Գլխավոր Լրահոս

Ածխածինը, միջուկային պատերազմի ռիսկն ու Հայաստանը

Ածխածինը, միջուկային պատերազմի ռիսկն ու Հայաստանը

«Հայասաթը» թռավ տիեզերք՝ իր հետ տանելով Կոմիտասի հնչյուններն ու համաշխարհային գիտություն վերադառնալու մեր հայտը: Սա իրադարձություն է: Այս մեկնարկին դեռ կվերադառնամ, բայց հիմա անցնեմ քաղաքականության հետ կապ ունեցող իմ դիտարկումներին: 

Վերլուծությունս մեկնարկեմ չորս վախճանաբանական հաստատումներից: Էներգիայի փոխակերպման հայտնի օրենքը վախճանը դնում է հարաբերական ընկալման մեջ: Սակայն մարդու կամ հավաքականության համար այն կարող է իրական լինել, երբ օրինաչափությունները կզարգանան առանց իր գոյության։ Քաղաքական վերլուծություններս տեղադրեմ այս չորս հաստատումներով պայմանավորված շրջանակում: Դրանցից յուրաքանչյուրին առանձին ու փաստարկված անդրադարձ կկատարեմ: 

Առաջին, կլիմայի փոփոխությունը այլևս միֆ չէ, և մարդկությանը մնացել է հաշված ժամանակ իներցիան հաղթահարելու համար: 

Երկրորդ, էներգիայի սահմանափակ աղբյուրներից անցում է կատարվում դեպի անսահմանափակ աղբյուրներ: 

Երրորդ, բանականությունը տեսանելիորեն անջատվում է կենսաբանական կրիչներից, մասնավորապես մարդուց: 

Չորրորդ, խաղաղությունը պահելու համար այս պահին առկա միջանկյալ զինատեսակների զինանոցը սպառվում է՝ առաջ մղելով միջուկային զինատեսակի կիրառման հնարավորությունը:

Հռոմի ակումբը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներին պատվիրել էր հետազոտություն, որը մոդելավորել էր սահմանափակ ռեսուրսներով մոլորակի վրա տնտեսական և ժողովրդագրական էքսպոնենտալ աճի սահմանները: Ես դեռ ծնված չէի, երբ 1972 թվականին «Աճի սահմանները» զեկույցը լույս տեսավ և տարիների ընթացքում արմատապես փոխեց մեր ընկալումները: Այդ ժամանակ այն ընդունվեց որոշակի թերահավատությամբ: Երբ հրապարակումից 23 տարի անց Ամերիկյան համալսարանում ուսանելիս պարտադիր առարկաների ցանկում նաև շրջակա միջավայրի մասին առարկան էի յուրացնում, իմ գրքում դեռևս նշվում էր գիտական երկու ճամբարների վեճը գլոբալ տաքացման վրա մարդու ազդեցության վերաբերյալ: Կես դար անց այլևս այդ վեճը չկա, և տարբեր գնահատականներով մարդկությանը մնացել է կես դարից մի քիչ ավելի: Բայց կլիմայի փոփոխության անշրջելիության համար տարբեր գնահատականներով մնացել է մոտավորապես 12 տարի: 

Եթե մենք չգործենք համակարգված ու կտրուկ՝ հեղափոխական քայլերով, ապա մյուս սերունդը պիտի նախապատրաստվի մի իրականության, որտեղ եղանակային պայմանները կունենան կտրուկ դրսևորումներ երաշտի, ջրհեղեղների, երկար ձգվող ջերմային ալիքների, փոթորիկների և այլ՝ դեռևս աներևակայելիորեն համադրված ազդեցիկ շեղումներով: Կարծում եմ՝ այս ամենի մեկնարկը շատերս նկատել ենք: 

Թերևս չխոսեմ կենսաբազմազանության կորստի մասին, որն արդեն դիտարկում ենք, իսկ ջրային ռեսուրսների սղության ու գյուղատնտեսության համար պիտանի հողերի կրճատման մասին ավելորդ է նշելը: Սա քաղաքականության հիմքում պիտի լիներ, մինչևդեռ մենք դեռևս խոսում ենք անցյալ դարին հատուկ մտակառույցներով և, ենթադրում եմ, որ հանրային ապատիայի պատճառներից մեկը քաղաքական հնացած վերնախավի հետ այս խզվածության մեջ է: Այս խնդիրը միայն Հայաստանում չէ, որ առկա է: 

Վերջին քսան տարիներին մեծացել է մի սերունդ, որի համար թվային իրականությունը համարկված բնական միջավայր է անցանց գոյության հետ: Այդ սերնդին հասու են աշխարհում ընթացող իրադարձությունները, իսկ հաղորդակցությունը վաղուց այլևս միայն սեփական ֆիզիկական միջավարի սահմաններում չի ընթանում: Այս սերունդը այլևս չի ունենալու զբաղվածություն ողջ կյանքի ընթացքում, որը բնական իրականություն էր իմ ծնողների սերնդի համար: Փոխվում է սեփականության ընկալումն ու մասնավոր կյանքի պաշտպանական սահմանը: Պատահական չէ, որ Արաբական գարունը, «Օքյուփայ» շարժումը (Occupy movement), որտեղ նաև նշեմ Մաշտոցի պուրակի մասին, Պոլսում Գեզիի այգու շուրջ բողոքները, Եվրոմայդանը, «Բլեք լայվս մեթր»-ը (Black Lives Matter), Դեղին ժիլետների ցույցերը՝ բոլորը առաջնորդվում էին այդ սերնդի ներկայացուցիչների կողմից, չունեին ակնհայտ առաջնորդներ, ցանցային էին, փոխգործակցող կամ հաղորդակցվող ու փոխազդված, և իրենց խորքում խնդրականացրել էին քաղաքական հնացած՝ կոռումպացված համակարգը, հարկային անարդար քաղաքականությունը, կանաչ տարածքների պահպանությունը: 

Մի խոսքով՝ այս ամենը իր արմատական դրսևորման մեջ անգամ առանց հայտարարելու ձեռնոց էր նետել սահմանափակ ռեսուրսի վրա կառուցված ուժի ու իշխանության համակարգերին: Այս ամենի համատեքստում արժե անցում կատարել երկրորդ վախճանաբանական հաստատմանը՝ էներգիայի աղբյուրներին:

Արմատական փոխակերպումներ՝ նավթագազային կախվածությունից այլընտրանքային աղբյուրների անցնելու ընթացքում

Վերլուծությունը իհարկե քաղաքական է, բայց ֆիզիկայի բացարձակ ներկայությունից խուսափել հնարավոր չէ, քանի որ քաղաքական բոլոր գործընթացները զարգանում են նյութական աշխարհում: Այս ամենի հիմքում նորից ընկած է էներգիայի փոխակերպման օրենքը: Այդ փոխակերպման համար պահանջվող էներգիայի աղբյուրը նավթագազային սահմանափակ ռեսուրսի վրա կառուցված համակարգ էր: 

Ապրանքների ու ծառայությունների արտադրության համար վարվող տնտեսական ու հարկային քաղաքականությունը մեծապես պայմանավորված էր, թե որքան մուտքային նավթագազային ռեսուրս կունենա այս կամ այն տնտեսությունը, որպեսզի շարժման մեջ դնի ապրանքների ու ծառայությունների շուկան: Դրա հետ էր փոխկապակցվում դրամավարկային քաղաքականությունը, որն ապահովում էր, թե որքան փոխարժեքի ռեսուրս կունենա այս կամ այն տնտեսությունը և կապահովի փոխարժեքի գնողունակությունը, ինչը իր հերթին աշխատեցնում էր ապրանքների ու ծառայությունների այդ նույն շուկան: Մնացած բոլոր քաղաքականությունները ածանցվում էին այս ամենից: Պարզ է, որ ընտրությանբ կամ բռնությամբ վերարտադրվող բոլոր քաղաքական վերնախավերը չէին կարող հաշվի չնստել այս սահմանափակ ռեսուրսի հետ: 

Նավթային ամենամեծ պաշարներ ունեցողների շարքում հարկ է նշել Վենեսուելան, Սաուդյան Արաբիան, Կանադան և Իրանը, իսկ գազային պաշարներ ունեցողների թվում ՝ Ռուսաստանը, Իրանը, Կատարը և ԱՄՆ-ը: Ադրբեջանին մոռանանք մի պահ, չնայած մեզ այժմ թվում է լուրջ ախոյան:

Հիմա բաժանենք հումքային և ոչ հումքային տնտեսությունները այս նավթագազային հարուստ պաշարներով երկրների շարքից: Առաջինը դասակարգենք հումքային տնտեսությունները: Վենեսուելան մեծապես հումքային պետություն է, որի արտահանման երկու երրորդից ավելին բաժին է ընկնում նավթին, ինչ-որ չափով նաև արտահանում է երկաթ, ոսկի և այլն: 

Մյուսը նավթագազային հարուստ պաշարներով Սաուդյան Արաբիան է, որը դեռևս հումքային երկիր է: Այս երկրի նավթային պաշարները արտահանվում են դեպի Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և ԱՄԷ-ն: Ի դեպ, այս երկիրը մշակել է իր 2030 թվականի տեսլականը, ըստ որի՝ պետք է նվազեցնի իր կախվածությունը նավթագազային ռեսուրսներից և բազմազանեցնի իր տնտեսությունը: 

Այս կախվածության աշխարհաքաղաքական հետևանքներին արաբաիսրայելական համատեքստում և Հայաստանի հետ առաջին անգամ հարաբերություններ հաստատելու տեսանկյունից դեռևս կվերադառնանք: Ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանը հատուկ դեպք է: Մի կողմից հանդիսանում է նավթագազային հսկա, մյուս կողմից ունի լուրջ տեխնոլոգիական տնտեսական ոլորտ: Իր արտահանման համար հիմնական սպառման շուկաները Չինաստանն է, Թուրքիան, Պակիստանը, ԱՄԷ-ն և Գերմանիան։

Ի՞նչն էր, որ Իրանին հետ պահեց իր միջնորդ զինված խմբերի միջոցով միջամտել Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծմանը: Վստահաբար, ԱՄՆ ռազմական օդանավերով նավատորմիղի ներկայությունը Միջերկրականում իր դերակատարությունն ունի, բայց պատժամիջոցների տակ գտնվող Իրանի երկակի տնտեսությունը, ի հեճուկս իր նավթային կախվածության շուկաների, ինչ-որ խորհրդավոր առեղծվածով չմիջամտեց: Միգուցե Իրանի թեոկրատական ռեժիմը ավելի լուրջ խնդիրներ ունի ներքին կայունությունը պահելու իմաստով և հոկտեմբերին զբաղված էր բելուջների ցույցերը ճնշելով․ մեկ տարի էր անցել գլխաշորը պատշաճ չկրելու պատճառով երիտասարդ կնոջ սպանության առիթով փողոցային բախումների ու ցույցերի հետևանքով անկայունացումից: 

Սաուդյան Արաբիայի նման Կատարը ինչ-որ իմաստով անցման մեջ գտնվող հումքային երկիր է, որի արտահանման մեջ մեծ տեղ է զբաղեցնում հեղուկ գազը, նաև՝ նավթը: Այս հումքի հիմնական սպառման շուկաները Ճապոնիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և Սինգապուրում են: Սակայն այս ամենին զուգահեռ, Սաուդյան Արաբիայի նման Կատարը ևս մինչև 2030 թվականը փորձում է նվազեցնել իր կախվածությունը նավթագազային հումքից և արդեն իսկ ունի բավականին լավ զարգացած ֆինանսական, ՏՀՏ ոլորտներ՝ ի թիվս այլ ոլորտների: 

Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Յոմ Կիպուրից հետո չտեսնված երկրորդ այդպիսի «մաքոքային դիվանագիտության» (shuttle diplomacy) ջանքերում Կատարը կարևոր դերակատարություն ունեցավ Գազայից պաղեստինցիներին և օտարերկրացիներին Եգիպտոս փոխադրելու հարցում: 

Պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը առանձին դեպք է: Մի կողմից շատ նման է Իրանին, մյուս կողմից, այն հումքային տնտեսությունների շարքում միակ միջուկային երկիրն է, որը դեռևս իրեն համարում է «միջուկային գերտերություն»: Սա վտանգավոր կոկտեյլ է: Ռուսաստանը որպես արտահանող մեծապես կախված է իր նավթագազային ռեսուրսից: Մինչև պատժամիջոցների կիրառումը այդ հումքը հիմնականում արտահանվում էր Չինաստան, Նիդերլանդներ, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Իտալիա: Այստեղ արժե հիշել Ադրբեջանին, որը այս ընթացքում դարձավ ռուսական գազի մատակարարը դեպի Եվրոպա: Այսինքն մի պետություն, որ առաջարկում է խողովակատար լինելու ծառայություններ: Ասածիս մեջ սարկազմ չկա, մերկ փաստեր են: Լիբիային առանձին կանդրադառնանք: Մինչև պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանը ուներ զարգացող տեխնոլոգիական ոլորտ, որի ռեսուրսի մի մասը մսխվեց այդ ուղեղների արտահոսքով, երկրում մնացածը դեռևս պարզ չէ, թե ինչ ապագա կունենա բացի ռազմականացման շրջափուլով նորից կրկնվող տեխնոլոգիական առաջընթացի հետագծից, որը Ռուսաստանին կարող է հավերժ պահել ռազմական էլիտայի կոշիկի տակ: 

Շատ բնական է Ռուսաստանի մերձեցումը խողովակատար Արդբեջանի և նավթի ու գազի տարանցիկ գոտի հանդիսացող Թուրքիայի հետ: Առանձին արժե նշել այս երկրների համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, որտեղ Ռուսաստանը առաջարկել է իր ծառայությունները: Բայց որքան է տևելու այս սիրավեպը՝ մեծապես պայմանավորած է այլ էներգառեսուրսներին անցում կատարող առաջատար երկրների անցման արագությունից: Սա լինելու է տուրբուլենտության մեծ շրջան: Մեռնում է հին շուկան, որը հիմա պիտի հասցնի հնարավորինս կապիտալիզացնել եղած պաշարները: Հետհաշվարկը մեկնարկած է: 

Առաջարկ




                                Պահանջարկ
ՉիանաստանԹուրքիաԱՄՆՆիդերլանդներԲրազիլիաՀնդկաստանՃապոնիաՀարավային 
Կորեա
ԱՄԷՊակիստանԳերմանիաՍինգապուրՄիացյալ 
Թագավորություն
Իտալիա
Վենեսուելա12345         
Սաուդյան Արաբիա1    2345     
Իրան12      435   
Կատար2     13   4  
Ռուսաստան1 32        45

Չինաստանը նավթագազային սպառման հիմնական ու ամենամեծ շուկան է: Այստեղ արժե անդրադառնալ Չինաստանի և ԱՄՆ-ի գլխավորությամբ ակտիվացած էներգետիկ տեխնոլոգիական հակամարտությանը, որը սպառնում է աշխարհը բաժանել երկու ճամբարների: Իհարկե, կարևոր են նաև քաղաքական համակարգերը ու դրանք բարի, ազատական, միամիտ ցանկություններ չեն, այլ ուղղակի կապ ունեն առաջ մղվող հիմնական ռեսուրսի՝ մարդու, ինչպես նաև կենսաբանական կրիչից դուրս զարգացող բանականության հետ: 

Մինչ այդ հավանաբար պետք է հիշատակել, որ ԱՄՆ-ը 1973 թվականի նավթային ճգնաժամից հետո, որը փոխկապակցված էր Իսրայելին տրամադրած աջակցության արդյունքում ՕՊԵԿ-ի անդամ արաբական երկրների կողմից ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների հետ, տարիների ընթացքում վերակառուցեց իր էներգետիկ ոլորտը: 

Այս պահին ԱՄՆ-ն իր էներգիայի պաշարի մոտ երկու երրորդը ստանում է նավթագազային հումքից և նավթի ու գազի լուրջ արտադրող, վերամշակող է: Զուգահեռաբար, իր կարիքների համար այս երկիրը նավթագազային հումքի պաշարի երկու երրորդը ապահովում է սեփական ռեսուրսներից, իսկ մնացածը ներմուծում է Կանադայից, Մեքսիկայից, Սաուդյան Արաբիայից, Կոլումբիայից և Իրաքից: ԱՄՆ-ը, Կանադան և Միացյալ Թագավորությունը այս իմաստով բավականին ինքնաբավ երկրներ են: 

Միացյալ Թագավորությունը կախվածություն ունի Նորվեգիայից և ԱՄՆ-ից, ինչպես նաև Լիբիայից: Ռուսաստանի քաղաքական ներգրավվածությունը Լիբիայում այս փաստերի լույսի ներքո մեկ այլ երանգ է ստանում՝ հավանաբար ամենաբազային շարժառիթները թաղելով այս ռեսուրսների նկատմամբ լծակներ ձեռք բերելու միջոցով քաղաքական ազդեցությունը վերոնշյալ երկրներում մեծացնելու համար: 

Կլիմայի տաքացման մնացած 12 տարիներին ընդառաջ՝ Գերմանիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆրանսիան և այլք լրջորեն բազմազանեցնում են իրենց էներգիայի աղբյուրները: Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կոստա Ռիկան հանձնառել են 2050 թվականին դառնալ ածխածնից զրո կախվածություն ունեցող երկրներ: Սա խթանում է նոր տեխնոլոգիական լուծումների փնտրտուքը և եղածների կատարելագործումը: 

Նավթագազային կախվածությունից անցումը այլընտրանքային, հաճախ անսահմանափակ աղբյուրների հանգեցնում է արմատական և ամբողջական փոխակերպումների, որոնք նաև խորապես խնդրականացնում են սահմանափակ ռեսուրսի վրա կառուցված իշխանության իմաստը և մեզ հայտնի հիերարխիկ հարաբերությունների համակարգը: Մարդկության պատմության մեջ սա աննախադեպ պահ է, մենք անցյալում հղման որևէ կետ չունենք ու քաղաքականությունը ստիպված ենք կառուցել հղվելով ապագայից, որը դեռ չկա: Պատահական չէ քաղաքական վերնախավերի այս ամլությունը և քաղաքացիական բողոքների դրսևորումներում բռնության այսքան մեծ դոզավորումը: 

Նավթագազային սահմանափակ ռեսուրսից արևի, քամու, ջրի, երկրի ընդերքի անսահմանափակ էներգիան օգտագործելու տեխնոլոգիաներին անցնելիս այս փուլում առանձնակի կարևորություն են ստանում մի շարք օգտակար հանածոներ: Հետագայում, վստահաբար տեխնոլոգիաները նաև կանցնեն երկրի ընդերքից անկախ լուծումների, բայց մինչ այդ նավթագազային հումքին փոխարինելու է գալիս մրցավազքը պղնձի, արծաթի, ալյումինի, երկաթի, ինդիումի, գալիումի, նեոդիումի, մոնազիտի, նիկելի, պլանտինիումի հանքերի ու տարածքների շուրջ: 

Ժամանակը խնայելու համար համաշխարհային քարտեզագրում չեմ անի, բայց նշեմ, որ Հայաստանը, ըստ էներգետիկայի նախարարության, ի թիվս այլ հանածոների՝ հարուստ է երկաթի, պղնձի, արծաթի, ալյումինի, ինդիումի պաշարներով: Նշված տասից հինգը այս տեխնոլոգիաների համար Հայաստանում առկա են: Հիմա ինքներդ դատեք, թե Թուրքայի, Ադրբեջանի ձեռամբ խաղարկվող ռեսուրսային ծուղակում հայնտված Ռուսաստանի կողմից դրդվող «Զանգեզուրի միջանցքի» հետևում ինչ գործոններ են կանգնած: 

Հայաստանը իհարկե կարող է վեկտորներ չփոխել կամ ընտրել գործակցել Ռուսաստանի հետ՝ հանքահումքային մրցավազքում ունենալով իր սահմանային դերը, որը նման կլինի Թուրքիային ու Ռուսաստանին դեռևս սպասարկող Ադրբեջանի խողովակաշարի տնտեսությանը, բայց որքա՞ն կտևի այդ խաղը: 

Մենք այդ գործակցությունը տեսել ենք անցյալում մեր հանածոների անխնա կորզմամբ, որը ծառայել է մի շարք՝ Ռուսաստանի շահը սպասարկող խմբերի աղքատի հոգեբանությանը հատուկ նեղ չարչիական մղումներին հագուրդ տալուն: Մենք այն տեսնում ենք Ադրբեջանի անխնա ու անվերադարձ շահագործմամբ, որը մի քանի տարի անց կնետվի անպետքության արխիվ: 

Մենք մեզ պիտի հարց տանք՝ արդյոք մենք ուզում ենք նման՝ ժամանակավոր ու սահմանափակ ռեսուրսի վրա դրված պետական քաղաքականությո՞ւն, թե՞ մեր քաղաքականությունը պիտի կորզի իր միակ ու անսպառ՝ մարդկային ռեսուրսը: 

Այստեղ, ես կավարտեմ երկրորդ վախճանաբանական հաստատման քննարկումը ու կանցնեմ երրորդին՝ մարդուն ու բանականությանը: 

Շարունակելի․․․

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում