ՄԻՊ-ը դատապարտել է ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել ընդդիմության անհնազանդության ակցիաների և ոստիկանների գործողությունների վերաբերյալ։
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից իրականացրել են արագ արձագանքման այցեր Ոստիկանության 8 բաժիններ բերման ենթարկված առավել քան 151 անձանց։ Իրականացված այցերի արդյունքներով արձանագրվել են Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ։
«Զանգվածային բնույթ են կրում առանց որևէ պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց Ոստիկանության ծառայողների կողմից ներկայանալու, առանց անձանց վերջիններիս նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու արատավոր և անթույլատրելի գործելաոճը։ Արձանագրվել են անգամ դեպքեր, երբ մեկ ժամից ավելի ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիները տեղյակ չեն եղել իրենց բերման ենթարկելու պատճառների և հիմքերի մասին»,- ասված է հայտարարությունում։
Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից՝ անձինք պահվել են Ոստիկանության բաժիններում մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը․ «Վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել, միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցության վարույթային գործողությունների ավարտից հետո, անձը պետք է անմիջապես ազատ արձակվի»։
Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև ԶԼՄ-ների հրապարակումները և արձանագրել է «մի շարք խախտումներ և մտահոգիչ դեպքեր»։ Ըստ օմբուդսմենի՝ Ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործելակերպերում շարունակել է խնդրահարույց մնալ անհամաչափ ուժի գործադրումը։
«Մի շարք լրատվական միջոցներով տարածված տեսանյութի ուսումնասիրությունից երևում է քաղաքացուն բերման ենթարկելիս Ոստիկանության 4-6 ծառայողների կողմից նրա նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, իսկ մեկ ծառայող էլ բերման ենթարկվող անձի գլխի շրջանում մի քանի հարվածներ է հասցնում։ Պաշտպանը խստորեն դատապարտում է Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, Ոստիկանության ծառայողի կարգավիճակից դուրս, օրենքը խախտող նման գործելակերպը»,- նշված է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ը ողջունում է, որ նշված ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է նաև ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելու, ուսադիրներ ու տարբերանշաններ պոկելու ու այլ սադրիչ վարքագիծը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի, ինչը Պաշտպանն անթույլատրելի և դատապարտելի է համարում, հատկապես այն դեպքում, երբ արարքն իրականացվում է ոչ թե շարքային ծառայողի, այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից։ Հանրային վայրում ծառայություն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից պետք է բացառվի բռնության ցանկացած դրսևորում, հատկապես մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում սոցիալական ցաներում և ԶԼՄ-ներով բռնության կոչերի ու անհանդուրժողականության դրսևորումները․ «Պաշտպանի հաստատության կողմից իրականացված մամուլի ուսումնասիրությունները վեր են հանել հանրային տրամադրությունների բևեռացման մի շարք դատապարտելի դեպքեր։ Օրինակ, մայիսի 1-ին՝ հավաքի ընթացքում որոշ ԶԼՄ-ներ ակտիվորեն տարածել են տարբեր պաշտոնյաների լուսանկարների այրման տեսանյութեր, որոնց առնչությամբ չեն գտնվել հավաքի կազմակերպիչների դատապարտող արձագանքները»։
Լուսանկարներ անհնազանդության գործողություններից՝



Civilnet










