«Պատերազմով խաղաղություն չի ծնվում»

Պատերազմում, ի թիվս այլ գործողությունների, հաղթում են ռազմավարական պլանավորման, ռազմական, հետախուզական և տեղեկատվական առավելությունների շնորհիվ։ Ուստի խաղաղության տանող ճանապարհները հաճախ անցնում են պատերազմի միջով։ Առնվազն այդպես են այն ձևակերպում խաղաղության ջատագով լատին և սուահիլի մտածողները՝ իրենց կենսափորձով և համոզմունքներով։ Սակայն կարծում եմ, նման մտածողները շփոթում են խաղաղությունը այն փխրուն ներդաշնակության հետ, որը պահպանելը կենսաբանորեն անհնարին առաքելություն է։
Ոչ ոք չի չեղարկում պատերազմին պատրաստ լինելու բանաձևը, բայց դա որևէ տեղ չի տանում։ Այն նման է ընձուղտի ոտքերի վրա քայլող փղի, որը միայն կարող է սյուրռեալիստի կտավի հերոս դառնալ։
Բնությունը, անհաշվելի օրինաչափ կրկնվող ու ինքնաշխատ գործողությունների միջոցով, կարողանում է ավելի երկար պահպանել փխրուն հավասարակշռությունը։ Հինգ հարյուր միլիոն տարի առաջ առկա «դրախտի» էնտրոպիան մեկնարկեց այն ժամանակ, երբ մեր երկկենցաղ կոչվող՝ ենթակեղևային կորիզներին կամ հիմնային հանգույցներին (basal ganglia) ավելացան ամիգդալան, հիպոկամպը, հիպոթալամուսը և թալամուսի որոշ հատվածներ։
Երկու հարյուր միլիոն տարի առաջ այդ զարգացումը, որն ապահովում էր կայուն ներքին միջավայրի պահպանումն ու անմիջական գոյատևման կարիքներին ինքնաշխատ արձագանքող ուղեղի աշխատանքը, անցում կատարեց դեպի հիշողության վրա հիմնված որոշումների ընդունում։ Այսպիսով, երևան եկան զգացմունքն ու մոտիվացիան։
Ինքնաշխատության ինքնաբավությունը և հնարավորինս երկար ձգվող ներդաշնակության պահպանման կրճատումը ԲԱՆՆ էր, երբ նեոկորտեքսի ձևավորումը թույլ տվեց տրամաբանել, լուծել խնդիրներ և հաղորդակցվել։ Լեզուն դարձավ այն ավելացումը, որը խախտեց ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ անխախտ շղթան։
Ծննդոց գրքի հայտնի վտարման պատմությունը, որը իմ տեսակի համար դարձավ անեծքների ու մեղադրանքների անվերջանալի շարք և որի վրա կառուցվեց կնոջ նկատմամբ դոմինացիայի պատմական հիմնավորումը, ուղեղի զարգացման տեսանկյունից ոչ մի կապ չունի Homo sapiens-ի հետ։ Դրախտն արդեն չկար, երբ երկրի վրա քայլում էին Homo habilis-ն և հետո Homo erectus-ը։
Պատերազմից՝ հաղթած թե պարտված, հնարավոր է դուրս գալ միայն իրականության մեջ մեդիտատիվ շնչառական հավասարակշռությունից դուրս գոյություն չունեցող խաղաղության միջոցով։ Դա հնարավոր է միայն բազմաբնույթ, բազմաբովանդակ, հասարակության տարբեր հատվածները ներառող շարունակական խոսակցությունների միջոցով, որոնք պետք է ուղղված լինեն նաև հակառակորդին։
Այսպիսի խոսակցությունները հնարավորություն կտան արագ արձագանքման վիճակում երկար գտնված անձանց, պատերազմի մասնակիցներին և հասարակությանը դուրս գալ այն ինքնաշխատ դարձած սովորութային վարքագծից, որի հիմքում դոպամինին փոխարինել է կորտիզոլը, իսկ գործողություններն ու մտքերը կառավարվում են ատելությամբ ու վախով։
Սա հաղթանակ է սեփական էգոյի, բայց նաև հակառակորդի նկատմամբ։ Եվ այս հաղթանակը չունի բռնության որևէ սաղմ։ Ընդհակառակը՝ այն քանդում է սովորույթի աստիճանի հասած բռնության շղթան թե՛ սեփական հասարակության, թե՛ հակառակորդի շրջանում։
Այս հաղթանակի հնարավորությունն առավել մեծ է պարտություն արձանագրած իմաստուն հասարակության պայմաններում։
Մինչ հակառակորդին առանց կռվի զգետնելը շարունակում է մնալ պատերազմի ստրատեգների մտահոգությունը, խաղաղության մասին մտածելիս՝ «հաղթած» ուղեղի տեսանկյունից հաղթանակի հիմքում դրված սովորույթի խոսույթի հետ առերեսումը թվում է անխուսափելի։ Սա ցանկացած իրավիճակում ուժի և իշխանության անհավասար բաշխման վերաբաշխման փորձ է։ Ֆեմինիստները դա անում են հայրիշխանությանը մարտահրավեր նետելով։ Ուղեղի մակարդակում դա ենթադրում է վախի և ագրեսիայի հանգեցնող շղթաների խաթարում։
Հետևաբար, ցանկացած դիսկուրսիվ հնարք, որը հակառակ կողմի հիմնավորումն է բռնություն գործադրելիս, պետք է վերաիմաստավորվի։ Այս իմաստով, բոլոր դատական հայցերը տարբեր դատական ատյաններում, որքան էլ որ թերահավատություն են ներշնչում շատերիս, քայքայում են ուժի և իշխանության անհավասարության հավասարակշռումը և լեգիտիմացումը։ Ալիևը մահու չափ վախենում է դրանից։
Պատմությունը, ըստ էության, հաջորդ կռվանն է, որտեղ ներկայացվող նարատիվներին անհրաժեշտ է մոտենալ բաց մտքով։ Սակայն մինչ կորտիզոլային շղթան քանդելուն լծվելը, անհրաժեշտ է հասկանալ, թե սեփական «կորտիզոլային զամբյուղի» որ մասն է ձևավորված ուրիշների ստեղծած պատմույթներով։ Սա չափազանց կարևոր է՝ սեփական ինքնության նկատմամբ ամբողջական տնօրինումը վերականգնելու համար։
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը, մենք Մանուշյանի այգում (Մաշտոցի պուրակում) տոնելու ենք նախաԲԱՆական բնույթի նման վարժանքով։ Մտորելու ենք մեդիտատիվ շնչառական հավասարակշռությունից դուրս գոյություն չունեցող խաղաղության մասին։ Կարելու ենք հաղթանակի և պարտության երկմասնությունից դուրս՝ բռնության հաղթահարման խորհրդանիշ հանդիսացող խաղաղության փառանշան, որը կհյուսվի մեր միկրոպատմություններից և կհիշեցնի տատիկի ջերմության մասին։
Շնչառությունից մեկնարկող խաղաղության այս հետհաշվարկը կսկսվի հասարակ ժպիտից և շփումից։
Կան պայքարներ՝ առանց զենքի,
Խիզախություն՝ առանց հուշի։
Ու մորից մայր, կնոջից կին,
Մենք անցել ենք երկար ուղի։
Մինչ վահաններն առյուծներին տեղ են տվել առանց խոսքի,
Տատիկի վերմակն իր թելերում մեզ տվել է անսահման սեր։
Դե վեր կացեք, եկեք այգի,
Եկեք, բերեք մի կտոր սեր,
Ու թող հյուսվող վերմակի մեջ
Մեզ այն տանի դեպ նոր պայքար ու վեր։
Թեմա
Նվարդ Մանասյան










