Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը։ Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները․ «Մտքեր են փոխանակվել նաև մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների և Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»։
Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորության հարցին:
Ավելի վաղ Պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։
https://civilnet.am/news/698911/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%bc%d5%b8%d5%bd%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4-%d5%ab-%d5%bf%d5%b6%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d5%a8-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%82%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a1%d5%a2%d5%ac%d5%b8%d5%af%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a8/
Civilnet










