Գլխավոր Լրահոս

Ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը սահմանային բախումներով

Ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը սահմանային բախումներով

Հուլիսի 28-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմը ունի երեք զոհ և չորս վիրավոր: Այս սրացումը Ադրբեջանի՝ մայիսի սկզբից նախաձեռնած ռազմական դիվանագիտության մասն ու շարունակությունն է, որի նպատակն է Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրել  և նպաստել Բաքվի առավելապաշտական օրակարգի հաջողությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լավ հասկանում է միջազգային հարաբերությունների համակարգում տեղի ունեցող փոփոխությունների միտումները: Այդ միտումները հետևյալն են.   միաբևեռությունից անցում դեպի բազմաբևեռություն, լիբերալ աշխարհակարգի ու միջազգային նորմերի նշանակության թուլացում, տարածաշրջանային ուժային կենտրոնների ազդեցության մեծացում: Ալիևի մինչպատերազմյան հայտարարությունները և հետպատերազմյան պահվածքը այդ փոփոխությունների տրամաբանության մեջ են: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ինքնին անհնար կլիներ առանց վերոնշյալ միտումների գոյության: Ներկա փուլում Բաքուն օգտագործում է համաշխարհային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները և Հայաստանի հետպատերազմյան թուլությունը, որպեսզի լուծի մի շարք ռազմավարական նշանակության խնդիրներ:

Այդ խնդիրներից գլխավորը Ղարաբաղյան թատերաբեմում Հայաստանին այնպիսի զիջումների պարտադրումն է, որոնք վերջնականորեն կփակեն խնդիրը և հայկական կողմերին հնարավորություն չեն թողնի ապագայում հասնել իրենց համար նպաստավոր լուծումների: Ադրբեջանը, մասնավորապես, ցանկանում է, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի, որով կհրաժարվի Արցախի հարցում բոլոր պահանջներից:

Բաքվի մեկ այլ կարևոր նպատակը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, ինչը ուղիղ ցամաքային կապի հնարավորություն կստեղծի «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի միջև: Ադրբեջանի կողմից առաջ քաշվող երրորդ օրակարգային հարցը, որը ամենայն հավանականությամբ առկա է նաև խաղաղության պայմանագրի վերոնշյալ օրակարգում, հայ-ադբեջանական սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան է:

Այս երեք կետերից երկուսի դեպքում Ադրբեջանը դժվար թե կարողանա հասնել որևէ առաջընթացի, նույնիսկ եթե շարունակի օգտագործել սահմանային սադրանքների մարտավարությունը: Խոսքը այսպես կոչված խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» հարցերի մասին է: Երկու դեպքում էլ Հայաստանը նահանջելու տեղ չունի, քանի որ ադրբեջանական այդ օրակարգերի իրականացման դեպքում տեղի կունենա Արցախի հայաթափում, և լրջորեն կվտանգվի արդեն բուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և մասնավորապես Սյունիքը: Այս հարցերի շուրջ որոշակի փոխըմբռնում կա նաև Երևանի ու Մոսկվայի միջև:

Ավելի բարդ իրավիճակ է երրորդ կետի պարագայում` դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում, քանի որ այս գործընթացի ակտիվ ջատագով է նաև Ռուսաստանը: Մոսկվան արդեն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հանգուցալուծումը տեսնում է հենց այդ գործընթացի միջոցով:

Հետպատերազմյան փուլում Ռուսաստանի առաջնային նպատակը Ադրբեջանի ինտեգրումն է Եվրասիական տնտեսական միությանը: Սահմանագծման և սահմանազատման գործընթացը Մոսկվային հետաքրքրում է հենց այդ համատեքստում:

Այնուամենայնիվ, ստեղծված պայմաններում նույնիսկ դելիմիտացիայի և դեմարկացայի գործընթացի մեջ ներգրավվելը հսկայական ռիսկեր է պարունակում Հայաստանի համար: Միայն այն հանգամանքը, որ այդ գործընթացը հայկական կողմին փաստացիորեն ուժով է պարտադրվում, բավական է, որ Երևանը բոլոր հնարավոր միջոցներով դիմամադրի դրան:

Հայաստանի իշխող շրջանակների մոտ գոյություն ունի թյուր կարծիք, որ այս գործընթացը կարող է կայունություն հաստատել սահմանին: Այս տեսակի պատկերացումների հիմնական պատճառը Ադրբեջանի իշխանությունների մոտեցումների և շարժառիթների սխալ գնահատումն է: Վերջին շրջանի լարվածության գլխավոր պատճառը ոչ թե դեմարկացված սահմանի բացակայությունն է, այլ Հայաստանի թուլությունը: Այսպիսի իրավիճակում սահմանագծման ու սահմանազատման գործընթացների գնալը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Քանի դեռ Հայաստանի ռազմական կարողությունները լիովին չեն վերականգնվել, և հայկական կողմի գլխավոր ու բացահայտ խնդիրը հակառակորդի հետ լուրջ ռազմական բախումներից խուսափելն է, Ալիևը օգտագործելու է վերջին շրջանում կիրառվող մարտավարությունը: Այդ առումով լուրջ վտանգներ կան, որ Հայաստանից ճնշումների միջոցով զիջումներ կորզելու քաղաքականությունը շարունակվելու է ինչպես դելիմիտացիայի ու դեմարկացիայի հնարավոր գործընթացի ընթացքում, այնպես էլ դրանից հետո:  

Այս փուլում Հայաստանը պետք է մերժի ռազմական ուժի միջոցով պարտադրանքի բոլոր փորձերը: Երկրի իշխանությունների առաջնային խնդիրը պետք է լինի առկա ճնշումներին դիմադրելը ու կենսական հարցերում զիջումներից խուսափելը: Ճնշման տակ որևէ գործընթացի մեջ ներգրավվելը կարող է վատ  նախադեպ դառնալ, որը կվտանգի երկրի ինքնիշխանության վերջին մնացորդները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում