Մարգարայի անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, կառավարության հուլիսի 20-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված, «Մարգարա» կետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել (շինարարական աշխատանքների ավարտի – խմբ․), բայց շուտով»,- ասաց նա։
Հարցին՝ աշխատանքների ավարտից անմիջապես հետո կբացվի՞ սահմանը, Բադասյանը պատասխանեց․ «Դա ՊԵԿ իրավասության շրջանակներում գտնվող հարց չէ։ Մեր խնդիրը սահմանային անցակետի մաքսային հսկողության պատշաճ իրականացման համար պայմանների ապահովումն է, մենք դա իրականացնում ենք»։
***
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին մեկնել էր Թուրքիա, հանդիպել թուրք գործընկերջ հետ։ Թուրքիայից վերադառնալուց հետո Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան նպատակ ունեն մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձնանց համար։
Հայաստանի կառավարության ապրիլի 21-ի որոշմամբ 733 միլիոն դրամ էր հատկացվել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, մաքսակետ կառուցելու նպատակով։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։
2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։
https://civilnet.am/news/744967/%d5%a5%d6%80%d5%af%d5%ad%d5%b8%d5%bd%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a7%d5%a9%d5%b6%d5%ab%d5%af-%d5%a6%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%e2%80%a4-%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6/
Civilnet











