Հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որը տեղի ունեցավ բաց ռեժիմով։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ Քննիչ հանձնաժողովի միակ նպատակը 2020-ի պատերազմում Հայաստանի կրած ծանր պարտության մեջ ՀՀ գործող իշխանությունների դերակատարության մաքրագրումն է լինելու։ Նիկոլ Փաշինյանի ցուցմունք/ելույթը քննիչ հանձնաժողովի նիստին միայն ամրապնդեց այդ ընկալումները։ Այդ առումով պետք է արձանագրել, որ քանի դեռ քաղաքական այս թիմն է իշխանության, անիմաստ է խոսել 44-օրյա պատերազմի հանգամանքների լիարժեք ուսումնասիրության հնարավորության մասին։
Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի կառուցվածքը հաստատում է վերոնշյալ պնդումները։ Վարչապետի երեքժամանոց խոսքում երկու ժամից ավելին նվիրված էր բանակցային գործընթացի պատմությանը և Փաշինյանի կողմից դրա տարբեր դրվագների սիրողական մակարդակի մեկնաբանություններին։ Նպատակը, ինչպես արդեն նշվեց, հստակ է․ սեփական սխալների ու բացթողումների պատասխանատվությունը բարդել անցյալի վրա՝ ուշադրությունը շեղելով պատերազմին նախորդած շրջանի ու պատերազմի ընթացքում կայացրած որոշումների վերաբերյալ բարդ հարցադրումներից։
Այնուամենայնիվ, Փաշինյանի ելույթի քիչ թե շատ արժեքավոր հատվածը հենց 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ իր հայտարարություններն էին։ Այս փուլում տեղեկությունների այլընտրանքային աղբյուրների սակավաության պատճառով դժվար է մեկնաբանել դրանք, սակայն ապագայում՝ այլ դերակատարների կողմից այս թեմայով հրապարակային ելույթների առկայության պարագայում, հնարավոր կլինի համադրելու միջոցով իրականությանը մոտ պատկեր ունենալ։
Նիկոլ Փաշինյանի ելույթի պատմական մասը, սակայն, ինչպես և ակնկալվում էր, հիմնականում բաղկացած էր խեղաթյուրումներից, կիսաճշմարտություններից, բանակցային գործընթացի պատմության տարբեր դրվագների վերաբերյալ կամայական և անհիմն մեկնաբանություններից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ՝ բացահայտ ստերից։ Այդ ելույթի ընթացքում հնչեցված մի շարք խնդրահարույց պնդումներ նա կրկնել էր նաև նախկինում։ Այդ իսկ պատճառով ստորև անդրադարձ կկատարվի միայն այն հայտարարություններին, որոնք ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ են կրում ու նաև ցույց են տալիս իշխող քաղաքական թիմի անտեղյակության աստիճանը այս թեմայով։
Փաշինյանի սուտը Քի Վեսթի մասին
Փաշինյանի ելույթում ամենաակնհայտ ու անթաքույց սուտը կապված էր Քի Վեսթում քննարկված փաստաթղթի հետ։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե քիվեսթյան տարբերակով Լեռնային Ղարաբաղը ինքնավարության կարգավիճակ էր ստանում Ադրբեջանի կազմում։ Հատկանշական է, որ ելույթի այդ հատվածում Փաշինյանը նշում է, որ քանի որ քիվեսթյան տարբերակից պաշտոնական փաստաթղթեր չեն մնացել, նա իր եզրահանգումներին հասել է՝ հիմնվելով տարբեր արտահոսքերի վրա։ Այս երկու պնդումն էլ պարզապես չեն համապատասխանում իրականությանը։ Քիվեսթյան տարբերակով Լեռնային Ղարաբաղը Լաչինի շրջանի մի մասի հետ դառնում էր Հայաստանի Հանրապետության դե յուրե մաս։
Տարիներ առաջ ես հնարավորություն եմ ունեցել այս թեմայով զրույց ունենալ այդ տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի հետ։ Նա հաստատեց իմ պնդումը։ Քավանոն նույն զրույցի ընթացքում հայտնեց, որ բանակցային այդ տարբերակը մինչ այսօր չի հրապարակվել, քանի որ այն դեռ զգայուն տեղեկություններ է պարունակում և կարող է վնասել բանակցային գործընթացին։ Այս զրույցը տեղի է ունեցել 2019-ին Թբիլիսիում։ Փաշինյանի պնդումը, թե իբր Քի Վեսթից որևէ փաստաթուղթ չի պահպանվել, ևս չի համապատասխանում իրականությանը։
Քիվեսթյան բանակցային բովանդակությանը ծանոթ մարդիկ կան նաև Հայաստանում։ Ահա թե ինչ է գրում լրագրող Թաթուլ Հակոբյանը Քի Վեսթի տարբերակի մասին․
«Եթե շատ հակիրճ և հասկանալի լեզվով ներկայացնենք Քի Վեսթի տարբերակը, ապա կունենանք հետևյալ պատկերը. Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով՝ միջանցքով, միացվում է Հայաստանի Հանրապետությանը, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ ինչպես նշված է փաստաթղթում՝ sovereign passage, կապի հնարավորություն է ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր 7 շրջաններից, բացի 20 կիլոմետրանոց միջանցքը»։
Չկա որևէ վստահելի աղբյուր, որը քիվեսթյան տարբերակով առաջարկված լուծման մասին գրելիս արել է Փաշինյանի արած պնդումը։ Մեծ հաշվով, պարզ է, թե ինչու է Փաշինյանը հենց Քի Վեսթի պարագայում որոշել կանխամտածված խեղաթյուրել իրականությունը․ այն հակասում է բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ վերջին տարիների խոսույթին։
Փաշինյանի մանիպուլյացիան 1999-ի տարածքների փոխանակման պլանի մասին
Մինչև Քի Վեսթի մասին խոսելը Փաշինյանը դավադրապաշտական հայտարարություններ արեց նաև 1999-ի տարածքների փոխանակման տարբերակի վերաբերյալ։ Նախ, նա այդ փաստաթղթից հատվածներ ներկայացրեc խիստ ընտրողաբար՝ հերթական անգամ խոսելով կիսաճշմարտությունների լեզվով։ Այնուհետ հայտարարեց, որ տարածքների փոխանակման ծրագիրը կանխել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը՝ իրենց կյանքով։ Այս վարկածը նախկինում ևս տարբեր ուժեր և գործիչներ հնչեցրել են։ Այնուամենայնիվ, այս տեսակետը ունեցող մարդիկ չեն կարողանում պատասխանել մեկ տրամաբանական հարցի՝ եթե Սարգսյանն ու Դեմիրճյանն էին տարածքների փոխանակման ծրագրին խոչընդոտում, ինչու Հայաստանն այդ տարբերակից պաշտոնապես հրաժարվեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո։
Հատկանշական է, որ Փաշինյանը հերթական անգամ նշեց նաև, որ 1999-ի բանակցային տարբերակը հրապարակված է, և բոլորը կարող են ծանոթանալ դրան համացանցում։ Այս պնդումը, իհարկե, ևս չի համապատասխանում իրականությանը, և ցույց է տալիս, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները բոլորովին վերջերս են սկսել ծանոթանալ նախորդ տարիների բանակցային բովանդակությանը։
2016-ի մարտերից հետո հրադադարի նոր փաստաթուղթ ստորագրելու մասին
Փաշինյանն իր ելույթում մի շարք նոր հակասական պնդումներ արեց։ Նա, մասնավորպես, փորձեց բացասական լույսի ներքո ներկայացնել հանգամանքը, որ 2016-ի ապրիլյան էսկալացիան կանգնեցվել է բանավոր պայմանավորվածության հիման վրա՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց իշխանությունը առնվազն հինգ գրավոր պայմանավորվածություն է ձեռք բերել։ Սա պարադոքսալ հայտարարություն է և կրկին ցույց է տալիս, որ ՀՀ գործող իշխանությունները ի վիճակի չեն նույնիսկ բանակցային գործընթացում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը ընկալել։ Այն, որ ապրիլյան էսկալացիայից հետո հրադադարի վերաբերյալ որևէ նոր փաստաթուղթ չի ստորագրվել, կարելի է համարել հայկական կողմի լուրջ ձեռքբերում։ Ակնհայտ է, որ հրադադարի նոր փաստաթուղթ կստորագրեին միայն Երևանն ու Բաքուն՝ զրոյացնելով հրադադարի ռեժիմի հաստատման ու պահպանման վերաբերյալ 1994-1995 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց տակ կար Լեռնային Ղարաբաղի ներակայացուցչի ստորագրությունը։
Հիշեցնենք, որ ապրիլյան էսկալացիայից հետո տեղի էր ունեցել Վիեննայի հանդիպումը՝ կողմերի և Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ, որի արդյունքում համանախագահների մակարդակով ընդունվել էր հայտարարություն 1994-1995 թվականների պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտության մասին։ Այդ հայտարարությունը հետագայում վերահաստատվել էր նաև Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ։ Սա ևս կարևոր մանրուք է, որը ցույց է տալիս գործող իշխանությունների՝ բանակցային տրամաբանության վերաբերյալ տարրական պատկերացումների բացակայությունը։
Փաշինյանի սուտը Մադրիդյան փաստաթղթի մասին
Քննիչ հանձնաժողովի իր ելույթում Փաշինյանը կրկին հնչեցրեց վերջին տարիների ընթացքում Մադրիդյան փաստաթղթի, ինչպես նաև դրան հաջորդած բանակցային տարբերակների վերաբերյալ մի շարք մոլորեցնող հայտարարություններ։ Նա, մասնավորապես, հերթական անգամ կրկնեց այն միտքը, որ ընդունելով Մադրդիյան սկզբունքները (որոնց առանցքային տարրերից մեկը ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումն էր պլեբիսցիտի մեխանիզմի միջոցով) որպես բանակցությունների հիմք, հայկական կողմը զրոյացրել է Արցախի 1991-ի անկախության հանրաքվեն։
Սա պարադոքսալ պնդում է, հատկապես եթե հաշվի ենք առնում Փաշինյանի ցուցմունք-ելույթի հիմնական ուղերձը՝ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մշտապես տեսնում էր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այսինքն, եթե համադրում ենք Փաշինյանի այս երկու պնդումը, ստացվում է, որ Մադրիդյան սկզբունքները զրոյացրել են մի բան, որը երբեք չի ճանաչվել ու չէր ճանաչվելու միջազգային հանրության տեսանկյունից։ Իրականությունը, իհարկե, այն է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն չէր կարող դառնալ որևէ բանակացային լուծման հիմք, իսկ Ադրբեջանը ԼՂ ապագայի վերաբերյալ վետոյի իրավունք ստացել է ոչ թե 2007-ին, ինչպես հայտարարում է Փաշինյանը, այլ մշտապես ունեցել է այդ իրավունքը հակամարտության մեկնարկից սկսած։ Եթե առաջ ենք շարժվում այն կանխավարկածով, որ հայկական կողմերի նպատակը վերջին տասնամյակների ընթացքում պետք է լիներ ԼՂ իրացված կամարտահայտման իրավունքի միջազգային ճանաչումը, ապա Ադրբեջանի հետ որևէ բանակցություններ կարգավիճակի հարցով արդեն իսկ զրոյացնում էին 1991-ի հանրաքվեի արդյունքները։
2016-ի ռուսական առաջարկների մասին
Իր ելույթում Փաշինյանը կրկնեց մեկ այլ վիճահարույց պնդում, որը նա հնչեցրել էր նախկինում։ Խոսելով 2016-ի օգոստոսի ռուսական առաջարկների մասին՝ նա նշեց, որ կողմերի միջև համաձայնության պարագայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդուներ «Լեռնային Ղարաբաղի բնական կենսագործունեությունը ապահովելու իրավունքի իրացման գործնական և իրավական եղանակների մասին» բանաձև, որով կհաստատվեր Լեռնային Ղարաբաղի ճանաչված կարգավիճակը մինչև նրա վերջնական կարգավիճակի որոշումը։ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ այս հարցը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ մտնելով, դուրս կգար Հայաստանի ազդեցության դաշտից։ Նա այս համատեքստում կրկին հիշատակեց Անվտանգության խորհրդի ընդունած չորս հայտնի բանաձևերը, ինչպես նաև 2008-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևը՝ նշելով, որ ՄԱԿ-ի շրջանակում անհնար էր հասնել հայանպաստ որոշումների։
Այս պնդումը մոլորեցնող է մի քանի պատճառներով․
1․ Ակնհայտ է, որ բանաձևի բովանդակությունը պետք է համաձայնեցված լիներ կողմերի միջև։ Առանց այդ համաձայնության՝ հարցը պարզապես չէր կարող մտնել Անվտանգության խորհուրդ։ Ավելին, այդ բովանդակության հեղինակները Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են։ Գործնականում բացառվում է մի իրավիճակ, երբ համանախագահների առաջարկությունների ու կողմերի համաձայնության հիման վրա Անվտանգության խորհուրդ մտած բանաձևի նախագիծը չընդունվերկ կամ ձևափոխվեր։
2․ Անընդհատ հիշատակելով 1993-ին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ Հայաստանի վարչապետը չի ընկալում, որ այդ բանաձևերի հիմնական նպատակը պատերազմական գործողությունների դադարեցումն էր։ ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններ վարելու գործառույթը ու լիազորությունը նույն բանաձևերով արտապատվիրակված էր Մինսկի խմբին։
3․ Հիշատակելով Գլխավոր վեհաժողովի՝ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» 62/243 բանաձևը, որն իր բնույթով իրոք հակահայկական էր, Փաշինյանը կա՛մ մոռանում է նշել, կա՛մ էլ տեղյակ չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ոչ մեկը կողմ չի քվեարկել այդ բանաձևին։ Մինսկի խմբի համանախագահ երկրները դեմ են քվեարկել բանաձևին, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան՝ ձեռնպահ։ Միացյալ նահանգների ներկայացուցիչը քվերակությունից առաջ հնչեցրել էր համանախագահների միասնական կարծիքը և նշել, որ բանաձևը հավասարակշիռ չէ և հաշվի չի առնում միջնորդների մոտեցումները։
Փաշինյանի ելույթի այլ խեաղթյուրումները
Փաշինյանի ելույթի մեջ կային մի շարք այլ խեղաթյուրումներ ու պնդումներ, որոնք ցույց են տալիս, որ գործող իշխանությունները պարզապես ի վիճակի չեն ընկալել պարզ իրողություններ բանակցային գործընթացի պատմությունից։
Այ հոդվածի շրջանակում անհնար է անդրադարձ կատարել այդ բոլոր խնդրահարույց հայտարարություններին։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է արձանագրել, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը միմիայն քաղաքական նպատակներ է հետապնդում, որոնք շատ պարզ են։ Իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից ոչ միայն անցյալի սխալների ու բացթողումների համար, այլև նախապատրաստել հանրությանը նոր զիջումների։ Այդ առումով նրանց կողմից առաջ քաշվող բանաձևը շատ պարզ է՝ Հայաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվել է միայն անցած տասնամյակների ընթացքում թույլ տրված սխալների պատճառով, իսկ այն իրավիճակը, որը կա այս փուլում հենց պատերազմում պարտության արդյունքն է։ Այդ իսկ պատճառով գործող իշխանությունները պարտադրված են ցավոտ զիջումների գնով ապահովել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Տիգրան Գրիգորյան











