Գլխավոր Լրահոս

Հայաստանի բանկերը 1,6 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել արտասահմանում

Հայաստանի բանկերը 1,6 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել արտասահմանում

Հայաստանի առևտրային բանկերը 1,6 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել արտասահմանում՝ օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում և պարտատոմսերում: Այդ խոշոր գումարը 2022-ի հունվար-սեպտեմբերին արտահոսել է և հանգրվանել արտասահմանյան ակտիվներում՝ Հայաստանի շուկայի կապիտալի կլանման սահմանափակ հնարավորությունների պատճառով: 

Modex խորհրդատվական ընկերության հաշվարկների համաձայն՝ ՀՀ բանկերում դրամական միջոցների և ավանդների կտրուկ ներհոսքը, որն անցյալ տարվա կտրվածքով կազմել է շուրջ 1 մլրդ դոլար, հիմնականում ապահովվել է Ռուսատսանից դրամական միջոցների ներհոսքի ու ՀՀ տեղափոխված ռուսաստանցի միգրանտների շնորհիվ: Նույն գործոնով պայմանավորված՝ բանկերում դիտարկվել է զուտ շահույթի կտրուկ աճ, որը 2022-ին կազմել է մոտ 257 մլրդ դրամ (654 մլն դոլար)՝ երեք անգամ գերազանցելով 2021 թվականի ցուցանիշը:

«Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 62,2 մլրդ դրամ: Բոլոր բանկերը, բացի VTB-ից, աշխատել են շահույթով, իսկ շահույթ արձանագրած 16 առևտրային բանկերից երկուսի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում», - հայտնում է Modex-ը։

Նշվում է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկային հատվածի իրականացրած օտարերկրյա ներդրումները կազմել են 2,577.4 մլն դոլար, ինչը շուրջ երեք անգամ գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը։

2022 թվականի հունվար-սեպտեմբրին բանկերը կտրուկ՝ 1,3 մլրդ դոլարի չափով, ավելացրել են իրենց ակտիվներն օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում: Դա տեղի է ունեցել ոչ ռեզիդենտ անձանց նկատմամբ դրամական միջոցների և ավանդների տեսքով պարտավորությունների կտրուկ աճի արդյունքում: «Բացի այդ, 134 մլն դոլարով աճել են պարտքային գործիքներում իրականացված ներդրումները, 108 մլն դոլարով՝ վարկերը և 81 մլն դոլարով՝ այլ ներդրումները», - նշում են Modex-ի փորձագետները։

2022-ի առաջին տասն ամիսներին արտերկրից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց իրականացրած մասնավոր դրամական փոխանցումները կազմել են 4,1 մլրդ դոլար, որը կրկնակի գերազանցում է 2021-ի ամբողջ տարվա փոխանցումների ամբողջական ցուցանիշը՝ 2,1 մլրդ դոլար։ Փոխանցումների ավելի քան 68%-ը կատարվել է Ռուսաստանից՝ շուրջ 2,8 մլրդ դոլար: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 551 մլն դոլար ցուցանիշով: 

Հատկանշական է, որ դրամական փոխանցումների ամբողջ ծավալը չէ, որ մնում է Հայաստանում․ մի մասն արտահոսում է: 2022-ի տասն ամիսներին Հայաստանից ընդհանուր առմամբ արտահոսել է ավելի քան 2 մլրդ դոլար: Զուտ ներհոսքը կազմել է շուրջ 2,1 մլրդ դոլար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում