Գլխավոր Լրահոս

Թուրքիան առիթներ է փնտրում սահմանը չբացելու․ ՔՊ պատգամավորը՝ «Նեմեսիսի» հուշարձանի մասին

Թուրքիան առիթներ է փնտրում սահմանը չբացելու․ ՔՊ պատգամավորը՝ «Նեմեսիսի» հուշարձանի մասին

Թուրքական կողմը մայիսի 4-ին Անկարայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձան բացել Երևանում։ Այդ մասին մայիսի 10-ին ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը։

««Նեմեսիս»-ի հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա դարձել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաթաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էինք նաև մենք: Թուրքական կողմը նշել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին այդ հուշարձանը բացել: Պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ, եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել, կան ու, գուցե, դեռ լինեն»,- ասաց Թունյանը:

Հայկական պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանն էլ նշեց, որ կազմակերպությունը տնտեսական բնույթի է, բայց տարբեր երկրների միջև կան կոնֆլիկտներ, և նաև դրա պատճառով տնտեսական օրակարգը մղված է երկրորդ պլան, և երկրներն ավելի շատ քաղաքական հարցեր են քննարկում:

Նրա կարծիքով՝ Թուրքիան առիթներ փնտրում սահմանը չբացելու համար՝ հասկանալով, որ սահմանի բացումը ձեռք է տալիս Հայաստանին։

«Շատ է քննարկվում՝ արդյոք Հայաստանին ձե՞ռք է տալիս՝ բացվի հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ: Եթե Հայաստանին ձեռք չտա հայ-թուրքական սահմանի բացումը, և դա ձեռք տա միայն Թուրքիային, Թուրքիան հայ-թուրքական սահմանը կբացի 5 վայրկյանում, որովհետև ՀՀ-ն Հայաստան-Թուրքիա սահմանը չի փակել, Հայաստանը սահմանը միշտ բաց է պահել: Սահմանը փակել է Թուրքիան, որովհետև դրանով Հայաստանին տնտեսապես ճնշում է, և դա իրենք երբեք չեն թաքցրել և դրանով իրենք աջակցում են Ադրբեջանին։ Հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, բերելու է աշխատատեղերի ստեղծման, բերելու է բիզնեսների զարգացման, բերելու է հարկերի ավելացման, բերելու է մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման, և, բնականաբար, Թուրքիան, որպեսզի աջակցի ղարաբաղյան հարցում Ադրբեջանին, հայ-թուրքական սահմանը փակ է պահել երկար տարիներ»,- ասաց պատգամավորը։

Ապրիլի 25-ին Երևանում բացվել է «Նեմեսիս»-ի (Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատժելու գործողության) հուշարձանը։ Թուրքիայի արտգործնախարարությունը հուշարձանի բացումը «սադրիչ և ամոթալի» քայլ է համարել։ Հուշարձանի բացումից հետո Թուրքիան նաև փակել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է, որ հայկական օդանավերի համար օդային տարածքը փակելուց հետո Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշարձանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում