Տիգրան Գրիգորյան
Դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարության կայքում հրապարակվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։ Դրանց մի մասը վաղուց պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես հրապարակված փաստաթղթեր են, մյուս մասն առաջին անգամ էր ամբողջությամբ հրապարակվում։ Այս փաստաթղթերի հրապարակումը Նիկոլի Փաշինյանի հեռակա բանավեճի հետևանքն է ՀՀ նախկին նախագահների հետ, որոնք վերջին տարիներին պահանջում էին հանրայնացնել մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը քննարկված բանակցային բովանդակությունը։ Փաշինյանը շաբաթներ առաջ խոստացել էր անել դա ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարումից հետո, ինչը տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին։
Հրապարակված փաստաթղթերի ցանկը մի շարք հարցեր է առաջացնում։ Նախ, պարզ չէ, թե ինչու 2014, 2015, 2016 և 2019 թվականներին համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հետ Կառավարությունը հրապարակել է բոլորի համար ի սկզբանե հասանելի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993-ին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված հայտնի բանաձևերը, 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը և նմանատիպ այլ փաստաթղթեր։
Այդ ցանկից բխող երկրորդ հարցն այն է, թե ինչ տրամաբանությամբ է որոշվել հրապարակել ինչ-որ ժամանակահատվածի առաջարկներ և չհրապարակել այլ ժամանակահատվածների նույնանման առաջարկներ։ Այդ առումով, օրինակ, հետաքրքրական է, որ Կառավարությունը որոշել է ցանկի մեջ ներառել վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում տարիներ առաջ հրապարակված փաստաթուղթ 1999-ի տարածքների փոխանակման տարբերակի մասին, բայց չհրապարակել 2001-ի Քի Վեսթի բանակցային տարբերակը, առանց որի այդ տարիների բանակցային գործընթացի վերաբերյալ խեղաթյուրված պատկեր կարող է ձևավորվել (այս տարիների բանակցային գործընթացի վերաբերյալ պատկերացում ունենալու համար կարող եք կարդալ «Ազատություն» ռադիոկայանի ծավալուն նյութը այդ թեմայով, ինչպես նաև 2000 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթի հիման վրա գրված հոդվածս):
Ցանկում ներառված փաստաթղթերը, որում, օրինակ, կա նաև 2016-ի օգոստոսին Վլադիմիր Պուտինին ուղղված Սերժ Սարգսյանի նամակը, հուշում են, որ այս պարագայում ևս գործ ունենք ոչ թե հանրությանն իրազեկելու մղման, այլ փաստացի մեկնարկած նախընտրական շրջանում սեփական պատումները տարածելու փորձի հետ։
Հրապարակված փաստաթղթերի ցանկում փորձագիտական տեսանկյունից հետաքրքություն են ներկայացնում 2014, 2015, 2016 և 2019 թվականներին համանախագահների առաջարկները, քանի որ վերջին տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ հիմնական բանավեճը դրանցում տեղ գտած կետերի շուրջ էր։ Չնայած այդ փաստաթղթերի վերաբերյալ մասնակի արտահոսքեր տեղի էին ունենում, մասնավորապես՝ նախկին համանախագահների կողմից, և ընդհանուր առմամբ այդ փաստաթղթերի տրամաբանությունը և դրանցում տեղի ունեցած փոփոխությունները հայտնի էին թեմայով զբաղվող մարդկանց համար, այնուամենայնիվ, դրանց ամբողջական հրապարակումը հնարավորություն է տալիս ոչ միայն ստուգել նախկինում գոյություն ունեցած պատկերացումների իսկությունը, այնպես էլ ավելի մանրամասն դիտարկել բանակցային բովանդակության հետ տեղի ունեցած փոփոխությունները և արդեն ավելի շոշափելի փաստերով արձագանքել դրանց վերաբերյալ վերջին տարիներին արված հայտարարություններին։
Այսպիսով, եթե Կազանի փաստաթղթի հետ համեմատում ենք 2014-ից ու դրանից հետո արված առաջարկները, մի շարք տարբերություններ կարելի է նկատել, որոնք ինչ-որ չափով արտացոլում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի փոփոխվող հավասարակշռությունը։
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամենակարևոր փոփոխություններից մեկը տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ կետում, ինչը պետք է որոշվեր ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կարտահայտեր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտումը և կունենար իրավական առումով պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն։ Կազանի փաստաթղթում հստակ սահմանվում էր, թե ինչ էր նկատի առնվում «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» ձևակերպման տակ. «ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են ցանկացած ազգության անձինք, որոնք ապրում էին ԼՂ-ում 1988-ին՝ նույն համամասնությամբ, որ գոյություն ուներ մինչև հակամարտության սկիզբը»: Հաջորդող բոլոր փաստաթղթերում այս կարևոր հստակեցումը արդեն չկար, ինչը բնականաբանար բարդացնում էր ԼՂ բնակչության կամարտահայտման իրականացման չափորոշիչների համաձայնեցումը։
5+2 ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Եթե կազանյան փաստաթղթով առաջարկվում էր առաջին փուլով Ադրբեջանին փոխանցել ԼՂԻՄ-ից դուրս գտնվող հինգ շրջանները (Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլուի), իսկ հայկական վերահսկողության ներքո մյուս երկու շրջանը՝ Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածն Ադրբեջանին աստիճանաբար փոխանցվելու էին կարգավորման առաջին փուլից հինգ տարի հետո՝ առանց այլ հարցերի հետ փոխկապակցության, ապա հաջորդ շրջանի առաջարկներում այդ երկու շրջանների վերադարձի որևէ ժամանակացույց չի նշվում. այդ հարցը լուծվում է կարգավորման հաջորդ փուլերում քննարկվելիք հարցերի հետ (Լաչինի միջանցքի լայնություն, ԼՂ կամարտահայտման իրականացում և այլն) փոխկապակցված և մեկ փաթեթով: Այն, որ այս հարցերը փոխկապակցված են, հստակ նշված է 2019-ին սեղանի դրված փաստաթղթերից մեկի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծում, որը կազմվել էր համանախագահների կողմից։
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Կազանից (2011) հետո բանակցային բովանդակության մեջ տեղի ունեցած մյուս կարևոր փոփոխություններն առչնվում էին Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ կետին։ Կազանի փաստաթղթում այս կետը հստակ էր ձևակերպված, օգտագործվում էր «միջանկյալ կարգավիճակ» եզրույթը, մանրամասն նշվում էին նաև միջանկյալ փուլում Լեռնային Ղարաբաղի իրավունքներն ու լիազորությունները՝ իշխանություն ձևավորել, ունենալ ինքնապաշտապանական և իրավապահ ուժեր, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ և այլն։
2015-ի օգոստոսից սկսած ներկայացվող առաջարկներում «միջանկյալ կարգավիճակ» եզրույթը չէր օգտագործվում, իսկ միջանկյալ փուլում Լեռնային Ղարաբաղի իրավունքները ներկայացնող բառապաշարը շատ ավելի զուսպ էր դարձել՝ ճանաչվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքները՝ բնակչության լիակատար կենսագործունեությունը ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, այս փուլում սեղանին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման առաջին փուլի վերաբերյալ հռչակագրի հետ միասին դրվում է մեկ այլ փաստաթուղթ՝ համանախագահների հայտարարությունը վերոնշյալ հռչակագրի վերաբերյալ։ Միջանկյալ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի իրավունքների և լիազորությունների մասին ամբողջական դրույթը արդեն ներառվել էր այս փաստաթղթի մեջ։ Այսինքն, Ադրբեջանը հրաժարվում էր հռչակագրով համաձայնեցնել ԼՂ հստակ իրավունքներն ու լիազորությունները միջանկյալ շրջանում, բայց դրանք արձանագրվում էին համանախագահների կողմից։ Այս իրավիճակը պահպանվել էր մինչև 2016-ի հունիս։
2016-ի Ապրիլյան մարտերից հետո արված հունիսյան առաջարկում միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ նոր ձևակերպում է մտցվում, որի մեջ նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղը մինչև վերջնական կարգավիճակի հարցի որոշումը կունենա այն իրավունքները, որոնք փաստացի ուներ միջպետական համաձայնագիրը ստորագրելուց առաջ։ Ինչպես նախորդ առաջարկների դեպքում, այդ պարագայում ևս միջանկյալ շրջանում ԼՂ լիազորությունները ավելի բաց և ծավալուն տեքստով ներկայացված էին համանախագահների հայտարարության մեջ։
***
Լեռնային Ղարաբաղի փաստացի իրավունքների պահպանան վերաբերյալ ձևակերպումը, սակայն, արդեն չկար 2016-ի օգոստոսին առաջարկված հայ-ադրբեջանական հռչակագրի նախագծում, որում կրկնվում էր նախորդ շրջանի ավելի զուսպ ձևակերպումը։ Սակայն այդ փուլում, ի հավելումն հռչակագրի և համանախագահների հայտարարության, կողմերին ներկայացվել էր նաև համանախագահների կողմից մշակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ։ Այս երեք փաստաթղթերը սեղանին էին դրված նաև 2019-ին։ ԱԽ բանաձևի նախագծի մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հանձնարարվում է «Կողմերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ խորհրդակցությամբ, մեկ ամսվա ընթացքում պատրաստել և Անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնել առաջարկներ՝ հռչակագրի 6-րդ կետի 1-ին պարբերությունում և Հայտարարության 4-րդ և 5-րդ կետերում ամրագրված պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելու իրավական և գործնական մանրամասների մասին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումն ապահովող իրավունքներին, և որոշում է, որ նշված իրավունքների ամբողջությունը կապահովի Լեռնային Ղարաբաղի ճանաչված կարգավիճակը ողջ ժամանակահատվածի համար»՝ մինչև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի կնքման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը։
Այս մեջբերմանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ելույթի ընթացքում անդրադարձ էր կատարել նաև Նիկոլ Փաշինյանը՝ եզրահանգելով․ «Սա, ի դեպ, Ադրբեջանի երկարամյա ցանկությունն է, որ ԼՂ կարգավիճակի հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի հարթակ, և հայկական կողմի համար սա մշտապես եղել է ամենաանցանկալի տարբերակը: Ինչո՞ւ. որովհետև եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է դա որոշի, ուրեմն պետք է որոշի իր իսկ ընդունած նախկին բանաձևերի շրջանակներում»։
Փաշինյանը, սակայն, իր ելույթում չի նշել, օրինակ, որ համանախագահների հայտարարության 4-րդ և 5-րդ կետերը, որոնք մանրամասն ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքները միջանկյալ փուլում, ԱԽ բանաձևի նախագծում անվանվում են պայմանավորվածություններ։ Հասկանալի չէ նաև, թե ինչու պիտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից մշակված ԼՂ միջանկյալ կարգավիճակի չափորոշիչները փոփոխվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից, որի հինգ մշտական անդամներից երեքը նույն Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին։ Ավելին, ԱԽ նախագծի մեջ, որը, ինչպես արդեն նշվեց, առաջարկների փաթեթի մաս էր, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 1993-ին ընդունված բանաձևերին որևէ հղում չկա։
Միջանկյալ կարգավիճակի մասին Փաշինյանի մյուս պնդումը ևս հստակ հերքվում է հրապարակված փաստաթղթերով։ Քննիչ հանձնաժողովում իր ելույթի ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին հատվածում նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղը կարող էր և մեծ հավանականությամբ պիտի դառնար հայերի և ադրբեջանցիների կողմից համատեղ կառավարվող միավոր: Կառավարության հրապարակած բանակցային փաստաթղթերում, սակայն, որևէ խոսք չկա առաջին փուլում նախկին ԼՂԻՄ տարածք ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին։ Իսկ միջանկյալ կարգավիճակը ԼՂ-ին տրվելու էր հենց առաջին փուլում և գոյություն էր ունենալու մինչև վերջնական կարգավիճակի որոշումը։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ անժխտելի իրողություն է, որ բանակցային բովանդակության որոշ տարրեր 2011-ի Կազանի հանդիպումից հետո ավելի ոչ նպաստավոր էին դարձել հայկական կողմի համար։ Միևնույն ժամանակ, իշխանությունների վերջին տարիների պնդումները, թե սեղանին աղետալի փաստաթղթեր էին դրված, որոնք նրանց ընտրության և մանևրելու տեղ չէին թողնում, ևս թյուր են։ 2019-ին ներկայացված փաստաթղթերով Լեռնային Ղարաբաղը լայն իրավունքներով միջանկյալ կարգավիճակ էր ստանում, որը ամրագրված կլիներ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, պահպանում էր վերահսկողությունը Քելբաջարի և Լաչինի շրջանների նկատմամբ, Ադրբեջանին փոխանցվող հինգ շրջանները ապառազմականացված էին մնում, միջազգային հանրությունը դե յուրե ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում Հայաստանի դերը և այլն։
Հարցադրումները, թե արդյոք Ադրբեջանը կհամաձայներ այս փաթեթին կամ համաձայնելու դեպքում հետագայում չէ՞ր խախտի պայմանավորվածությունները, լեգիտիմ են, բայց երկրորդական։ Առաջնայինն այն է, որ Հայաստանի կառավարությունը խուսափել է բովանդակային բանակցություններ վարել այս փաթեթի շուրջ՝ Ադրբեջանին հնարավորություն տալով լեգիտիմացնել իր ապագա ագրեսիան։ Սա այս կառավարության գլխավոր տարբերությունն է նախորդ բոլոր իշխանություններից։
Տիգրան Գրիգորյան











