Հայ-ադրբեջանական սահմանին ծանր մարտերի մասին ադրբեջանական տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունները կեղծ են, նշում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը։
ՊՆ խոսնակը հայտնում է, որ ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
***
Այսօր՝ հունիսի 15-ին, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող։ Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ։
Հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի սահմանապահները նաև առաջխաղացման փորձ են կատարել Հակարիի կամրջի ուղղությամբ՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է:
Civilnet











