Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին խորհրդակցություն է հրավիրել պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ, հայտնում են Արցախի պետնախարարի գերասենյակից։
Ներսիսյանը, անդրադառնալով հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից ամբողջությամբ արգելափակելու հանգամանքին, մասնավորապես, նշել է. «Թեև մենք շրջափակման մեջ ենք գտնվում 2022թ. դեկտեմբերի 12-ից, այդուհանդերձ, այդ ընթացքում, ունենալով շատ քիչ հնարավորություններ, մենք կարողացել ենք որոշակիորեն բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը: Այդ պատճառով մենք հիմա ունենք դիմադրողականության ավելի մեծ աստիճան: Խուճապի մատնվել պետք չէ. իհարկե, այս կամ այն ապրանքատեսակի մասով ունենալու ենք պակասի զգացում, արդեն ունենք շաքարավազի ու ձեթի խնդիր: Ունենք կրիտիկական պահերի համար նախատեսված հնարավորություններ, սակայն դրանց օգտագործմանը հիմա մենք չենք դիմի: Ալյուրի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասով ունենք կայուն վիճակ»:
Խորհրդակացությանը գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները։
Civilnet











