Գլխավոր Լրահոս

Քլինթոն-Պուտին հանդիպման գաղտնազերծված սղագրությունն ու Ղարաբաղյան հակամարտությունը

Քլինթոն-Պուտին հանդիպման գաղտնազերծված սղագրությունն ու Ղարաբաղյան հակամարտությունը

Ամիսներ առաջ «Ազատություն» ռադիոկայանը ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված հեռագրերի հիման վրա լայնածավալ նյութ էր պատրաստվել, որում նկարագրվում էր, թե ինչպես էին Ադրբեջանն ու Հայաստանը 1999-ին ու 2000-ին բանակցում Մեղրին Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի շրջանի հետ փոխանակման ծրագրի շուրջ, որը ղարաբաղյան կարգավորման պատմության մեջ մնացել է որպես տարածքների փոխանակման տարբերակ։ 

Այս տարբերակի շուրջ բանակցությունները կողմերի միջև սկսվել էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարիներին։ 1999-ի ընթացքում Քոչարյանն ու Ալիևը երկկողմ մի շարք հանդիպումներ են անցկացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին և նույն տարվա աշնանը արդեն շատ մոտ էին համաձայնությանը։ 

Այնուամենայնիվ, 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որի արդյունքում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը ու վեց այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարածքների փոխանակման շուրջ բանակցությունները փակուղի մտան։ Ազատության հոդվածում ներառված դիվանագիտական հեռագրերը ցույց են տալիս, որ Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանը արևմտյան դիվանագետների հետ իր շփումներում նշում էր, որ ներքաղաքական անկայունության պայմաններում դժվար է լինելու կյանքի կոչել այդօրինակ պայմանավորվածություններ, մտահոգություն էր հայտնում Իրանի հետ սահմանը կորցնելու վերաբերյալ, ինչպես նաև հավելյալ պահանջներ էր առաջ քաշում պայմանագիրը կնքելու համար, օրինակ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ 

Ժամանակագրային առումով Ազատության նյութի մեջ ներառված վերջին հեռագիրը 2000 թվականի մարտից էր։ Այդ ժամանակահատվածին հաջորդած շրջանում տեղի ունեցած գործընթացները, ինչպես նաև բանակցային բովանդակության տրանսֆորմացիան հասկանալու համար, անշուշտ, հավելյալ գաղտնազերծված փաստաթղթեր են պետք։ Այդպիսի փաստաթղթերից մեկը օրերս հրապարակել է ամերիկյան «Ազգային անվտանգության արխիվ» (National Security Archive) հետազոտական կենտրոնը, որը տեղակայված է Ջորջ Վաշինգտոն համալսարանի տարածքում։ 

Կենտրոնը, մասնավորապես, հրապարակել է 2000 թվականի հունիսի 4-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի գլխավորած պատվիրակության ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսաստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման գաղտնազերծված սղագրությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացին։

Հետաքրքրական է, որ Պուտինը, հանդիպման մեկնարկին օրակարգ է ներկայացնում, որի մեջ հայ-ադրբեջանական բանակցությունների թեման ներառված չէր։ Քլինթոնը, արձագանքելով Ռուսաստանի նախագահի խոսքին, առաջարկում է քննարկվող հարցերի ցանկին ավելացնել նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Նա մի շարք հետաքրքրական պնդումներ է անում այդ թեմայով, մասնավորապես, նշելով. 

«Որոշները կարող են կարծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական հակամարտությունը նպաստում է Ռուսաստանի ազդեցության պահպանմանը։ Սակայն իրականում Ռուսաստանի սահմաններին անկայունությունը վտանգավոր է։ Կարգավորումը կհեշտացնի հաշտեցումը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչը նույնպես լավ կլինի Ռուսաստանի համար։ Մենք երկար ժամանակ աշխատել ենք Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ նման կարգավորման հասնելու համար, սակայն մեր լծակները բավարար չէին գործընթացն առաջ տանելու համար։ Անհրաժեշտ է ձեր օգնությունը»։

Քլինթոնը հայտնում է Պուտինին, որ Քոչարյանը հակված չէ Ալիևի հետ մշակված կարգավորման պլանը կյանքի կոչել՝ ցանկանալով պահպանել Իրանի հետ սահմանը։ Նա հավելում է․ «Միգուցե հատուկ պայմանավորվածություններ կարող են գտնվել, ներառյալ՝ էստակադաներ կամ անվտանգ միջանցքներ»։ 

Արձագանքելով Քլինթոնի խոսքին՝ Պուտինը նշում է, որ կարգավորման այդ պլանի մասին առաջին անգամ լսել է Վազգեն Սարգսյանի հուղարկավորության ժամանակ, և իր սկզբնական արձագանքը շատ դրական էր։ Նա հայտնում է նաև, որ Ռուսաստանը օգտագործել է իր ազդեցությունը Հայաստանի բանակում ու ինստիտուտներում՝ կարգավորմանը նպաստելու համար, բայց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը արգելափակել է առաջընթացը։ Ռուսաստանի նախագահը նշում է, որ Ալիևը, կարծես, մտածում է, որ հակամարտության կարգավորումը իրեն պատմության մեջ տեղ կապահովի։

Այս թեման ամփոփելով՝ Պուտինը ասում է․ 

«Սակայն ես պետք է ձեզ ասեմ, պարոն նախագահ, որ Մինսկում նախագահ Քոչարյանի հետ իմ հանդիպման ժամանակ նա ինձ խնդրեց չշարունակել առաջ մղել գործընթացը։ Նա կարծում է, որ կարգավորման ժամանակը կարող է գալ ավելի ուշ։ Կարծում եմ, որ մենք պետք է վստահենք նրան այս հարցում, քանի որ նա մեզանից լավ գիտի իրավիճակը։ Կառավարությունում բազմաթիվ փոփոխությունների արդյունքում, որոնք ձեռք բերվեցին միայն մեծ դժվարությամբ, նրա քաղաքական դիրքերը, կարծես թե, բարելավվել են։ Չնայած դրան՝ նախագահ Քոչարյանը ցանկանում է դադար վերցնել գործընթացում, և կարծում եմ, որ մենք պետք է հարգենք դա»։

Գաղտնազերծված այս փաստաթղթի առանձնահատկությունը նաև այն է, որ ի տարբերություն «Ազատության» հրապարկած դիվանագիտական հեռագրերի, սա հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկու ամենակարևոր տերությունների առաջնորդների ուղիղ զրույցի սղագրություն է, ինչը ավելի ընկալելի է դարձնում տեղի ունեցած գործընթացների էությունը։ 

Այս փաստաթուղթը, մեծ հաշվով, հաստատում է այն գլխավոր մտահոգություններն ու փաստարկները, որոնք ուներ հայկական կողմը Հոկտեմբրի 27-ին հաջորդած շրջանի բանակցություններում՝ Իրանի հետ սահմանի կորուստը և ներքաղաքական անկայունությունը, որը կարող է խոչընդոտել բանակցային ծրագրի իրականացումը։ Բայց այս սղագրության ամենաարժեքավոր տեղեկությունը կարելի է համարել այն, որ ամերիկյան կողմը, հաշվի առնելով այդ մտահոգությունները, արդեն այս փուլում սկում է մտածել նոր լուծումների վերաբերյալ՝ ի դեմս էստակադաների և անվտանգ միջանցքների։

«Ազատության» հրապարակած դիվանագիտական հեռագրերում որևէ խոսք չկար էստակադաների ու միջանցքների մասին, այդ փաստաթղթերում ներկայացված են միայն տարածքների փոխանակման մասին քննարկումները։ Այսինքն, կարելի է պնդել, որ հենց այս փուլում էր տեղի ունենում տարածքների փոխանակման ծրագրի տրանսֆորմացիան Քի Վեսթի տարբերակին։

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հետևալ կերպ է  նկարագրում Քի Վեսթի տարբերակը․ «Եթե շատ հակիրճ և հասկանալի լեզվով ներկայացնենք Քի Վեսթի տարբերակը, ապա կունենանք հետևյալ պատկերը. Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով միջանցքով միացվում է Հայաստանի Հանրապետությանը, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ ինչպես նշված է փաստաթղթում՝ sovereign passage, կապի հնարավորություն է ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր յոթ շրջաններից, բացի 20 կիլոմետրանոց միջանցքը»։ Հակոբյանը նաև նշում է, որ սկզբնական շրջանում քննարկվում էր 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով` overpassing elevated road, Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու տարբերակը, սակայն այն չափից դուրս թանկ էր ստացվում:

Գաղտնազերծված սղագրության մեկ այլ հետաքրքրական դետալը, իհարկե, այն է, որ բանակցությունների մեկնարկին հենց ամերիկյան կողմն է պնդում հայ-ադրբեջանական կարգավորման հարցը ներառել հանդիպման օրակարգի մեջ։ Սա ապացուցում է ԱՄՆ առաջնային դերն այս շրջափուլի բանակցային գործընթացում։ Պուտինի այն պնդումը, որ նա տարածքների փոխանակման տարբերակի մասին իմացել է Վազգեն Սարգսյանի հուղարկավորության ժամանակ, իհարկե, թերահավատություն է առաջացնում, այնուամենայնիվ, այն ևս նկարագրում է կողմերի ակտիվության աստիճանը այդ փուլում։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև այս զրույցի գաղտնազերծված սղագրությունը հերթական կարևոր փաստաթուղթն է ղարաբաղյան կարգավորման գործընթացի 1999-ից 2001 թվականը ընկած շրջափուլը հասկանալու համար։ Այս ժամանակահատվածում բանակցված տարբերակները մինչ այսօր հրապարակված չեն, ու դրանց վերաբերյալ տարատեսակ մեկնաբանությունները ակտիվ օգտագործվում են ներքաղաքական նպատակներով։ 

2019-ին միջազգային մի համաժողովի ընթացքում ես հնարավորություն ունեցա քննարկել տարածքների փոխանակման և Քի վեսթի տարբերակները ամերիկացի նախկին դիվանագետի հետ, որն ակտիվորեն ներգրավված էր գործընթացի մեջ։ Նա մեր զրույցում նշել էր, որ այդ փաստաթղթերը չեն հրապարակվում, որովհետև խիստ զգայուն են և կարող են խոչընդոտներ ստեղծել բանակցային գործընթացում։

ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ Քի Վեսթի փաստաթուղթը չկա ՀՀ ԱԳՆ արխիվում։ Սա, իհարկե, աբսուրդային իրավիճակ է, որը տարատեսակ խեղաթյուրումների համար լայն տարածություն է ստեղծում, այդ թվում՝ իշխող ուժի կողմից։ Հաշվի առնելով, որ վերջին 30 տարվա ընթացքում ղարաբաղյան կարգավորման գործընթացում բանակցված բոլոր տարբերակները վաղուց կորցրել են իրենց արդիականությունը՝ ՀՀ կառավարությունը պետք է հրապարակի իր տրամադրության տակ առկա բոլոր փաստաթղթերը։ Միայն այս դեպքում է հնարավոր վերջին տասնամյակների բանակցային գործընթացի օբյեկտիվ վերլուծություն իրականացնել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում