Գլխավոր Լրահոս

Սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կխստացվի

Սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կխստացվի

Սփյուռքահայերի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կարգը կխստացվի։

Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

Նախագծում ասվում է, որ Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակություն հաստատելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, սակայն «Քաղա­քա­ցիու­­թյան մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համար­վում Հայաստանում բնակություն հաստատած:

«Մասնավորապես, ՀՀ քաղաքա­ցիու­թյուն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ Հայաստանում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրա­վունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու հա­մար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հա­յաս­տանում: Սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը, որի խնամակալը ՀՀ քաղաքացի է, կարող է ստա­նալ քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջ­նե­րի պահպանման: ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում օրենքն առա­­վել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ»,- ասված է հիմնավորման մեջ։

Գործող օրենքի նկատակը, ըստ ԱԱԾ-ի՝ հայ­րե­­նադարձությունը խթանելն է, սակայն ծառայության կողմից վերջին տարիներին կատարված ուսումնասիրություն­նե­րի արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար զանգվածը, հատկապես Մերձավոր Արևելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ․ «Իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով և, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն։ Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»։

ԱԱԾ-ն հանգել է այն եզրակացության, որ ազգությամբ հայերի համար սահմանված խրախուսող նորմերը փաստացի ոչ ամբողջապես են ապահովում օրենքում ներդրված նպատակների իրականացումը:

«Ակնհայտ է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լար­վա­ծության և ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակ ռե­սուրս­ներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կեն­սագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժա­նահա­վա­տության անհրաժեշտ խորը և բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ ան­ի­րատեսական է դառնում»,- նշված է հիմնավորման մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում