Շոթա Կինչա, OC Media
Վրաստանում օլիգարխներից ազատվելու նպատակով առաջարկվող օրենքը, որի նպատակն է զսպել Վրաստանի հարուստների քաղաքական ազդեցությունը, բուռն քննադատության է ենթարկվել ընդդիմադիր գործիչների կողմից: Այն կարծես սպառնալիք է դառնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատների համար և չի տարածվում կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրա:
Օրենքի նախագիծը «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել հոկտեմբերի 10-ին։ Այն «օլիգարխ» հասկացությունը սահմանում է հետևյալ գործոնների հիման վրա՝ հարստություն, քաղաքական և լրատվամիջոցների վրա ազդեցություն և մենաշնորհային բիզնեսի շահառու լինելը:
Թեև հակաօլիգարխիկ միջոցները ԵՄ-ի 12 հանձնարարականների թվում էին, որոնք տրվել էին հունիսին՝ Վրաստանի անդամակցության հայտը մերժելուց հետո, տեղական արևմտամետ ընդդիմադիր խմբերն ավելի շատ դեմ են առաջարկվող օրենքին, քան կողմ։

Խորհրդարանական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը», «Լելո»-ն և «Բարեփոխումների խումբը» բոյկոտել են խորհրդարանական աշխատանքային խմբի աշխատանքները, որը հոկտեմբերից մշակում է օրինագիծը։ Նրանք պնդում են, որ նոր օրենքն ուղղված է լինելու ընդդիմությանը սատարող գործարարների դեմ և ոչ Բիձինա Իվանիշվիլիի:
Այդ մեղադրանքին համահունչ՝ «Վրացական երազանքի» առաջնորդները, ներկայացնելով օրինագիծը, չվարանեցին խոստանալ, որ իրենց առաջարկած հակաօլիգարխիկ նոր օրենքը կտարածվի այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար և ընդդիմադիր Formula հեռուստաալիքի սեփականատեր Դավիթ Կեզերաշիվլիի և TBC Bank-ի հասահմանդիր ու «Լելո» կուսակցության ներկայիս նախագահ Մամուկա Խազարաձեի վրա:
Իվանիշվիլին, որը մեծ մասամբ պատասխանատու է 2012 թ․ «Միացյալ ազգային շարժման» գլխավորած կառավարությանն իշխանությունից հեռացնելու համար, պաշտոնապես լքել է քաղաքականությունը 2021 թ․ հունվարին (առաջին անգամ քաղաքականությունից հեռանալուց հետո վերադարձել էր 2018 թ․): Նրա կարողությունը գնահատվում է 4,8 միլիարդ դոլար, ինչը Վրաստանի ՀՆԱ-ի մեկ քառորդից ավելին է:
Չնայած ենթադրվում է, որ Իվանիշվիլին հեռացել է քաղաքականությունից, ընդդիմության և քաղաքացիական հասարակության խմբերը նրան լայնորեն մեղադրում են կառավարության նկատմամբ դե ֆակտո վերահսկողություն պահպանելու մեջ:
2020 թ․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» իրավապաշտպան կազմակերպությունը պնդում էր, որ «Վրացական երազանքը» «բոլոր մակարդակներում գրեթե լիակատար վերահսկողություն ունի իշխանության բոլոր ճյուղերի վրա», և որ Իվանիշվիլին «հաջողությամբ կարողացել է վրացական կարևոր պետական հաստատությունները ծառայեցնել իր մասնավոր բիզնես շահերի ու իր անվտանգության» համար։
Ընդդիմադիր այլ խմբեր, այդ թվում՝ «Գիրչի» նոր քաղաքական կենտրոնը, «Քաղաքացիներ» կուսակցությունը և «Հանուն Վրաստանի» կուսակցությունը ներկայացնող պատգամավորները նույնպես քննադատել են «Վրացական երազանքի» օրինագիծը:
Աչքի ընկավ «Գիրչի» ազատական կուսակցության քննադատությունը, քանի որ նրանք պնդում էին, որ Վրաստանն ընդհանրապես հակաօլիգարխիկ օրենքի կարիք չունի։ Այդուհանդերձ, նրանք ասել են, թե խնդրահարույց է այն, որ Իվանիշվիլին, թեև պաշտոնապես հեռացել է քաղաքականությունից, սակայն ազդեցություն ունի «Վրացական երազանքի» վրա։ Կուսակցությունից նաև առաջարկել են, որ եթե Իվանիշվիլին իր քաղաքական մասնակցությունը պաշտոնական դարձնի, ապա դա կլուծի խնդիրը:
«Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ «օլիգարխիայի դեմ օրենք» կընդունեն մինչև դեկտեմբեր։
Ո՞վ կհամարվի օլիգարխ
Օրենքի նախագծով առաջարկվում է օլիգարխ համարել մարդուն, որը համապատասխանում է այս չորս չափանիշներից առնվազն երեքին՝ «մասնակցում է քաղաքական կյանքին», «էական ազդեցություն» ունի զանգվածային լրատվության միջոցների վրա, մենաշնորհային բիզնեսի վերջնական շահառու սեփականատերն է և նախագիծը գրելու պահին ունի ակտիվներ, որոնք մեկ միլիոն անգամ գերազանցում են երկրի նվազագույն սպառողական զամբյուղի գումարը՝ 247 լարի (88 դոլար):
Թեև նախագծում չի նշվում «մենաշնորհ» եզրույթը, այն օգտագործում է Վրաստանի մրցակցության մասին օրենքի ձևակերպումները, որ սահմանում է, որ շուկայում «գերիշխող դիրք» ունեցող ձեռնարկությունն այն է, որը կարող է «էապես ազդել շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և սահմանափակել մրցակցությունը»:

Եթե այս օրենսդրությունն ընդունվի, ապա Վրաստանում կներդրվի օլիգարխների ռեեստր։
Այն պահից, երբ «օլիգարխի» անունը կավելացվի գրանցամատյանում, նրան կարգելվի ֆինանսապես աջակցել կամ ծառայություն մատուցել քաղաքական որևէ կուսակցության՝ լինի դա ուղղակիորեն, թե միջնորդավորված:
«Օլիգարխին» նաև կարգելվի ընտրությունների ժամանակ նյութապես աջակցել որևէ թեկնածուի և նրա քարոզարշավին, ներառյալ նվիրատվություններ անելը և հանրային ցույցերը ֆինանսավորելը: Այնուամենայնիվ, նրանց կթույլատրվի ինքնուրույն առաջադրվել որևէ պաշտոնում և ֆինանսավորել սեփական քարոզարշավը:
Նախագծով, որն արդեն կոչվում է «Ապաօլիգարխացման մասին» օրենք, նաև առաջարկվում է արգելել «օլիգարխ» դասակարգված անձին լինել պետական ակտիվների «լայնածավալ» սեփականաշնորհման վերջնական շահառու: Օրենքի նախագծի տեքստում չկա «լայնածավալ» եզրույթի սահմանումը։
Օգոստոսի 4-ին աշխատանքային խմբի շրջանակում օրինագիծը ներկայացնելուց հետո, խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին ասել է, որ նախագծի համար օրինակ է ծառայել ուկրաինական համանման օրենքը։
Ուկրաինայի Գերագույն Ռադան անցած տարվա սեպտեմբերին ընդունել է օրենք՝ «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխարգելման մասին՝ կապված հասարակական կյանքում նշանակալի տնտեսական կամ քաղաքական կշիռ ունեցող անձանց (օլիգարխների) ազդեցության հետ»։ Երբ օրենքն ուժի մեջ մտավ այս հունիսին, Ուկրաինան ստեղծեց նաև օլիգարխների ռեեստր։
Ինչպես ուկրաինական օրենսդրությունը, վրացական տարբերակը կգործի տասը տարի և կպահանջի նաև, որ պետական պաշտոնյաները հայտարարեն օլիգարխների հետ ցանկացած ֆինանսական կապի մասին, նույնիսկ եթե օլիգարխն ինքը չհայտարարի նման կապի մասին: Սակայն, ի տարբերություն ուկրաինական օրենսդրության, Վրաստանի դեպքում օլիգարխների ռեեստր գերհարուստներին ընդգրկելն ու հանելը կլինի խորհրդարանի գործը։
Սեպտեմբերին Ուկրաինան և երկրի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն միացան Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին այլոց կոչերին։
«Ապաբիձինայացում»
Նախքան հունիսի 23-ին ԵՄ-ն կմերժեր Վրաստանի թեկնածության դիմումը, Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ-ին և ժողովրդավարական երկրներին դիտարկել անձամբ Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ նրա «կործանարար դերի» համար:
Հունիսի որոշումից հետո Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ նշեցին, որ «ապաօլիգարխացման» հանձնառությունն իրականացնելու հանձնարարականը՝ վերացնելու սեփական շահերի չափազանց մեծ ազդեցությունը տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում», վերաբերում էր հատկապես Իվանիշվիլիին։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն, Եվրախորհրդարանի նիստում ելույթ ունենալով ասոցացման համաձայնագրի իրականացման հարցում Վրաստանի առաջընթացի մասին, ասել է, որ Վրաստանը գտնվում է մեկ անձի իշխանության ներքո։
«Եթե «Վրացական երազանքը» չի հասկանում, թե ինչ է նշանակում «ապաօլիգարխացում», որը նշված է Եվրահանձնաժողովի առաջարկության մեջ, ես կօգնեմ նրանց հասկանալ՝ դա նշանակում է Վրաստանի «ապաբիձինայացում», կամ «ապաիվանիշվիլիացում»»,– ասել է նա։

ԵՄ-ում Վրաստանի նախկին դեսպան Նատալի Սաբանաձեն, որը ներկայումս կապված է ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» խմբավորման հետ, կասկածի տակ է դրել, թե առհասարակ արդյոք լավ գաղափար է ԵՄ առաջարկություններում «ապաօլիգարխացումը» ներառելը։
«Դա չափազանց բաց է մեկնաբանության համար,- սեպտեմբերի 12-ին ասել է նա,- Այն կոչ է անում կառավարությանը սկսել գործընթաց, որն արդյունք չի տա»։
«Նրանք կնստեն այնտեղ և կքննարկեն, թե ով է «օլիգարխը», ինչպես պետք է դա սահմանել … Դա պարզապես ցուցադրական հրավեր է, շոու»,- ասել է Սաբանաձեն։
«Աղմաշենեբելի ռազմավարություն»-ը, որը խորհրդարանական «Բարեփոխումների խումբ» ընդդիմադիր խմբակցության մաս է, հայտարարեց այլընտրանքային օրենսդրական նախաձեռնության մասին, որը կրկնում էր արտախորհրդարանական «Հանուն ժողովրդի» կուսակցության նախագահ Աննա Դոլիձեի նախաձեռնությունը: Երկուսն էլ կենտրոնացել են այն փաստի վրա, որ «օլիգարխի» հետ նախկին կապեր ունեցողները չափազանց շատ են ներկայացված պետական պաշտոններում:
Դոլիձեի առաջարկը, որը խորհրդարան էր ներկայացվել հուլիսին, բայց դրանից հետո հիմնականում անտեսվել էր, մասնավորապես կենտրոնանում է Իվանիշվիլիի և նրա նախկին համախոհների վրա, որոնք ներկայումս քաղաքական պաշտոններ են զբաղեցնում:
Օրենքի նոր նախագիծը կարող է ազդել նաև Վրաստանի մեդիա դաշտի վրա, քանի որ այն ներկայացնում է լրատվամիջոցների սեփականության գաղափարը, որը պահանջում է «անբասիր գործարար համբավ»:
Դա կնշանակի, որ ցանկացած ոք, ով լրատվամիջոց ունի, չի կարող համապատասխանել «օլիգարխի» չորս չափորոշիչներից որևէ մեկին, ինչպես նաև չի կարող ունենալ նախնական դատվածություն կամ դատարանի կողմից չպետք է սահմանափակված լինեն նրա քաղաքացիական իրավունքները, չպետք է պատժամիջոցների ենթարկված լինի օտարերկրյա անձի կողմից, ինչպես նաև չպետք է խուսափած լինի հարկերը վճարելուց, ի թիվս այլ չափորոշիչների:
Նախագծով նախատեսվում է լրատվամիջոցի սեփականատիրոջ «գործարար համբավը» գնահատելու գործառույթը թողնել Հաղորդակցության ազգային հանձնաժողովին:
Ենթադրվում է, որ նախագծի այս դրույթը քննադատության կարժանանա, քանի որ վրացական լրատվամիջոցների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները վերջին տարիներին ահազանգել են, որ Հաղորդակցության ազգային հանձնաժողովը «քաղաքականացված» է, նաև տուգանքներ է կիրառում կառավարությանը քննադատող լրատվամիջոցների նկատմամբ։
Civilnet











