Գլխավոր Լրահոս

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հիմնական պատճառը Ռուսաստանի անգործությունն է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հիմնական պատճառը Ռուսաստանի անգործությունն է

Հունվարի 26-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավականին ծավալուն մամուլի հաղորդագրություն է տարածել, որով իր դժգոհությունն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշման առնչությամբ։ Պաշտոնական Մոսկվան մի շարք վատ քողարկված սպառնալիքներ է հնչեցրել ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի հասցեին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր.  

«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը փոփոխություններ չի կրել։ Ոչ մի «հավելյալ արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին հետևող ԵՄ-ական «փորձագետներից»։ Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղություն հաստատելու հարցում, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։

Եվրամիության ներկայացուցիչները, որոնք վերածվել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն են վարում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում հայտնվելով՝ կարող են միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Չպետք է նաև մոլորեցնի առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը․ այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի: 

Ռուսաստանի այսօրինակ արձագանքը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը կանխատեսելի էր, իսկ պատճառները` հասկանալի: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հարավային Կովկասում Մոսկվայի գլխավոր նպատակներից մեկը արևմտյան ազդեցության նվազեցումը կամ չեզոքացումն է: Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը նույնիսկ տորպեդավորել է երեք տասնամյակ գոյություն ունեցած Մինսկի խմբի ձևաչափի աշխատանքները: Այս խնդրի մասին ուղիղ տեքստով խոսվում է նաև հաղարոդագրության մեջ, երբ նշվում է Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Հատկանշական է, որ նույն Թուրքիան ռուսական պատկերացումներով որպես արտատարածաշրջանային գործոն չի դիտարկվում: 

Այս հաղորդագրության հետ կապված երկրորդ ուշագրավ հանգամանքը այն է, որ Ռուսաստանը բողոքում է առաքելության տեղեկայումը Ադրբեջանի հետ չհամաձայնեցնելուց։ Ի դեպ, սա հերթական հարցն է, որի շուրջ Մոսկվան ու Բաքուն նույնական մոտեցումներ ունեն: Այդ առումով հաղորդագրության տողատակերում կարդացվող սպառնալիքներն ու ակնարկները, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում կարող է ապակայունացնել իրավիճակը գետնի վրա, մտահոգության տեղիք են տալիս: 

Ռուսաստանի ԱԳՆ խանդի տեսարանները բացատրող մեկ այլ կարևոր հանգամանք այն է, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից սեփական տարածքում  և որոշել է առաջ շարժվել եվրոպական տարբերակով: Հայտնի է, որ դեռևս սեպտեմբերյան էսկալացիայից հետո կար քաղաքական որոշում Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին, սակայն Ռուսաստանի պահվածքը էսկալացիայի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո դրդել է Երևանին այլընտրանքներ փնտրել: 

Ի դեպ, հունվարի 30-ին հրապարակվել է «Միջազգային ճգնաժամային խմբի»  զեկույցը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ, որի մեջ մի շարք ուշագրավ բացահայտումներ կան: Զեկույցի մեջ, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ Երևանում կա ընկալում, որ այդ առաքելությունը ավելի ձեռնտու է Ադրբեջանին: Այս մոտեցումը հիմնված է այն իրողության վրա, որ Ռուսաստանը չի ցանկանում ակտիվ գործողությունների դիմել  ադրբեջանական ռազմական սադրանքները կանխելու կամ դրանք կանգնեցնելու համար` պատճառաբանելով դա հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացված ու դեմարկացված չլինելու հանգամանքով: Ճգնաժամային խումբը նշում է, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի այս մոտեցումը համահունչ են համարում Բաքվի դիրքորոշման հետ: 

Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշվեց, Ռուսաստանի նյարդային արձագանքի պատճառները պարզ են: Ակնհայտ է նաև, որ այս իրավիճակի հիմնական պատասխանատուն հենց Ռուսաստանն է: Մոսկվայի կողմից սեփական պարտավորությունների չկատարման արդյունքում է Երևանը այլ ուղղություններով սկսել լուծումներ փնտրել: Ռուսաստանը, փաստացիորեն, Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու համար զերծ է մնում ոչ միայն ակտիվ գործողություններից, այլև քիչ թե շատ հստակ հայտարարություններից` միևնույն ժամանակ դժգոհություն հայտնելով, որ Երևանը փորձ է կատարում մեղմել առկա վտանգները ԵՄ հետ համագործակցության միջոցով:

Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, Երևանը պետք է բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրի, որ Հայաստանի տարածքը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության նոր թատերաբեմ չդառնա: Նման զարգացումը լրջագույն մարտահրավեր կլինի հայկական պետականության համար: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում