Գլխավոր Լրահոս

Միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ ու հասցեական լեզվով խոսել Բաքվի հետ

Միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ ու հասցեական լեզվով խոսել Բաքվի հետ

Հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձև է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և ապագայում ևս զերծ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիիկ կապերն ու հաղորդակցությունը խաթարելուց: 

Հատկանշական է, որ բանաձևի տեքստի մեջ հստակ նշվում է, որ միջանցքը փակվել է ինքնահռչակ բնապահպանների կողմից: Բանաձևում օգտագործվում են նաև Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները, որոնց կիրառումը վերջին շրջանում միջազգային տարբեր կառույցներում ակտիվ բանավեճի առարկա է դարձել: Որոշ խոշոր դերակատարներ հետևում են Բաքվի հորդորներին և դեմ են արտահայտվում այդ եզրույթների օգտագործմանը: 

Բանաձևի մեջ քննադատվում է նաև ռուսական խաղաղապահ առաքելության անգործությունը և կոչ է արվում այն փոխարինել ԵԱՀԿ միջազգային խաղաղապահ առաքելությամբ, ինչպես նաև ՄԱԿ և ԵԱՀԿ փաստահավաք խումբ ուղարկել Լաչինի միջանցք: Այնուամենայնիվ, տեքստի մեջ հղում է արվում նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը` ընդունելով, որ այդ փաստաթուղթն է հանդիսանում հակամարտության գոտում անվտանգության ճարտարապետության հիմքը: 

Բանաձևի մեջ կատարված մեկ այլ կարևոր արձանագրումն այն էր, որ Ադրբեջանը այս գործողություններով խոչընդոտում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթացը: 

Իհարկե, պետք չէ գերագնհատել այս բանաձևի դերն ու ազդեցությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Այնուամենայնիվ, այն կարող է կարևոր նորմատիվ հիմք դառնալ այլ միջազգային կառույցների հետագա գործողությունների համար:

Լաչինի միջանցքի ճգնաժամի հարցում Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծանում է նաև Միացյալ Նահանգների կողմից:  Հունվարի 23-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի կոչ անի Լաչինի միջանցքը անհապաղ բացել առևտրային երթևեկության համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի ռիսկը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները:

Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին ակտիվացնել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների շրջանակում: Նա նաև մտահոգություն է հնչեցրել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ»: 

Ալիևի հետ Բլինքենի այս հեռախոսազրույցի հետ կապված մի քանի հետաքրքրական դետալներ կան: Առաջինը այն է, որ ԱՄՆ պետքարտուղարը այս անգամ հեռախոսազրույց է ունեցել միայն Ադրբեջանի նախագահի հետ: Մինչ այդ նա սովորաբար Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ նույն օրն էր հեռախոսազրույցներ ունենում, որոնցից հետո նույնական բովանդակությամբ հաղորդագրություններ էին տարածվում Պետքարտուղարության կայքում: Բլինքենի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի էր ունեցել Ալիևի հետ զրույցից օրեր առաջ: Այս քայլով, ինչպես նաև տարածված հաղորդագրության մեջ օգտագործված հստակ ու ուժեղ բառապաշարով, Վաշինգտոնը վստահաբար ցանկացել է հավելյալ  ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ: 

Հատկանշական է նաև, որ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում, նշվում է, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում կարող են խաթարել խաղաղության հեռանկարները տարածաշրջանում: Այսինքն, Բաքվի վրա պատասխանատվություն է դրվում ոչ միայն Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի, այլև բանակցային գործընթացը տորպեդավորելու համար: Պետք է նշել, որ մինչև Լեռնային Ղարաբաղի շրջափակումը որոշ արևմտյան դիվանագետներ փակ դռների հետևում Հայաստանին էին մեղադրում բանակցությունները փակուղի մտցնելու մեջ: Այդ առումով այս նոր շեշտադրումները կարևոր զարգացում են:

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ ամենահետաքրքրական դետալը, սակայն, Լաչինի միջանցքի ճգնաժամի հարցի հետ միասին Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա շեշտադրում կատարելն էր: Այս երկու հարցի հիշատակումը նույն հաղորդագրության մեջ, իհարկե, կարող է պատահականություն լինել: Վերջին շրջանում Ադրբեջանում մի քանի քաղաքական ակտիվիստներ են ձերբակալվել, և Բլինքնենը ի շարս այլ խնդիրների կարող էր Ալիևի հետ նաև այդ հարցը քննարկել: Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ հեռախոսազրույցի ընթացքում մարդու իրավունքների թեման բարձրացնելը կարող էր Ալիևի վրա ճնշման միջոց լինել: Նույնիսկ եթե Բլինքենը այդպիսի նպատակ չէր հետապնդում, Ալիևի մոտ նման ընկալում վստահաբար կարող էր ձևավորվել: 

Ինչպես տեսնում ենք, միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ ու հասցեական լեզվով խոսել Բաքվի հետ Լաչինի միջանցքի արգելափակման հարցի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ակնհայտ է նաև, որ հայտարարությունները, բանաձևերը ու հեռախոսազանգերը այս փուլում բավարար չեն Ալիևի որոշումների վրա ազդելու համար: Այդ առումով պետք է աշխատել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման մեծացման ուղղությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում