Գլխավոր Լրահոս

Բաքու-Ստեփանակերտ մեխանիզմը պետք է լինի միջազգային, այլ ոչ թե «միջազգայնորեն տեսանելի»

Բաքու-Ստեփանակերտ մեխանիզմը պետք է լինի միջազգային, այլ ոչ թե «միջազգայնորեն տեսանելի»

Չնայած Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Բաքվի ու Երևանի միջև շարունակվում են: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այս փուլում առկա գործընթացը «առցանց դիվանագիտություն» է անվանել, երբ կողմերը փոխանակում են խաղաղության պայմանագրի նախագծի իրենց տարբերակները: 

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպումից հետո խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթացի մասին է խոսվել տարբեր դերակատարների կողմից: Այնուամենայնիվ, այս օրակարգում առաջընթացը շարունակում է կախված լինել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային մեխանիզմի ստեղծման շուրջ պայմանավորվածությունից: Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն նշում են, որ պատրաստ կլինեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե վերոնշյալ բանակցային մեխանիզմը կյանքի կոչվի: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը Մյունխենում պատրաստակամություն էր հայտնել երկխոսություն սկսել «Ղարաբաղի հայերի» հետ, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից: Ստեփանակերտի հետ երկխոսության հնարավորության մասին հայտարարություններ ադրբեջանական կողմը անում էր նաև նախկինում` բացառելով, սակայն, միջազգային որևէ ներգրավվածություն այդ գործընթացում: Բաքուն Լեռնային Ղարաբաղի հետ առնչություն ունեցող բոլոր հարցերը իր ներքին գործն է համարում: 

Հայաստանի իշխանությունները վերջին ամիսներին խոսում էին Բաքու-Ստեփանակերտ միջազգային կամ միջազգային բաղադրիչով մեխանիզմի ստեղծման մասին: Այդպիսի մեխանիզմի ստեղծումը թույլ կտար շարունակել բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման շուրջ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Այնուամենայնիվ, վերջին շրջանում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում շեշտադրումների մտահոգիչ փոփոխություն է տեղի ունեցել:

Այսպես, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ փետրարի 22-ի համատեղ ասուլիսում հայտարարել է Բաքվի և Ստեփանակերտի միջև «միջազգայնորեն տեսանելի երկխոսության» անհրաժեշտության մասին: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին օրերի ճեպազրույցներում ու հարցազրույցներում այս թեմայով արտահայտվելիս ևս օգտագործել է «միջազգային տեսանելի մեխանիզմ» ձևակերպումը: 

Հատկանշական է, որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատություն» ռադիոկայանին փետրվարի 27-ին տված իր հարցազրույցում նույնպես օգտագործել է նման ձևակերպում` «իրական և տեսանելի երկխոսություն»: Հարցազրույցի մեկ այլ հատվածում նա նշել է. «Որոշ քննարկումներ կարող են տեղի ունենալ փակ դռների հետևում։ Բայց ամենակարևորն այն է, որ դա տեսանելի է, առաջին հերթին, Ղարաբաղի բնակչությանը, նաև միջազգային հանրությանը։ Իսկ դա ինքնին միջազգային հանրությանը տարբեր ձևերով ներգրավելու միջոց է»։

Կլաարի մեկնաբանությունից կարելի է եզրահանգել, որ բանակցային մեխանիզմում միջազգային բաղադրիչը փոխարինվել է տեսանելիության սկզբունքով: Հաշվի առնելով հայաստանյան վերոնշյալ պաշտոնյաների կողմից օգտագրծվող ձևակերպումը` կարելի է ենթադրել, որ այս մոտեցումը ընդունելի է նաև Հայաստանի համար: 

Սրանք չափազանց վտանգավոր զարգացումներ են, որոնք կարող են ամբողջ գործընթացը տանել Ադրբեջանի համար ցանկալի սցենարով: Բաքվի ու Ստեփանակերտի հնարավոր երկխոսության մեջ միջազգային բաղադրիչի կամ  ակտիվ ներգրավվածության բացակայությունը այդ շփումները վերածելու է հենց Ադրբեջանի կողմից հայտարարվող ինտեգրացիայի գործընթացի: Միջազգային ներգրավվածությունը բանակցություններում չի կարող փոխարինվել տեսանելիության սկզբունքով: Առանց հստակ ձևաչափի ու իրական միջազգային բաղադրիչի Ադրբեջանը կարող է պարզապես ներկայացնել Բաքվի և Ստեփանակերտի միջև պրակտիկ, ոչ քաղաքական հարցերի շուրջ շփումները որպես երկխոսություն: 

Պետք է արձանագրել, որ վերոնշյալ տարբերակով առաջ շարժվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ու իրավունքների շուրջ իրական բանակցային գործընթացի գոյության համար որևէ երաշխիքներ չեն լինի: Ադրբեջանն այս գործընթացն անխոչընդոտ օգտագործելու է իր ռազմավարական նպատակներին հասնելու համար: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում