Գլխավոր Լրահոս

Խորվաթիայում ավելի քան 50 չեչեն ներգաղթյալ է ձերբակալվել

Խորվաթիայում ավելի քան 50 չեչեն ներգաղթյալ է ձերբակալվել

Լուիզա Մչեդիշվիլի, OC Media

Ավելի քան 50 չեչեն պահվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի կալանավայրում, որտեղ, ըստ տեղեկությունների, հետաքննվում են ծայրահեղականության համար և ենթարկվում ֆիզիկական և բանավոր բռնության:

Նրանք ձերբակալվել էին նոյեմբերի սկզբին, երբ փորձել էին Ռուսաստանից Բալկաններով արտագաղթել։ Եվրոպայի չեչենների ասամբլեան պնդում է, որ չեչենները ձերբակալվել են ծայրահեղական գործունեության մեջ նրանց մասնակցության կասկածանքով։

Եվրոպայի չեչենների ասամբլեայի մարդու իրավունքների բաժնի ղեկավար Իսա Դադուևի խոսքով՝ նրանց ստիպել են հրաժարվել Խորվաթիայում ապաստան ստանալու իրավունքից և թույլ չեն տվել կապ հաստատել հարազատների կամ փաստաբանների հետ:

«Նրանց վրա ճնշում է գործադրվել, պատահել է, որ ծեծի են ենթարկվել անհնազանդության կամ այլ բանի համար»,- ասել է Դադուևը OC Media-ին։ «Միայն այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը դատախազությունից և իրավապահ մարմիններից այցելեց այս ճամբար և հանդիպեց փախստականների հետ, նրանց նկատմամբ վերաբերմունքը բարելավվեց։ Մենք չգիտենք, թե դա որքան կտևի»։

Դադուևն ընդգծել է, որ չեչեններից ոչ մեկը հետախուզման մեջ չի եղել կամ ծայրահեղական գործունեությամբ չի զբաղվել՝ հավելելով, որ նրանք լքել են Ռուսաստանը՝ մասնակի մոբիլիզացիայից խուսափելու համար։

Նոյեմբերի 10-ին Խորվաթիայում ապաստան հայցողներին աջակցող Խաղաղության ուսումնասիրությունների կենտրոնը OC Media-ին հայտնել է, որ Ներքին գործերի նախարարությունից տեղեկություններ են հայցել ձերբակալված չեչենների մասին, սակայն դեռ որևէ պատասխան չեն ստացել: Կենտրոնը դեպքի մասին լրացուցիչ տեղեկացրել է Խորվաթիայի հանրային պաշտպանին։

«Մենք ոչ պաշտոնապես պարզել ենք, որ ձերբակալված չեչենների խմբից մոտ տասը հոգի ապաստան հայցողներ են և նախկինում տեղավորվել են Զագրեբի «Պորին» կենտրոնում»,- ասել է խոսնակը։

Խորվաթիայի ոստիկանության աշխատակիցների գործողությունները վերահսկող անկախ մեխանիզմը նույնպես նախատեսում է քննարկել հարցը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մեխանիզմի համակարգող կոմիտեի նախագահ Ռոբերտ Մարկտը պարզել է, որ 153 մարդ Ռուսաստանից ներկայում գտնվում է Զագրեբի ընդունելությունների կենտրոնում։

Եվրոպայի չեչենների ասամբլեան պնդում է, որ ներգաղթյալները փորձում էին փախչել Ռուսաստանում ռազմական զորահավաքից։ Զորահավաքը տասնյակ հազարավոր ռուսաստանցիների ստիպել է լքել երկիրը՝ առիթ դառնալով ներգաղթի աննախադեպ ալիքի։

Չնայած Ռուսաստանի կառավարության պնդումներին, որ զորահավաքի ներկա փուլն ավարտված է՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր հանրապետությունը կշարունակի հավաքագրել զինվորական տարիքի իր բնակչությանը:

Ձերբակալված չեչեն ներգաղթյալների ազատ արձակումն արագացնելու նպատակով Ասամբլեան նամակներ և կոչեր է պատրաստել Խորվաթիայի և ամբողջ Եվրոպայում իրավապաշտպան կազմակերպություններին:

«Սրանք ապօրինի ձերբակալություններ են։ Նրանք տեսնում են մորուքավոր տղամարդկանց և հիջաբով կանանց ու սկսում կասկածել նրանց ծայրահեղականության մեջ»,- ասել է Դադուևը ՝ հավելելով, որ շատ փաստաբաններ, որոնց հետ կապվել են, հետ են կանգնել գործից:

«[Խորվաթիայի որոշ փաստաբաններ] համաձայնել էին աշխատել այս գործի վրա, բայց հենց լսել են, որ դա վերաբերում է ծայրահեղական հոդվածի, անմիջապես հրաժարվել են։ Նույնիսկ այս դեպքում նրանք կա՛մ իրենք չեն ուզում, կա՛մ ինչ-որ ատելություն ունեն՝ ոչ միայն ազգային, այլև կրոնական հիմքի վրա»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում