Գլխավոր Լրահոս

Զաքիր Հասանովի քողարկված սպառնալիքը և դրա հնարավոր պատճառը

Զաքիր Հասանովի քողարկված սպառնալիքը և դրա հնարավոր պատճառը

Ադրբեջանական լրատվամիջոցները հուլիսի 2-ին հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարության կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել «պատրաստ լինել ցանկացած պահի կանխելու հայկական ռևանշիստական ուժերի հնարավոր սադրանքները»:

Այս լուրը Հայաստանում լուրջ մտահոգությունների պատճառ է դարձել, հատկապես, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած այս խորհրդակցությունից օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ձևավորել: 

Վերոնշյալ հաղորդագրության տարածումից հետո ի սկզբանե պարզ չէր, թե ինչ նկատի ուներ Հասանովը՝ խոսելով հայկական ռևանշիստական ուժերի հնարավոր սադրանքների մասին: Բաքուն հետպատերազմական փուլում ռևանշիստական ուժեր է անվանում Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ու ՀՀ  նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, որոնք, սակայն, որևէ ազդեցություն չունեն պետական կառավարման համակարգում ու զինված ուժերում որոշումներ կայացնելու գործընթացի վրա: 

Այնուամենայնիվ, ադրբեջանական մամուլի ու փորձագիտական շրջանակների վերջին շաբաթվա հրապարակումները հուշում են, թե ինչը կարող էր պատճառ դառնալ Հասանովի կողմից նմանատիպ խորհրդակցության անցկացման ու Հայաստանի նկատմամբ հերթական քողարկված սպառնալիքների հնչեցման համար: 

Հունիսի 28-ին  ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը,  Երևանում զորակոչի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին,  հայտարարել էր, որ որոշում կա Լեռնային Ղարաբաղում միայն պայմանագրային զինծառայության անցնելու մասին:  Սահակյանը հավելել էր նաև, որ հատուկ փաթեթ է մշակվել, որը պայմանագրայինների համար ծառայությունը Պաշտպանության բանակում ավելի գրավիչ է դարձնում: Բարձրաստիճան զինվորականը  շեշտել էր, որ պայմանագրային ծառայության անցնողները հիմնականում Արցախի քաղաքացիներ են լինելու: 

Սահակ Սահակյանի այս մեկնաբանությունը մեծ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում: Այս հայտարարությանը արձանգանքել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան: Նա դատապարտել է Սահակյանի հայտարարությունը և նշել, որ այն ցույց է տալիս, որ խաղաղության մասին հայկական կողմի խոսքերը ոչ այլ ինչ են, քան երկերեսանիություն: 

Աբդուլլաևան նաև մեղադրել է Հայաստանին եռակողմ հայտարարությամբ ստանձնած պայմանավորվածությունները խախտելու մեջ և  եզրահանգել է, որ հայկական կողմի նման վերաբերմունքը բացահայտորեն ցույց է տալիս նրա շահագրգռվածությունը ոչ թե խաղաղությունը վերականգնելու, այլ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու մեջ: 

Ինչպես արդեն նշվեց, Սահակ Սահակյանի այս մեկնաբանությունները վերջին շաբաթվա ընթացքում գտնվել են ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում: Ադրբեջանի իշխանամերձ փորձագիտական շրջանակները դրանք որակել են որպես հայկական ռևանշիզմի հերթական դրսևորում և սպառնալիքներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ, Զաքիր Հասանովի խորհրդակցությունը պաշտպանության նախարարությունում և «հայկական ռևանշիստական ուժերի հնարավոր սադրանքները» կանխելու վերաբերյալ հանձնարարականը ևս արձագանք էր  Սահակյանի հայտարարություններին: Ադրբեջանի իշխանությունները, նմանատիպ հաղորդագրություն տարածելով, ուղերձ են հղում հայկական կողմին, որ հարկ եղած դեպքում կարող են կրկին անցնել ուժային գործիքակազմի կիրառմանը: 

Ինչ վերաբերում է Սահակ Սահակյանի մեկնաբանություններին, ապա դրանք անշուշտ պետք է ավելի ճշգրիտ ձևակերպված լինեին, որպեսզի ադրբեջանական կողմը նենգափոխությամբ զբաղվելու հնարավորություն չունենար: Բաքուն 44-օրյա պատերազմի ավարտից հետո շարունակաբար պնդում է, որ Արցախում դեռևս տեղակայված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և հայտարարում է Պաշտպանության բանակի  զինաթափման անհրաժեշտության մասին: 

Գնդապետ Սահակյանի անհաջող ձևակերպված մեկնաբանությունները պարզապես հերթական առիթն են դարձել Ադրբեջանի իշխանությունների համար այս պատումը ակտիվացնելու ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու համար: Այդ առումով  թե հայաստանյան պաշտոնյաները, թե լրագրողները պետք է զգույշ լինեն նմանատիպ զգայուն թեմաների վերաբերյալ  մտքեր արտահայտելիս: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում