Գլխավոր Լրահոս

Արցախի ԱԽ-ն ՀՀ իշխանություններին հորդորում է առաջնորդվել ինքնորոշման իրավունքը առաջ տանելու դիրքորոշմամբ

Արցախի ԱԽ-ն ՀՀ իշխանություններին հորդորում է առաջնորդվել ինքնորոշման իրավունքը առաջ տանելու դիրքորոշմամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, ինչպես նաև դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները։ Նիստի արդյունքներով ընդունվել է Արցախի ԱԽ-ն ընդունել է հայտարարություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանի գործող իշխանությունների լիակատար ու բացահայտ աջակցությամբ մի խումբ այսպես կոչված էկոակտիվիստներ փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ 

Ադրբեջանի նախագահի՝ սույն թվականի հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում, որը շարունակությունն է 2020-ին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի: 

Այս իրողությունների համատեքստում, ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից: 

Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով: Արցախի ժողովուրդը և իշխանությունները վստահ են, որ աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի և եղբայրների կայացրած որոշմանը, և ՀՀ իշխանություններին հորդորում ենք առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը»,- ասված է հայտարարությունում։

https://www.youtube.com/watch?v=Tg3quhEkETY

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում