Գևորգ Թոսունյան
Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրման համար նախ և առաջ էական դեր է խաղացել Շուշիի անկումը․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին։
Նա հիշեցրեց իր նախկին հայտարարությունները, որ եթե չստորագրեր այդ փաստաթուղթը՝ 25 000 զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ։
Ըստ Փաշինյանի՝ այդ փաստաթուղթը պատերազմը դադարեցնելու հինգերորդ փորձն էր։ Առաջինը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան առիթով զանգահարել էր շնորհավորելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Այդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրադադարի վերաբերյալ ընդհանուր եզրահանգման են եկել, Ռուսաստանի նախագահը խոստացել է խոսել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Երեկոյան Պուտինն իրեն տեղեկացրել է, թե Ադրբեջանը պատրաստ չէ գնալ հրադադարի։
«Այսուհանդերձ, Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը խոսել Ալիևի հետ։ Հաջորդ օրը ադրբեջանական կողմը նախապայման ուներ. ակնկալում էր, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերը Արաքսի ափով նահանջեն մինչև Խուդաֆերի ջրամբար, այնպես որ՝ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ»,- հայտնեց Փաշինյանը։ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ դիվերսանտներ Ասկերովի և Գուլիևի վերադարձն էր։ Նրանք 2014-ին Արցախում դատապարտվել էին ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու համար։
Փաշինյանը հայտնեց, որ այս ամենի դիմաց ոչ թե պատերազմը դադարեցվելու էր, այլ հումանիտար հրադադար էր հայտարարվելու՝ առանց երաշխիքի, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։
Նա, այդուհանդերձ, իր պայմաններն է առաջադրել, որից հետո տեղի է ունեցել եռակողմ առաջին հանդիպումը՝ Պուտինի նախաձեռնությամբ։ Հայտարարվել է հումանիտար հրադադար 2020-ի հոկտեմբերի 10-ին, որն այդպես էլ չի պահպանվել։
Պուտինին ուղիղ հարցրեցի՝ ինչ անեմ, որ պատերազմը կանգնի
2020-ի հոկտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ու խնդրել՝ պատասխանել ուղիղ հարցի՝ «ինչ պետք է անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի»։
Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ կարելի է փորձել հինգ շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնել՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման։
Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ սկսել աշխատանքները։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ կողմերի մինջև հրադադար հաստատվի։ Հաջորդ օրը կողմերը ընդհանուր հայտարարի եկան ու հրադադարի հաստատման մասին հայտարարություն արեցին։
Այս հայտարարությունից հետո, ըստ Փաշինյանի, կրակն ընդհանրապես չդադարեցվեց։
Ես դեմ էի Մեղրիում խաղաղապահների կանգնեցմանը
Փաշինյանը կրկին խոսեց Պուտինի հետ քննարկումների մասին։ Հոկտեմեբերի 19-ի կեսօրին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ դեռ տարիներ առաջ մշակված ռուսական ծրագրի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը. «Վերադարձրվում են յոթ շրջանները՝ հինգ գումարած երկու ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքի հարցը, Ղարաբաղի հարցը մնում է առանց հստակեցման»։
Դրանից հետո Փաշինյանը հրավիրել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, հետո Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Ասել է, որ պատրաստվում է զանգահարել Պուտինին ու հայտնել՝ ընդունում է այդ տարբերակը։
«Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասացի, որ ես իրենց հրավիրել եմ, որովհետև համարում եմ, որ իրենց տեղեկացնելով՝ նաև հանրությանն եմ տեղեկացնում։ Ես ուզում եմ, որ հանրությունը տեղյակ լինի։ Դահլիճում նստելու տեղ չկար։ Ասացի, որ սա անում եմ ուղղակի հանրությանը տեղեկացնելու ռեժիմով, ոչ թե, որ դուք ինձ հետ կիսեք պատասխանատվությունը»։
«Երեկոյան զանգահարեցի ու ՌԴ նախագահին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը դադարեցնելուն։ Ռուսաստանի նախագահը զանգեց ու ասաց, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր յոթ շրջանները։ Բայց սա ամբողջը չէր. հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն ինձ ասաց, որ Ադրբեջանի նախագահն ունի ևս մեկ պայման՝ նա ակնկալում է, որ ադրբեջանցի փասխստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմում էին Շուշիի 90 տոկոսը, վերադառնան Շուշի»։
Այսպիսով՝ Ադրբեջանն առաջարկել էր, որ Շուշիում լիներ առնվազն 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը դուրս էր լինելու Լաչինի միջանցքից։
«Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել։ Վերջին շրջանի իրադարձություններն այն ժամանակվա իմ կանխատեսումներն ապացուցեցին»,- նշեց Փաշինյանը։
Բացի այդ, ըստ Փաշինյանի, Մեղրիում պետք է տեղակայվեին խաղաղապահներ, որպեսզի Նախիջևանը կապվի Ադրբեջանին, ինչին ինքը կտրականապես դեմ էր։
Հոկտեմբերի 23-ին ի հայտ եկավ հրադադարի հաստատման ամերիկյան նախաձեռնությունը, սակայն այն ևս արդյունք չտվեց։
Ըստ Փաշինյանի՝ մարտադաշտում խնդիրներն այդ ընթացքում էլ ավելի էին սրվում, 9-րդ պաշտպանական գծում՝ Ջրականի ուղղությամբ, ճեղքում էր եղել։
Հասկանում էի, որ Շուշին այլևս ետ բերել հնարավոր չէր
Փաշինյանն ասում է, որ նոյեմբերի 8-ին արդեն հասկացել էր, որ Շուշին այլևս ետ բերել չեն կարող։ Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախագահը ահազանգում էր ստեղծված ծանր իրավիճակի մասին։
Նոյեմբերի 8-ին ու 9-ին Փաշինյանը Պուտինի հետ ունեցել է շուրջ 20 խոսակցություն։
«Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը։ Ի վերջոմ քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ հայտարարությունը»։
Փաշինյանը շեշտեց՝ ոչ թե երեկոյան, այլ առավոտյան է ստորագրել, այնուհետև պարզվել է, որ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում ու առաջ է քաշում նոր պահանջներ։
«Գործընթացի կուլմինացիան երեկոյան էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ։ Այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանի նախագահն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել Տավուշի անկլավների մասին կետ, ես ասացի, որ բացառվում է՝ նման հայտարարություն ստորագրեմ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել տեքստից։ Ի վերջո, ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որն ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր մյուսներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր ենթադրում, մյուսը՝ անկլավների մասին կետ»,- նշեց Փաշինյանը։
Տե՛ս նաև՝ Ինչպես ընկավ Շուշին․ Փաշինյանի բացատրությունները Քննիչ հանձնաժողովում
Civilnet











