2008-2023 թվականներին հանրային գերակա շահին վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասած գործերով Հայաստանն ավելի քան 2,5 միլիոն եվրո է փոխհատուցել դիմումատուներին։ Այդ մասին պատասխանելով «Սիվիլնեթ»-ի գրավոր հարցմանը հայտնել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«Եվրոպական դատարանը կայացրել է 22 խախտում արձանագրող վճիռ: Սույն գործերով դիմումատուների կողմից որպես արդարացի փոխհատուցում պահանջվել է 18,6 մլն եվրո, որից Եվրոպական դատարանը բավարարել և տրամադրել է դիմումատուներին ընդհանուր 2,5 մլն եվրո: Վճիռների ճնշող մեծամասնությունը և հետևաբար տրամադրված փոխհատուցումները վերաբերում են հասարակության և պետության կարիքների համար Երևան քաղաքում գտնվող սեփականության օտարումներին»,- նշված է հարցման պատասխանում։
Ներկայում ևս երկու դիմում կոմունիկացվել են Հայաստանի կառավարությանը։
Չնայած հատուցումների այս ծավալին՝ Երևանի կենտրոնում շարունակվում են հանրային գերակա շահի հիմնավորմամբ տարածքներ օտարվել։ Այս բնույթի ամենախոշոր ծրագիրը վերաբերում է Երևանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատմանը։
Հանրային շահը, ըստ օրենսդրության, պետք է գերակա լինի օտարվող գույքի սեփականատիրոջ շահերից։ Այն պետք է հետապնդի հետևյալ նպատակները՝ պետության պաշտպանության ու հասարակական անվտանգության ապահովում, միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարում, շրջակա միջավայրի պահպանման ապահովում, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր և այլն։
33-րդ թաղամաս. անհասկանալի հանրային շահ, չավարտվող դատեր
Աշոտ Քոչարյանը ծնված օրից բնակվում է Երևանի Տիգրան Մեծ 7 հասցեում։ Այս տունը կառուցվել է 1890-ին, Քոչարյանի պապը 1920-ին եկել է Գորի քաղաքից ու ձեռք բերել այս տունը, այստեղ են ծնվել նրա հայրը, ինքը, իր զավակները. «Էստեղ ենք ապրել, էստեղ ծնվել, մեծացել։ Էս փողոցը կոչվել է Ֆիրդուսի փողոց, հետո՝ Հոկտեմբերյան պողոտա, դրանից հետո դառել է Տիգրան Մեծի պողոտա։ Էստեղ նաև հայրս հացաբուլկեղենի խանութ է ունեցել»,- հիշում է Քոչարյանը։
2007-ին կառավարությունը որոշել է Ֆիրդուսի փողոցն ու դրա հարակից տարածքը ճանաչել հանրային գերակա շահ։ Քոչարյանը մեկն էր այն ֆիրդուսցիներից, որ դատական կարգով բողոքարկել է այդ որոշումը։ Բողոքն արդյունք չի տվել։ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է՝ եթե հանրային գերակա շահ ճանաչվելուց հետո 7 տարվա ընթացքում օտարման նպատակի իրագործումը չի սկսվում, հասարակության ու պետության կարիքը չի կարող համարվել գերակա հանրային շահ։ Սահմանված ժամկետներում նպատակի իրագործումը չի սկսվել, հետագայում կառավարությունը նոր որոշումներ է կայացրել՝ այդ տարածքները կրկնակի ճանաչելով հանրային գերակա շահ այն դեպքում, երբ ծրագրի ժամկետները խախտվել էին։ Այս բոլոր որոշումները դատական կարգով բողոքարկվել են ու տևական ժամանակ ընթանում է դատական գործընթաց։
«Վարչական դատարանը ոչ մի որոշում չի ընդունում։ Սկզբում վարույթ չէին ընդունում մեր բողոքը, դա բողոքարկեցինք, գնաց հասավ Սահմանադրական դատարան, ՍԴ-ն որոշեց որ պիտի վարույթ ընդունեն, որոշեց թե ինչպես պիտի մեկնաբանեն պրոցեսը։ 2015-ից հետո 8 տարի այս գործով նորություն չունենք։ Հեղափոխությունից առաջ մենք էլի իմացանք, որ նորից գերակա շահ են ճանաչել»,- ներկայացնում է Քոչարյանը։
Նա պատմում է՝ 2018-ի մարտին, երբ կառավարությունը տարածքները նորից գերակա հանրային շահ ճանաչելու որոշում կայացրեց, արձանագրել է՝ ապագայում այդ տարածքում կառուցվելիք շենքերում ֆիրդուսցիները չեն կարող պայմանագիր կնքել ու բնակարան ստանալ. «Դրանով հիմքեր են ստեղծում, որ մեզ այստեղից վտարեն, թաղամասում չմնանք»,- վստահեցնում է Աշոտ Քոչարյանը։
Նրա համար կասկածելի ու անընդունելի են այն հիմնավորումները, որ բերում է կառավարությունը՝ այս տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու համար։ Քոչարյանը համաձայն չէ, որ Ֆիրդուսի տարածքների օտարումը հանրության շահի համար է արվում. «Այս գերակա շահի հիմքում ընկած է այն, որ իմ սեփականությունը վերցնում են ինձնից չնչին գումարներով ու տալիս են մի այլ սեփականատիրոջ, ով էստեղ բիզնես է սկսում։ Բիզնեսը հանրային գերակա շահ չէ, ես այդ եզրույթի հետ համաձայն չեմ»,- բացատրում է նա։
Աշոտ Քոչարյանին չի բավարարում նաև փոխհատուցման այն չափը, որ իրեն առաջարկել է տարածքի իրացնող «Մանազկերտ քոնսթրաքշն»-ը։ Այժմ 33-րդ թաղամասի տարածքում կառուցվում են մի քանի բազմաբնակարան համալիրներ։ Քոչարյանը հետաքրքրվել է այդ շենքերում բնակարան գնելու հեռանկարով և համեմատել իրեն առաջարկվող փոխհատուցման չափի հետ. «Հիմա մեր թաղամասում բազմաբնակարաններ են կառուցվում, ես հարց եմ տալիս՝ ինչ մակերեսներ են, ասում են՝ 35-ից մինչև 160 քառակուսի մետր բնակարաններ են, գինը՝ 1 քմ-ի համար 5700-7000 դոլար։ Իմ քառակուսի մետրը իրենց նախնական առաջարկով 1 քմ-ի համար հաշվել են 445 դոլարի կարգի։ 5700 դոլարն ուր, 400-ն ուր, 10 անգամ քիչ են հաշվում։ Իմ հողը համեմատաբար մյուսների դեռ մի փոքր էլ բարձր են հաշվել»,- բանակցությունների ընթացքից պատմում է Քոչարյանը։ Նա վստահեցրեց՝ եթե ներպետական ատյաններում հաջողության չհասնեն, դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Սիվիլնեթ»-ը 33-րդ թաղամասի տարածքում կառուցապատում իրականացնող երկու ընկերություններից հետաքրքրվեց, թե ի՞նչ արժե 1 քառակուսի մետրի գինը կառուցվող շենքերում։ Հանրապետության 46 հասցեում շենք կառուցող «Ադանա քոնսթրաքշն»-ից հայտնեցին, որ 1 քմ-ի արժեքը սկսվում է 5700 դոլարից, հասնում մինչև 7000-ի։ 33-րդ թաղամասում կառուցվող «Արև» բնակելի համալիրում էլ բնակարանի 1 քմ-ն սկսվում է 4600 դոլարից։

ՄԻԵԴ-ը օրենքի հետ խնդիր չի տեսնում, խնդիր են որոշումն ու փոխհատուցումը
Թեպետ Հայաստանն արդեն 2,5 միլիոն եվրո է փոխհատուցել հանրային գերակա շահի գործերով դիմումատուներին, սա առիթ չի դարձել, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի հանրային գերակա շահի օրենսդրության, ընթացակարգերի փոփոխության համար։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է՝ ՄԻԵԴ-ն իր վճիռներով ոչ թե օրենսդրական խնդիրներ է մատնանշել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում, այլ մինչ այդ եղած կարգավորման հետ է խնդիր արձանագրել։ Մինչ 2006-ը՝ այսինքն օրենքի ընդունումը, հանրային գերակա շահով պայմանավորված հարաբերությունները կարգավորվում էին կառավարության որոշումներով։ Սա, ըստ Կիրակոսյանի, ՄԻԵԴ-ի հիմնական մտահոգությունն է եղել. «Եվրոպական դատարանի կողմից սեփականության իրավունքի խախտման վճիռների մեծագույն մասը վերաբերում է 2006-ից առաջ եղած վիճակին։ Հանրային գերակա շահի հիման վրա սեփականության օտարման օրենքը ընդունվել է 2006-ին։ Կարծում ենք՝ էստեղ հիմնական խնդիրը ոչ թե հենց օրենքի հետ է, այլ դրա բացակայության պայմաններում եղած գործընթացների։ Հենց դրա համար էլ դատարանը ճանաչել է, որ եղել է սեփականության իրավունքի խախտում ու պարտավորեցրել վնասի հատուցում վճարել»,- ասաց Կիրակոսյանը։
2018-ին ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց «Օսմանյանն ու Ամիրաղյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով։ Բողոքը վերաբերում էր քաղաքացիների՝ Թեղուտում գտնվող հողամասերը պղնձամոլիբդենային հանքավայրին օտարելուն։ Այս վճիռն առանձնահատուկ էր նրանով, որ շեշտվում էր հանրային գերակա շահի գոտում գտնվող գույքի՝ ապրուստի միակ միջոցը լինելու դեպքում փոխհատուցման բարձր չափի անհրաժեշտությունը. «Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել է օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների հիման վրա։ Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին»,- կարդում ենք այդ վճռում։
Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեցինք՝ ՄԻԵԴ-ի կողմից մատնանշված այս մեխանիզմն այժմ կիրառվո՞ւմ է 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացում, տարածքն իրացնողի կողմից վճարվող փոխհատուցումը ներառո՞ւմ է նաև գույքի՝ ապրուստի միակ միջոցը լինելուց բխող հանգամանք. «Ենթադրվում է, որ պետք է լինի այդ տրամաբանության հիման վրա»,- պատասխանեց Կիրակոսյանը։
«Օսմանյանն ու Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործի վճռում առկա այս փաստը նա կարևոր չափանիշ է համարում ներպետական ատյանների համար։ Բացի ՄԻԵԴ-ի կողմից փոխհատուցումները, կառավարությունը 2 դեպքում նաև բարեկամական կարգավորման է գնացել դիմումատուների հետ։
«Ընթացակարգը հետևյալն է՝ դատարանը ինքն է առաջարկում բարեկամական կարգավորմամբ հարցը լուծել։ Հաճախ խախտման հանգամանքն ակնհայտ է, դատարանը նմանատիպ իրավիճակներում ունի նախադեպ ու առաջադրում է բարեկամական կարգավորման տեքստ, նաև գումար, որ պետք է դիմումատուին տրամադրվի»,- բացատրեց Կիրակոսյանը։
Բարեկամական կարգավորման գործընթացը իրականացվում է գաղտնի։ Հայտնի է, որ դրանցից մեկը «Լյուբով Փիլոյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով էր։ Փիլոյանին պատկանող Երևանի Արամի փողոցում 332 քառակուսի մետր հողամասը վաճառվել էր «Սոգլասիե-Արմենիա» ընկերությանը։ Փիլոյանը դիմել էր ՄԻԵԴ և բարեկամական կարգավորման շրջանակում պայմանագիր կնքել կառավարության հետ։ Նա կադաստրային արժեքով՝ շուրջ 20 միլիոն դրամով հետ ստացավ իր հողամասը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Սիվիլնեթ»-ին հայտնեց՝ հանրային գերակա շահին առնչվող ՄԻԵԴ-ի գործերով դատավարական սխալ կամ դատավորի մեղքի դրվագ չի հայտնաբերվել․ «Մեր թիմն ուսումնասիրում է, եթե նման խնդիրներ լինեն վեր կհանենք ու միջնորդությամբ առաջ կգնանք։ Եթե լինում է օրենսդրական սխալ, ՄԻԵԴ-ը դա շեշտում է, պետության պարտավորությունն է շտկել։ Դեռ նման բան չի արձանագրվել»,- վստահեցրեց նախարարը։
«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն Գենյա Պետրոսյանը կարծում է, որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացից բողոքող անձինք ՄԻԵԴ-ում հաջողության հասնելու մեծ շանսեր ունեն: Պետրոսյանը հիշեցնում է՝ կա կառավարության 2006-ին հանրային գերակա շահ ճանաչելու որոշում, հետագայում սահմանված ժամկետներում այդ ծրագրերը չեն իրականացվել, ընդունվել են նոր որոշումներ, երկարաձգվել են ժամկետները ու կրկնակի անգամ գերակա հանրային շահ են ճանաչվել այդ տարածքները։ Սա, ըստ փաստաբանի, նշանակում է, որ կառավարությունը նպատակ է ունեցել արհեստականորեն շրջանցել ու վերականգնել խախտված ժամկետները։
Պետրոսյանը ևս առանձնացնում է «Օսմանյանն ու Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործի կարևորությունը հանրային գերակա շահի օտարումներով փոխհատուցման հարցերը կարգավորելու շրջանակում. «Պետք է հաշվի առնվի տվյալ անձին պատճառված վնասները, գուքը որպես եկամտի աղբյուր հանդիսանալու հանգամանքը։ Ցավոք, օրենքով չունենք դեռ այդ կարգավորումը։ 2 տարի առաջ վարչապետի աշխատակազմի կողմից շրջանառվեց օրենքի նախագիծ, որով փորձ էր կատարվում այս կարգավորումները նախատեսել գործող օրենքում, մասնավորապես չափանիշներին համապատասխան սահմանվում էր, որ համարժեք փոխհատուցումը ներառելու է նաև սեփականատիրոջը պատճառված վնասները, որոնք կարղ էին ներառել եկամտի հիմնական աղբյուրի կորստի հետ կապված հարցերը, ապրուստի միջոցներից զրկվելու հարցը, ձեռնարկատիրական գործունեոթյան ժամանակավորապես դադարեցման հարցը և այլն։ Սա շատ ողջունելի նախաձեռնություն էր, բայց մինչ այժմ կյանքի չի կոչվել»,- ներկայացրեց Պետրոսյանը։
Ապրուստի միակ կամ հիմնական միջոցից զրկվելն այն դեպքն է, երբ տվյալ անշարժ գույքը հանդիսանում է սեփականատիրոջ միակ կամ հիմնական եկամուտը և դրանից զրկվելու հետևանքով փոխհատուցումը չի ծածկում ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու բացը։
Նա ևս համաձայն է դիտարկման հետ, որ հանրային գերակա շահի գործերը առավել սուր արտահայտված են եղել մինչև 2006-ը, երբ չկար համապատասխան օրենքն ու կառավարության որոշումների հիման վրա էր կատարվում ողջ գործընթացը։ Այնուհանդերձ, Պետրոսյանը օրենքում որոշ փոփոխությունների կարիք է տեսնում. օրինակ նա անհրաժեշտություն է տեսնում սահմանել անցումային դրույթներ, միակ ապրուստի հետ կապված հարցը կիրառելի դարձնել նաև օրենքի ընդունման պահի դրությամբ քննվող դատական գործերի դեպքում, որպեսզի դատարանները կարողանան գործերի քննության ժամանակ կիրառել այս չափորոշիչները և գործերը ՄԻԵԴ չհասնեն։
Երևանի կենտրոնից բացի 2021-ին կառավարության համապատասխան որոշմամբ մոտ 580 հեկտար մակերեսով հողեր ճանաչվեցին հանրային գերակա շահ Ապարանի վարչական տարածքում։ Այստեղ կառուցվել է լեռնադահուկային համալիր։ Այս գործընթացը ևս հարթ չի անցել, տարածքի սեփականատերերն ու ձեռքբերող «Մայլեռ մաունթայի ռեզորթ»-ը ներպետական ատյաններում միմյանց դեմ ունեն հայցեր։
Փաստացի, մինչ այս պահը ՀՀ-ն ՄԻԵԴ-ի պահանջով 2,5 միլիոն եվրո է հատուցել հանրային գերակա շահի գործերով։ Հանրային գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գործընթացն այժմ էլ մեծ թափով շարունակվում է ու չնայած առաջիկայում ևս փոխհատուցումներ վճարելու մեծ ռիսկին, օրենսդրությունում գույքի՝ ապրուստի միակ միջոց հանդիսանալու հետ կապված կարգավորումները հայկական օրենսդրությունում ամրագրված չեն։
Մկրտիչ Կարապետյան
Civilnet











