Գլխավոր Լրահոս

Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում

Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում

Փետրվարի 17-ից 19-ը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մասնակցեցին Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում  հանդիպումներ ունեցան հայ-ադրբեջանական համատեքստում միջնորդությամբ զբաղվող երկրների ու կառույցների ներկայացուցիչների հետ: Մյունխենում տեղի ունեցավ նաև Ալիև-Փաշինյան հանդիպում` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: Համաժողովին Ալիևի ու Փաշինյանի մասնակցության ամենաինտրիգային դրվագը նրանց մասնակցությունն էր Հարավային կովկասին նվիրված պանելային քննարկմանը:  

Այս օրերի ընթացքում Մյունխենում մի շարք ուշագրավ հայտարարություններ են արվել, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու հայ-ադրբեջանական համատեքստում տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը: 

Այսպես, Իլհամ Ալիևի և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում ադրբեջանական կողմը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում էր, որ Ալիևը կողմ է արտահայտվել հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափին: Հաղորդագրությունում  նշվել է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հարցը: 

Այս հաղորդագրությունը հետաքրքրական է այն առումով, որ Իլհամ Ալիևը հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքների հետ զրույցում դժգոհություն էր հայտնել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման առնչությամբ: Նա նշել էր, որ Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության խախտում է: Ալիևը սպառնացել էր, որ ԵՄ կողմից այդ պայմանավորվածության խախտման պատճառով Ադրբեջանը կարող է հրաժարվել նաև բրյուսելյան ձևաչափից: 

Հետագայում այս թեմայով Բաքվից հնչող հայտարարությունները ավելի մեղմ էին դարձել: Այս հաղորդագրությունը, ինչպես նաև վերոնշյալ պանելային քննարկման ընթացքում  նույն բովանդակությամբ Ալիևի հայտարարությունը ցույց են տալիս, որ Բաքուն փաստացիորեն հաշտվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման գաղափարի հետ Հայաստանում և չի պատրաստվում հրաժարվել Եվրամիության միջնորդությունից: 

Հատկանշական է նաև, որ Ալիևը քննարկման ընթացքում կրկնել է Բաքվի այն դիրքորոշումը, որ բրյուսելյան ձևաչափը պետք է լինի եռակողմ, այսինքն` առանց Ֆրանսիայի մասնակցության: Այս հարցում, կարծես թե, կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ալիևի ու Փաշինյանի մյունխենյան հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե Եվրամիության, այլ ԱՄՆ միջնորդությամբ: 

Մյունխենում Ալիևի արած մյուս ուշագրավ հայտարարությունն այն էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Բլինքենի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերից: Իրականում, ինչպես գիտենք,  նմանատիպ համաձայնություն ձեռք էր բերվել նախկինում և տվյալ պարագայում կարելի է խոսել միայն համաձայնության վերահաստատման մասին:

Շարունակելով իր միտքը`  Ալիևը նշել է նաև, որ Բաքուն պատրաստ է քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ նրանց իրավունքների ու անվտանգության հարցը, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից: 

Ալիևի այս հայտարարությունը առաջին հայացքից կարող է նորություն թվալ, քանի որ Ադրբեջանի նախագահը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերը միայն փոքրամասնություն են Ադրբեջանի կազմում և չեն կարող ունենալ անվտանգության հատուկ երաշխիքներ ու այլ արտոնություններ: 

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ սա արտաքին լսարանի համար արված հայտարարություն է: Բաքուն նույն բովանդակությամբ հայտարարություններ էր անում նաև 2022 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ու Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնականի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո: Այնուամենայնիվ, այդ հանդիպումից օրեր անց այս հարցով Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը շեշտակիորեն փոխվել էր: 

Նույն գործելաոճի հետ ենք առնչվում նաև տվյալ պարագայում: Այսպես, պանելային քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկնել է վերոնշյալ միտքը այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ունենալու են նույն իրավունքները, ինչպիսիք ունեն Ադրբեջանի մյուս էթնիկ փոքրամասնությունները: Ավելին, Ալիևը իր խոսքի մեջ շեշտել է նաև, որ այդ խնդիրները Ադրբեջանի ներքին գործն են:  Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս Ալիևն ասել է. «Այսօր պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ես հայտարարեցի, որ մենք իրավունքի ու արդարության կողմնակից ենք: Մենք երբեք թույլ չենք տվել արտաքին խաղացողներին միջամտել մեր ներքին գործերին և երբեք թույլ  չենք տա: Ղարաբաղը Ադրբեջան է»: 

Ալիևը այս հայտարարությամբ փաստացիորեն ևս մեկ անգամ բացառում է Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի ստեղծման հնարավորությունը: Այդ առումով ակնհայտ է, որ այս ձևաչափի տեսքի ու բովանդակության վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները խոչընդոտելու են առաջընթացին նաև խաղաղության պայմանագրի օրակարգում: Երևանը այս փուլում, կարծես թե, հակված չէ ստորագրել նոր փաստաթուղթ Բաքվի հետ, եթե չլինեն երաշխիքներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր բանակցային ձևաչափի ստեղծման հարցում: 

Մյունխենում բնականաբար քննարկվել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը: Ալիևը արդբեջանական լրագրողների հետ զրույցի ընթացքում, մասնավորապես, նշել է, որ նա բանակցությունների ընթացքում պաշտոնապես առաջարկել է հայաստանյան անցակետեր տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» և` ադրբեջանական անցակետեր Լաչինի շրջանի ու Հայաստանի սահմանին: Նա նաև հայտարարել է, որ ադրբեջանական «էկոակտիվիստները» շարունակելու են մնալ Լաչինի միջանցքում, քանի դեռ հանքերի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ադրբեջանական պահանջները չեն կատարվել: 

Ալիև-Փաշինյան-Բլինքեն հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում ևս կար հիշատակում Լաչինի միջանցքի վերաբերյալ: Նշվում է, որ պետքարտուղար Բլինքենը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային ու մասնավոր տարանցման անհրաժեշտությունը և կոչ արել կողմերին բացել նաև այլ տրանսպորտային ուղիները։

Այս հայտարարություններից ու հաղորդագրություններից դատելով` կարելի է արձանագրել, որ Լաչինի միջանցքի ճգնաժամի հանգուցալուծման հարցում ևս որևէ առաջընթաց չարժե ակնկալել: Ի հեճուկս գոյություն ունեցող միջազգային ճնշման` Ադրբեջանը հետ չի կանգնելու իր պահանջներից և միայն դրանց առնվազն մասնակի կատարման պարագայում է պատրաստ լինելու բացել միջանցքը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում