Ֆիզիկայի գիտավանի վերաբերյալ նախընտրական խոսույթը՝ լակմուսի թուղթ երևանցիների համար

Երկու տարի առաջ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը ստացավ նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ փետրվարի 1-ի որոշմամբ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող բնակավայրը, որը հիմնադրվել էր Երկրորդ աշխարհամարտից հետո, ներառվեց պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում:
Նախարարությունը այսպես է նկարագրում այդ պատմական միջավայրը, որն արդեն պետության պաշտպանության տակ է. «Գիտավանը նախագծվել ու կառուցվել է Է. Սաֆարյանի նախագծային արվեստանոցում՝ որպես գիտաշխատողների համար ֆիզիկայի ինստիտուտի համալիր և բնակավայր: Այն երկու, երեք և չորս հարկանի բնակելի շենքերից կազմված համալիր է: Ունի ակումբ-ճաշարան, դպրոց, երկու մսուր-մանկապարտեզ, ջրավազանով սպորտդահլիճ, թենիսի մարզադաշտ, գիտնականների հյուրատուն, ինստիտուտի վարչական ու գիտաարտադրական արհեստանոցների մասնաշենքեր: Ավանի բնորոշ առանձնահատկություններից է ընդարձակ կանաչապատ տարածքը: Ավանը ձորաեզրին կանաչապատ միջավայրում ստեղծված քաղաքաշինական հաջողված լուծումներով համալիր է: Համալիրի մուտքի աջ կողմում տեղադրված են «Արուս» քանդակը (1968 թվական, քանդ.՝ Ա. Չաքմաքչյան) և վիշապաքար ( Ք.ա. III-II հազ.): Ընդհանուր տարածքը կազմում է 42,41 հա»:
Այստեղ մի փոքր դադար տամ ու հղում անեմ այսպես կոչված «Ատոմային դարաշրջանին», որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչով է կարևորվում գիտավանը որպես պահպանության ենթակա միջավայր: Այն նկարագրում է ատոմային գյուտին հաջորդած քսան տարիները, որոնց ընթացքում գերտերությունները ատոմային մրցավազքում փորձում էին երկբևեռ աշխարհակարգի հավասարակշռությունը պահել: Կյանքում այն ունեցավ շատ դրսևորումներ: Նշեմ միայն դիզայնի, ճարտարապետության ու քաղաքաշինության մեջ այդ շրջանի փիլիսոփայության առաջացրած կիրառական ու ոճական ազդեցության մասին: Այսպես կոչված «գաղտնի քաղաքները» այդ շրջանի ժառանգությունն են:
Ալիխանյան եղբայրների ստեղծած ֆիզիկայի ինստիտուտի շուրջ կառուցված և գիտնականներով բնակեցված ավանի պատմական նշանակությունն էլ համահունչ է այդ շրջանին ու դրա ճարտարապետական դրսևորումներին: Այստեղ ապրած գիտնականներից տասը ստացել են ակադեմիկոսի կոչում: Ալիխանյան եղբայրների և մյուս ֆիզիկոսների ավանդը ատոմային գերտերություն հանդիսացող ՍՍՀՄ-ում անուրանալի է, ու այդ հարուստ ժառանգությունը պիտի պահպանվի:
Մինչ այդ, List.am հարթակում ADDRESS Realty-ի տեղադրած հայտարարությունից տեղեկանում ենք, որ Ալիխանյան եղբայրների փողոցում՝ նույն այդ գիտավանի պատմական միջավայրում, վաճառվում է 5 700 քառակուսի մետր հողատարածք՝ 3 մլն 135 հազար դոլար արժողությամբ: Եթե հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրն այս պահին գնահատվել է 550 դոլար, իսկ գովազդում նշվում է Բարեկամության մետրոյին ու Կիևյան կամրջին մոտ լինելը, կարելի է ենթադրել, որ գնողը հինգ հարկանի կառույց չի նախագծի: Մանկապարտեզները վերականգնելու ու պատմական միջավայրի պահպանությունը երաշխավորելու մասին մտածելն էլ ավելորդ է:
Ի դեպ, այս մանկապարտեզների մշուշոտ անցյալը ժամանակին հայտնվել էր ԱԱԾ-ում քննվող գործերի շարքում, երբ էլի նույն հարթակում դրվել էր վաճառքի: Հետքը փորձել էր ԱԱԾ-ից պարզել Ալիխանյան եղբայրների փողոցի մանկապարտեզի օտարման գործարքի օրինականությունը, բայց պատասխան չէր ստացել: Թե ինչպես է ավարտվել ԱԱԾ-ում գործի քննությունը՝ պարզ չէ, իսկ մանկապարտեզի տարածքը նորից վաճառվում է:
Քաղաքաշինության մասին օրենքը հաջորդ տարվա հուլիսից արգելում է կառուցապատումը առանց համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի: Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող գիտավանի տարածքը՝ որպես պատմամշակութային արժեք, պիտի ներառված լինի Քաղաքաշինության կոմիտեի մշակած քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում՝ գլխավոր հատակագծում և քաղաքաշինական գոտիավորման նախագծում, իսկ կոմիտեն համակարգի այդ տարածքի կառուցապատումը:
Ենթադրաբար, առկա ծրագրային փաստաթղթերում նորահայտ հուշարձանի պահպանության համար օրենսդրական պահանջների միջև կարող են հակասություններ լինել: Օրինակ՝ առկա ծրագրային փաստաթղթերում այդ հատվածը կարող է մինչ Գիտավանի հուշարձան դառնալը հնացած կարգավորումներով այնպիսի գոտիավորում ունենալ, որը հարկայնության պահանջվող սահմանափակում չունենա և հաշվի չառնի այդ՝ արդեն հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ ստացած տարածքի հինգ հարկանի շենքերով պատմական միջավայրի կամ առանձին օբյեկտների, օրինակ՝ մսուր-մանկապարտեզների կամ կանաչ գոտիների պահպանության հրամայականը:
Այս ենթադրությունը ստուգելու համար Երևանի քաղաքապետարանի կայքից ներբեռնեցի 2019-2023 թվականների քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ, ըստ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի, պիտի նշված լինի նոր գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծերի մշակման ժամանակացույցը: Ծրագրի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում հղում է կատարվում հին, բայց դեռևս գործող 2006-2020 թվականների գլխավոր հատակագծի միջոցառումների ծրագրին, որի հիման վրա էլ ընթացել են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմման աշխատանքները, այդ թվում՝ Աջափնյակում գտնվող գիտավանի տարածի գոտիավորումը: Նոր հատակագծի մշակման ժամանակացույցն էլ դեռևս ծրագրում նշված չէ: Շատերս էլ տեղյակ չենք ու չենք տեսել քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ այդ՝ դեռևս հուշարձան չհայտարարված տարածքի զարգացման տեսլականն ու կարգավորումը հնացած, բայց գործում են: Այդ հնացած հատակագծի ու գոտիավորման նախագծի հիման վրա էլ կառուցվել է գիտավանի տարածքում խնդիրներ հարուցած բազմահարկ շենքը, որը որևէ աղերս չունի պատմական միջավայրի հետ:
Եթե Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող երկու մանկապարտեզները ներառող հայտարարված տարածքը վաճառվի, կասկած չկա, որ առկա են բոլոր բարենպաստ պայմանները կառուցապատողին գործող ու հնացած քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու և շինարարությունը արագ թույլ տալու համար:
Քաղաքապետարանը ընդունված պրակտիկայի համաձայն իր կայքէջի արագ հոսող հայտարարությունների բաժնում, օրենքի պահանջից ելնելով, «կիրազեկի» նախատեսվող քաղաքաշինական միջավայրի փոփոխությունների մասին՝ տեղեկացնելով հանրային իրազեկման միջոցառումների մասին: Այդ մասին կտեղեկանան միայն մշտապես քաղաքապետարանի կայք այցելող քչաթիվ քաղաքացիներ: Իսկ հանրային քննարկման ժամն էլ այնպիսին կլինի, որ միայն գործատուից արձակուրդ վերցնելու պայմանով կկարողանա որևէ մտահոգ ու շահագրգռված քաղաքացի ներկա գտնվել այդ քննարկմանն ու հույս չունենալ, որ որևէ բան կփոխվի: Ամեն բան արված է, որ հանրային քննարկումներն ու լսումները հնարավորինս քչաթիվ լինեն ու անաղմուկ՝ ձևական անցնեն: Կարևորը օրենքի տառն է, ոչ՝ ոգին ու սահմանադրական պարտավորությունը՝ առաջնորդվել բնակիչների, այն է՝ համայնքի շահերով:
Մենք էլ նորից ուշացած ու ապարդյուն փորձ կանենք կասեցնել ընթացքը, որը արդեն իսկ գործող օրենքով չի դադարեցնի շինարարությունը ու էլի պատմական միջավայրի մասին կդատենք միայն մտահոգ մարդկանց գրառումներից ու լուսանկարներից:
Կմնա Հյուսիսային պողոտան, եզրագծով դանդաղ սողացող՝ մեթոդաբար ոչնչացվող Կոնդը, ոչ փորձառու մարդու համար քաղաքաշինական զարգացման ռացիոնալ հիմնավորում ունեցող՝ բացառիկ գերակա հանրային շահ հռչակված 33-րդ՝ Ֆիրդուսի թաղամասը ու հերթը կհասնի Սարի Թաղին:
Երևան քաղաքն ու, մասնավորապես, Ֆիզիկայի գիտավանը մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատաղի կառուցապատման պայմաններում մտել է վտանգավոր ու տուրբուլենտ փուլ: Տարբեր իրավական կարգավորումների միջև առաջացած հակասությունները բազում հնարավորություններ են տալիս ոչ թափանցիկ ու կոռուպցիոն գործարքների համար: Սա նշանակում է, որ երևանցիները ավագանու և քաղաքապետի մոտեցող ընտրություններին պիտի ակնդետ հետևեն թեկնածուների առարկայական, շատ հստակ ձևակերպված քաղաքային պլանավորման պատկերացումներին ու հայտարարված դրույթներին: Այս ամենում Ֆիզիկայի գիտավանի վերաբերյալ թեկնածուների հնչեցված պատկերացումները լակմուսի թղթի նման պիտի երևանցիների համար դառնան քվեն տալու նախապայման:
Եթե ուզում ենք փրկել Երևանը վայրի կապիտալիստական պատառոտումից, ապա այս ամենում Գիտավանը դառնում է բոլորիս համար այն պատվարը, որտեղ կարող ենք շրջել դեպքերի ընթացքը կամ անդառնալիորեն կորցնել քաղաքը: Պատասխանատու ավագանի ընտրելը կմեղմի այս տուրբուլենտությունն ու մինչև նոր գլխավոր հատակագիծն ու Գիտավանի վարչական շրջանի գոտիավորման նախագիծը կդանդաղեցնի այս անկասելի՝ անդառնալի հետևանքներով ընթացքը:
Իսկ երազանքների քաղաքում ու պատասխանատու ավագանու դեպքում կարող են այլ զարգացումներ լինել:
Սահմանադրության 87-րդ հոդվածը տեղական ինքնակառավարման մարմիններին պարտավորեցնում է սեփական իրավասությունների շրջանակում և ըստ հնարավորությունների իրագործել 86-րդ հոդվածով ամրագրված մի շարք նպատակներ, այդ թվում՝ երեխաների զարգացման համար պայմանների ստեղծումը և բնակչության առողջության պահպանումը։
Լրիվ հանրային շահ է:
Քաղաքապետարանի Մ«անկապարտեզ» կառավարման համարգը թույլ է տալիս տեսնել, թե որքան գործող մանկապարտեզ ու իր հերթին սպասող երեխա կա: Այս պահին քաղաքում գործում է համայնքային ենթակայության 162 մանկապարտեզ, որտեղ հաճախում է 24 843 երեխա, իսկ 16 108-ը սպասում է իր հերթին: Եթե առկա մանկապարտեզների ծավալների պահպանմամբ դիտարկենք սպասող երեխաների թիվը, ապա քաղաքում 100-ից ավելի նոր մանկապարտեզի կարիք կա:
Գիտավանի տարածքում ժամանակին գործող երկու մանկապարտեզները, որոնք հիշատակվում են ՀՀ ԿԳՄՍ նորահայտ հուշարձանի հիմնավորման տեքստում, կարող են դառնալ բազմահարկ շենքերով կառուցապատվող Աջափնյակ շրջանի գիտավանին հարակից տարածքի երեխաների համար հրաշալի միջավայր:
Հաշվի առնելով մանկապարտեզներին հարող կանաչապատ տարածքը՝ երկու մանկապարտեզների նորացված ու ավելի մեծ ծավալների հնարավորություններով համայնքային ենթակառուցվածքում պետությունը և քաղաքը կարող են տեսականորեն ապահովել երեխաների պատշաճ խնամքն ու զարգացումը: Այս հոդվածում չեմ նշի այն հետազոտված ու հիմնավոր կարևորությունը, որ կանաչ տարածքներն ունեն երեխայի զարգացման համար: Բնակչության առողջության վրա կանաչ տարածքների օգտակար ներգործության մասին էլ կլռեմ:
Ռացիոնալի կողմնակիցները թերահավատությամբ կթոթվեն իրենց ուսերը: Ինչպես վերջին գլխավոր ճարտարապետն էր ասում, «քաղաքաշինությունն ու բիզնեսը նույն բանն են»: Այդտեղ մանկապարտեզն ու անգամ քվեի իրավունք չունեցող երեխան վերջից առաջինն են: Բայց ապագայի պատասխանատու ավագանու համար քաղաքի պլանավորման առանցքում հենց երեխան պիտի լինի, որի զարգացումն աչքի տակ ունենալով էլ մշակելու են Երևանի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը:
Երևանը մենք ենք՝ համայնքը, ու այդ համայնքի ապագան ձևավորվում է հիմա:
Գիտավանում ձևավորված համայնքն իր ակտիվությամբ ու միջավայրը պահպանելու ինքնավար վարքագծով կարծես ապագայից ներկայում հայտնված լավ օրինակ է, որը կարող է վաղվա երևանցու հղման ու ձգտման մեկնակետը դառնալ:
Ավագանու ընտրություններում թեկնածուների խոսույթից, մեր պատասխանատու կեցվածքից ու Գիտավանի շուրջ զարգացումներից էլ պարզ կդառնա, թե ինչ ապագայի ենք արժանի մենք:
Նվարդ Մանասյան










