Գլխավոր Լրահոս

Երևանը բացակայում է Բրյուսելի բազմաթիվ օրակարգերում․ Բաքվի ու Թբիլիսիի ձայնն ավելի լսելի է

Երևանը բացակայում է Բրյուսելի բազմաթիվ օրակարգերում․ Բաքվի ու Թբիլիսիի ձայնն ավելի լսելի է

Հունիսի 4-ից 8-ը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան փորձագետների փոքր խումբ այցելեց Բրյուսել։ Այցի ընթացքում հնարավորություն ունեցանք հանդիպումներ անցկացնել Եվրամիության տարբեր կառույցներում, մանսավորապես, Եվրոպական խորհրդարանի անդամների, ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակի, Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության, էներգետիկայի գլխավոր տնօրինության և այլ գործակալությունների։ Փակ քննարկում տեղի ունեցավ նաև Բրյուսելի փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ 

Հայ փորձագետների խումբը Բրյուսելում

Երեք օր տևած հանդիպումների ընթացքում հնարավորություն ստեղծվեց ծանոթանալու Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ ԵՄ տարբեր դերակատարների ու կառույցների մոտեցումներին ու պատկերացումներին, ավելի խորը հասկանալ այն բոլոր խնդիրները ու սահմանափակումները, որոնք առկա են ինչպես Եվրամիության գործելաոճում, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ 

Մեր հանդիպումների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններում որոշակի ներգրավվածություն ունեցող ու համապատասխան տեղեկատվության տիրապետող պաշտոնյաներից առնվազն երկուսը նշեցին, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարվա վերջ բավականին դժվար է լինելու։ Այս գնահատականները տարբերվում են բարձր մակարդակով պարբերաբար հնչող լավատեսական հայտարարություններից։ Բրյուսելում կա ընկալում, որ ամենաառանցքային հարցերի շուրջ սուղ ժամկետներում պայմանավորվածությունների հասնելը չափազանց բարդ խնդիր է լինելու։ 

ԵՄ տարբեր կառույցներ ու պաշտոնյաներ մեր այցի ընթացքում մի կողմից կարևորում էին Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության հարցը, մյուս կողմից ավելի առարկայական քննարկման դեպքում դժվարանում էին խոսել կոնկրետ մեխանիզմների կիրառման մասին։ Մասնավորապես, Բաքվի ու Ստեփանակերտի միջև հնարավոր նոր բանակցային ձևաչափի վերաբերյալ առարկայական պատկերացումներ Բրյուսելում գոյություն չունեն։

Ընդհանուր առմամբ գործընթացի մեջ ներգրավված պաշտոնյաների մոտ կա ընկալում, որ առանց միջազգային ակտիվ ներգրավվածության անիմաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության պաշտպանության մասին։ Մյուս կողմից մեր զրուցակիցները նշում էին նաև, որ Բաքուն դժվար թե համաձայնի միջազգային լուրջ ներգրավվածության Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերում՝ ընդգծելով, որ ԵՄ-ն Ադրբեջանի վրա ազդեցության լուրջ լծակներ չունի։ 

Պաշտոնյաներից մեկը մի քանի րոպե մտածելուց հետո այդպես էլ չկարողացավ հստակ պատասխան տալ մեր այն հարցին, թե ինչպիսին կլինի ԵՄ արձագանքը, եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում լայնածավալ էսկալացիա նախաձեռնի։ Նա միայն ենթադրեց, որ իրադարձությունների զարգացման այդպիսի սցենարի դեպքում, ամենայն հավանականությամբ, ԵՄ միջնորդական առաքելությունը կավարտվի։

Կարելի է արձանագրել, որ ԵՄ տարբեր կառույցներն ու պաշտոնյաները բավականին լավ հասկանում են Հայաստան-Ադրբեջան համատեքստում առկա իրողությունները և գիտակցում են գոյություն ունեցող խնդիրների լրջությունն ու բարդությունը։ Միգուցե նաև այդ պատճառով էր անընդհատ ընդգծվում, որ Եվրամիությունը զբաղվում է ոչ թե բանակցությունների միջնորդությամբ, այլ ֆասիլիտացիայով։ Առավել ակտիվ ներգրավվածությունը բանակցություններում ենթադրելու է նաև ավելի մեծ պատասխանատվություն այդ գործընթացի արդյունքում ի հայտ եկած  հնարավոր բացասական հետևանքների համար։ 

Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում ԵՄ տարբեր կառույցներում մոտեցումը հիմնականում չափազանց պրագմատիկ է։ Իհարկե, փակ դռների հետևում շատերն են հոռետեսրոեն արտահայտվում Ադրբեջանի քաղաքականության ու այդ երկրում առկա քաղաքական բարքերի վերաբերյալ, այնուամենայնիվ, Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման հարց չկա նույնիսկ տեսական քննարկումների մակարդակում։ 

Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու որոշումը այս ոլորտի պատասխանատու ԵՄ պաշտոնյաները բացատրում էին էներգիան ապաքաղաքականացնելու անհրաժեշտությամբ։ Սակայն ակնհայտ է, որ այս սկզբունքը ևս ընտրողաբար է կիրառվում։ 

Հատկանշական է, որ ԵՄ-ում լուրջ մտահոգություններ չկան Ադրբեջանի միջոցով դեպի Եվրոպա ռուսական գազի հնարավոր վաճառքի վերաբերյալ։ 

Այս հարցով մեր խմբին տարբեր կառույցներում տարբեր պատասխաններ տվեցին։

  • Այդ պնդումը չի համապտասխանում իրականությանը
  • Նույնիսկ եթե որոշ քանակի ռուսական գազ արտահանվում է ԵՄ ադրբեջանական ենթակառուցվածքներով, միևնույն է, դրա չափաբաժինը չնչին է։ Այդ առումով առավել մտահոգիչ է Թուրքիայի միջոցով դեպի ԵՄ ռուսական գազի արտահանման հավանականությունը 
  • Ռուսական գազի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանվել, նույնիսկ ԵՄ-ն շարունակում է ռուսական գազ գնել

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ Ադրբեջանը կարողանում է նորաձև, լավ ձևակերպված նարաիտիվների կիրառմամբ չեզոքացնել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում առկա իմիջային խնդիրները։ Ադրբեջանի վերաբերյալ քննարկումներում ԵՄ պաշտոնյաներից մեկը, մասնավորապես, մեծ ոգևորությամբ խոսում էր նրա մասին, թե ինչպիսի հաջողություններ է այդ երկիրը գրանցում վերականգնվող էներգիայի զարգացման և դեպի կանաչ տնտեսություն անցում կատարելու գործընթացներում և անուղղակիորեն ակնարկում էր, որ Հայաստանը պետք է հետևի այդ օրինակին։ 

Մեր հանդիպումների ընթացքում մեկ այլ հետաքրքիր միտում նկատեցինք․ ԵՄ տարբեր քայլեր ու որոշումներ, որոնք արժեքային տեսանկյունից առնվազն կասկածելի բնույթ ունեն, արդարացվում էին պրագմատիկ փաստարկներով կամ էլ այդ որոշումների համար պատասխանատվությունը դրվում էր ԵՄ այլ կառույցների վրա։ Այնուամանայնիվ, Հայաստանի մասին խոսելիս մեզ հետ հանդիպած մի շարք պաշտոնյաներ փորձում էին Երևանի արտաքին քաղաքական տարբեր որոշումներ դիտարկել հենց արժեքային ու բարոյական դիտանկյունից։ 

Մասնավորապես, քննարկումների ընթացքում մի քանի անգամ նշվեց, որ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, ունի Ռուսաստանի հետ սերտ կապեր, որոնք առնվազն տնտեսական դաշտում խորանում են։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցած շքերթին ևս աննկատ չի մնացել Բրյուսելում։ Միևնույն ժամանակ, երբ այս հորդորներից հետո քննարկում էր սկսվում այլընտրանքների ու երաշխիքների մասին, մենք որևէ բովանդակային պատասխան չէինք ստանում։ ԵՄ-ն այս հարցերում ևս, կարծես թե, փորձում է ստանձնել ֆասիլիտատորի դեր և պատրաստ չէ որևէ պատասխանատվություն ստանձնել։ 

Հակամարտության համատեքստում ԵՄ տարբեր կառույցներ հաճախ բանակցային գործընթացում առկա խնդիրների ու ձախողումների պատասխանատվությունը դնում են հայակակն կողմի վրա։ Խոսքը թե Շառլ Միշելի միջնորդությամբ գործող ձևաչափի հետ վերջին շրջանում  հայտ եկած խնդիրների, թե ապաշրջափակման գործընթացում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման մասին է։ 

Այդ առումով ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների՝ առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում վարած քաղաքականությունը, որի նպատակը Հայաստանի շուրջ միջազգային կոնսոլիդացիայի ապահովումն էր, ամբողջովին ձախողվել է։ Երևանը, բազմաթիվ ցավոտ զիջումների գնալով և փոխարենը ոչինչ չստանալով, շատ հարցերում համարվում է նաև ապակառուցողական կողմ։ Ու այդ ամենը Ադրբեջանի կողմից իրականացվող սողացող ռազմական ագրեսիայի քաղաքականության պայմաններում։ 

Բրյուսելյան այցի գլխավոր տպավորությունն այն է, որ Հայաստանը ընդհանրապես բացակայում է բազմաթիվ կարևոր օրակարգերում։ Հայաստանի մասին խոսակցությունները գնում են միայն հակամարտության և ինչ-որ չափով նաև՝ բարեփոխումների գործընթացին աջակցելու համատեքստերում։ Թե Ադրբեջանը, թե Վրաստանը շատ ավելի տեսանելի ու լսելի են Բրյուսելում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում