Ապրիլի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Իր ելույթի ընթացքում Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին և հայտարարեց․ «Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»։
Իր ելույթի այլ հատվածում խոսելով խաղաղության պայմանագրի օրակարգում կարևոր խնդիրների մասին՝ Փաշինյանը կրկին նշեց Բաքու-Ստեփանակերտ միջազգային բանակցային մեխանիզմի ստեղծման կարևորության մասին, ինչպես նաև խոսեց «խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմների ձևավորվան» անհրաժեշտության մասին։ Փաշինյանը հավելեց․ «Կարևոր է նաև կողմերի միջև ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերը ի վիճակի չլինեն պայմանագրի տեքստի մեկնաբանությունների հետ կապված ծագած խնդիրները ուղիղ բանակցություններով լուծել, լինի ատյան, որը դա կանի և որի որոշումը պարտադիր լինի կողմերի համար»։
Այսպիսով, եթե ամփոփենք խաղաղության պայմանագրի օրակարգի վերաբերյալ Հայաստանի վարչապետի հնչեցրած մոտեցումները, կարող ենք եզրահանգել, որ Երևանը պատրաստ կլինի ստորագրել խաղաղության պայմանագիր Բաքվի հետ
1․ Եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Հայկական ԽՍՀ սահմանների հիման վրա և պատրաստ լինի այդ սահմանների հիման վրա իրականացնել դելիմիտացիայի գործընթացը
2․ Եթե ստեղծվի Բաքու-Ստեփանակերտ միջազգային բանակցային մեխանիզմ, որը կապահովի Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի շուրջ բանակցությունների շարունակականությունը խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրումից հետո
3․ Եթե ստեղծվի երաշխավորի ինստիտուտը, որը կապահովի ստորագրված փաստաթղթի դրույթների կատարումը ու հարգումը Բաքվի և Երևանի կողմից։ Փաշինյանի ելույթից հայտնի դարձավ, որ հայկական կողմը որպես այդ ինստիտուտի մաս է դիտարկում նաև կողմերի միջև ծագած վեճերի լուծման մեխանիզմի ստեղծումը։
Այդ առումով նպատակահարմար է դիտարկել, թե վերոնշյալ երեք կետերի հետ կապված ինչպիսի խնդիրներ, խոչընդոտներ ու հնարավոր վտանգներ կարող են գոյություն ունենալ։
Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կետը Ադրբեջանի կողմից բանակցային սեղանին դրված խաղաղության պայմանագրի նախագծի առանցքային կետերից է։ Մեկնարկ տալով խաղաղության պայմանագրի օրակարգին՝ Ադրբեջանը ցանկանում էր 2020 թվականի պատերազմում իր հաղթանակի արդյունքները արձանագրել նաև քաղաքական ու իրավական դաշտերում։ Այդ առումով անհրաժեշտ է նշել, որ Բաքվի քաղաքականությունը վերջին երկուսուկես տարվա ընթացքում բավականին արդյունավետ էր։
Թիրախավորելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը նպատակ ուներ ստիպել Երևանին հրաժարվել Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք առանցքային հարցերում իր դիրքորոշումներից։ Արդյունքում Երևանը այս փուլում պահանջում է այն, ինչ ի սկզբանե Բաքվի պահանջն էր՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության վարչական սահմանների հիման վրա։
Այնուամենայնիվ, տարածաշրջանում ու աշխարհում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները զգալիորեն փոխել են նաև Բաքվի ակնկալիքները։ Դրանք շատ ավելի առավելապաշտական են դարձել։ Այդ առումով քիչ հավանական է, որ Ադրբեջանը համաձայնելու է հետ քաշվել 2021 թվականից Հայաստանի օկուպացված տարածքներից, նույնիսկ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի։
Խաղաղության պայմանագրով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը անմիջապես կասկածի տակ կարող է դնել նաև Լեռնային Ղարաբաղի՝ որպես պետական միավորի հետագա գոյությունը, նույնիսկ եթե Ստեփանակերտ-Բաքու միջազգային բանակցային մեխանիզմը ստեղծվի։ Խաղաղության պայմանագրի տեքստում վստահաբար ներառված է լինելու կետ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին։ Այդ առումով ակնհայտ է, որ փաստաթղթի ստորագրումից հետո Բաքուն հետևողականորեն հասնելու է նրան, որ բացառի Հայաստանի Հանրապետության որևէ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքին առնչվող հարցերին։
Օրինակ, Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող ֆինանսատնտեսական աջակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից դիտարկվելու է որպես սադրանք ու ստորագրված փաստաթղթի դրույթների խախտում և կարող է օգտագործվել նոր էսկալացիա սկսելու համար։ Նույնը վերաբերում է նաև ՀՀ և ԼՂՀ միջև առկա բոլոր մոյւս կապերի ու համագործակցության ոլորտների մասին։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի բնակիչներին անձնագրերի տրամադրման պրակտիկան ևս կարմիր գիծ է դառնալու Բաքվի համար։
Այսպիսով, եթե խաղաղության պայմանագրի տեքստում հատուկ վերապահում չլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Ադրբեջանը շատ կարճ ժամկետներում օգտագործելու է այդ փաստաթուղթը Արցախում պետականության բոլոր դրսևորումները ոչնչացնելու ու այդ գործընթացը լեգիտիմացնելու համար։ Օգտագործելով վարչապետ Փաշինյանի ձևակերպումը՝ Երևանը այդ փաստաթղթով կարող է Բաքվին տալ Լեռնային Ղարաբաղում պետական ինստիտուտները ոչնչացնելու մանդատ։ Եթե Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ Հայաստանի կողմից մինչ այժմ իրականացվող գործառույթները կարող է Ռուսաստանը իրականացնել, ապա այդ հույսերը ամբողջովին անհիմն են։
Բաքու-Ստեփանակերտ միջազգային բանակցային մեխանիզմի ստեղծման օրակարգը այս փուլում միակ ուղղությունն է, որը Հայաստանին ու Արցախին պրոակտիվ քաղաքականություն վարելու հնարավորություն է տալիս։ Այս հարցով հայկական կողմերը պետք է հստակ պատկերացումներ ունենան և այդ պատկերացումները ընկալելի դարձնեն նաև միջնորդների համար։
Այնուամենայնիվ, ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի համար այս հարցում հստակ կարմիր գծեր գոյություն ունեն։ Բաքուն Ստեփանակերտի հետ երկխոսությունը հնարավոր է համարում միայն որպես այսպես կոչված ինտեգրացիայի օրակարգը սպասարկող ներքին գործընթաց՝ առանց որևէ միջազգային ներգրավվածության։ Ադրբեջանի կողմից այս հարցում դժվար է լինելու ինչ-որ զիջումների հասնել։ Այդ առումով եթե Երևանը ինչ-որ փուլում հետ կանգնի իր դիրքորոշումից և համաձայնի խաղաղության պայմանագիրը ստորագրել առանց Բաքու-Ստեփանակերտ իրավամբ միջազգային բանակցային մեխանիզմի ստեղծման, ճանապարհ է բացելու Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար։
Խաղաղության պայմանագրի դրույթների իրագործումը երաշխավորող ինստիտուտների ու մեխանիզմների ստեղծումը աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին ևս քիչ հավանական է թվում։ Ընդհանրապես, Հայաստանում շատերը հակված են գերագնհատել Հարավային Կովկասի դերը տարբեր խոշոր խաղացողների համար։ Այն դերակատարների համար, որոնց Հայաստանի իշխանությունները դիտարկում են որպես խաղաղության պայմանագրի կատարման պոտենցիալ երաշխավորներ, մեր տարածաշրջանը պարզապես կենսական շահերի գոտի չի համարվում։ Ավելին, ինչպես Փաշինյանը նշեց ապրիլի 18-ի իր ելույթում, Ադրբեջանի կարևորությունը վերջին շրջանում աճում է թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար։
Հետևաբար նույնիսկ եթե հաջողվի ստեղծել խաղաղության պայմանագրի կատարումը երաշխավորող ինչ-որ ֆորմալ միջազգային պայմանավորվածություններ կամ մեխանիզմներ, ապա դրանց արդյունավետությունը ևս կասկածի տակ է լինելու։ Դժվար է մոտ ապագայում պատկերացնել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները և դրան հաջորդում են կոշտ քայլեր արևմտյան տարբեր դերակատարների կամ Ռուսաստանի կողմից։
Տիգրան Գրիգորյան











