Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 12 բուժառու այսօր՝ հունիսի 29-ին, Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուներ՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 29 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 79 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։ Հունիսի 25-ից վերականգնվել է միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Civilnet











