Գլխավոր Լրահոս

Բաքուն բանակցությունները դիտարկում է իր վերջնագրերի կատարման գործընթաց

Բաքուն բանակցությունները դիտարկում է իր վերջնագրերի կատարման գործընթաց

Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում տեղի ունեցած «Միջին միջանցքի երկայնքով։ Աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով խորհրդաժողովում, հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Երևանը պնդում է, որ այդ հանդիպմանը մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Բաքուն իր այս մոտեցումը հիմնավորում է այն պնդմամբ, որ ֆրանսիան կողմնակալ դիրքորոշում ունի և  չի կարող միջնորդական դեր ունենալ հայ-ադրբեջանական համատեքստում:

Բրյուսելի հանդիպումը չեղարկելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանն անմիջապես արձագանքել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նրա արձագանքի մեջ, մասնավորապես, նշվում էր.

«Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն»։

Ադրբեջանցիներն իրենց հերթին պնդում են, որ դեկտեմբերի 7-ի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում, և որ այն Պրահայի հանդիպման հետ որևէ առնչություն չունի:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Մակրոնի մասնակցությունը դեկտեմբերի 7-ի հանդիպմանը միայն պատրվակ էր, որ օգտագործվել է Ալիևի կողմից հանդիպումը չեղարկելու համար: Այդ որոշումը ավելի շատ արտացոլում է բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը, որն ամբողջովին չէ, որ բավարարում է Բաքվին:

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում կողմերը սկզբունքային պայմանավորվածություն էին ձեռք բերել որպես խաղաղության պայմանագրի հիմք ընդունել Ադրբեջանի կողմից մարտին հրապարակված սկզբունքների փաթեթը: Երևանը պաշտոնապես համաձայնություն էր տվել  չներառել Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող կետեր խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Պրահայում սակայն, կարծես թե, փոխկապակցվել էին սահմանազատցման գործընթացն ու խաղաղության պայմանագրի օրակարգը: Այդ հանդիպումից հետո թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հայտարարում էին, որ մինչև տարեվերջ պետք է ավարտին հասցվի սահմանազատման գործընթացը և ստորագրվի խաղաղության պայմանագիր:

Այնուամենայնիվ, նույնիսկ Հայաստանի արած այս զիջումից հետո պարզ դարձավ, որ սահմանազատման գործընթացը ավարտին հասցնելու ու խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար սահմանված վերջնաժամկետը անիրատեսական էր:

Նոյեմբերի 16-ին վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել: Նա նաև նշեց, որ անիրատեսական է համարում մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը սահմանազատման գործընթացը ավարտին հասցնելու հավանականությունը:

Հատկանշական է, որ նոյեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Արմենպրես գործակալության հետ զրույցում հայտարարեց, որ ի հեճուկս Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ադրբեջանը կրկին խոսում է սահմանազատման գործընթացը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին:

Այս ամենը վերլուծելով` կարելի է եզրահանգել, որ նույնիսկ Հայաստանի կողմից Պրահայում արված զիջումներից հետո, երբ խաղաղության պայմանագրի համար հիմք են ընդունվել հենց Բաքվի առաջ քաշած սկզբունքները, Ադրբեջանը բավարարված չէ բանակցությունների ընթացքից:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 7-ին Վաշինգոտնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում Երևանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի ադրբեջանական տեքստի վերաբերյալ սեփական արձագանքներն ու նկատառումները: Այնուամենայնիվ, Ադրբեջանն այս փուլում, կարծես թե, հետաքրքրված չէ նույնիսկ սեփական սկզբունքների հիման վրա տեղի ունեցող բովանդակային բանակցային գործընթացի մեջ: Բաքուն շարունակում է բանակցային գործընթացը դիտարկել որպես Երևանի կողմից ադրբեջանական վերջնագրերի կատարման գործընթաց, որը չի ենթադրում բովանդակային բանակցություններ: Դա է պատճառը, որ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ բրյուսելյան հանդիպման մեջ և դա է պատճառը, որ նա փորձ է կատարում տարածաշրջանում հերթական էսկալացիան նախաձեռնել ու նոր պայմաններ պարտադրել Հայաստանին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում