործընթացների մասին և այլն: Մեզ համար մեկի կամ մյուսի ընտրվելը չի կարող բարենպաստ կամ անբարենպաստ լինել: Կարևորը Հայաստանում այս ներքաղաքաքական թոհուբոհը վերանա և անցնեն բնականոն կառավարման: 

- Սոցիալական ծրագրերն են քննադատվում: Ի՞նչ եք կարծում՝ սոցիալական ծրագրերով մենք կարողանալո՞ւ ենք մեր առջև ծառացած խնդիրները լուծել, նկատի ունեմ «68 հազարները» և այլ ծրագրեր: 

- «68 հազարները» ի սկզբանե հետպատերազմյան սոցիալական կարճաժամկետ խնդիրները մեղմելու համար են: Այն բոլոր ծրագրերը, որոնք այս պահին իրականացվում են, խոսքս կրած վնասների փոխհատուցման, վարկային պարտավորությունների առումով աջակցություն ցուցաբերելու և այլնի մասին է: Բոլոր ծրագրերի մեջ կա նաև տնտեսական բաղադրիչը: 

Մենք ասում ենք, որ վնասը փոխհատուցվում է, բայց եթե ներդրում ես անում, ամբողջությամբ այդ գումարը քեզ են տալիս: Եթե չէ՝ մի մասը վճարվում է, մյուս մասը՝ բանկում մուրհակների տեսքով է տրամադրվում: Այսինքն՝ անմիջապես այդ գումարը չի ստանում: 

Միայն սոցիալական ծրագրեր իրականացնելով մենք չենք կարողանալու հետագայում մեր երկրում ապահովել տնտեսական աճ: Այսինքն՝ այդ ամենն իրականացվում է զուգահեռ: Մենք հիմա բավականին մեծ միջոցներ ենք ծախսում ենթակառուցվածքների, բնակարանաշինության ծրագրերի համար, իր մուլտիպլիկատիվ էֆեկտներով ինտեգրված է տնտեսության մեջ: Սկսած՝ նույն շինանյութերի ու վառելիքի ձեռք բերումից, աշխատավարձի տրամադրումից և այլն: Այսինքն՝ սոցիալական ծրագրերը ընդամենը ժամանակավոր գործիքակազմ են՝ մեղմելու ամենահրատապ խնդիրները: Զուգահեռ սոցիալական ծրագրերին իրականացվում են ներդրումային ծրագրերը. գյուղատնտեսության ոլորտում այս պահին ունենք լավ ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների, անասնապահության զարգացման, այգիների մասով: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում