Ադրբեջանը նամակով Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխի գործարանի կառուցումը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը և տեղեկատվություն տրամադրել նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ: Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։
Նշվում է, որ նամակում ադրբեջանական կողմը, հղում անելով ՄԱԿ-ի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիային (Էսպոյի կոնվենցիա), պահանջում է «անհապաղ դադարեցնել գործարանի շինարարությունը և տեղեկատվություն փոխանցել նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար»։
«Համաձայն կոնվենցիայի հավելված 1-ի՝ մետալուրգիական գործարանները ճանաչվում են որպես գործունեություն, որը կարող է բացահայտ բացասական անդրսահմանային ազդեցություն ունենալ։ Կոնվենցիայի 3.1-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին ծանուցել շրջակա միջավայրի վրա նշված գործունեության ազդեցության մասին։ Սակայն Ադրբեջանը, որպես տուժած կողմ, Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել այս նախագծի վերաբերյալ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշվում է նամակում։
CivilnetCheck-ին չհաջողվեց գտնել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող նամակը ոչ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության, ոչ էլ՝ նախագահի պաշտոնական կայքում։
Նախարարությունը ուսումնասիրում է Ադրբեջանի ուղարկած նամակի թեման
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ գերատեսչությունը ներկայում ուսումնասիրում է Երասխի մետաղաձուլարանի աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի նամակի վերաբերյալ տեղեկությունը և այս պահին չի կարող մեկնաբանություն տրամադրել։
Նախարարի մամուլի քարտուղարը նաև չպարզաբանեց, թե նամակը ստացվել է դիվանագիտակա՞ն ճանարարհով, թե՞ նախարարությունը ուսումնասիրում է համացանցում հայտնված տեղեկությունը։
Ինչ է Էսպոյի կոնվենցիան
ՄԱԿ-ի Էսպոյի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1997-ին, իսկ Ադրբեջանը՝ 1999-ին, կոչված է կարգավորել պետությունների միջև հարաբերությունները կողմերից մեկի տարածքում նախատեսվող խոշոր տնտեսական գործունեության՝ շրջակա միջավայրի վրա հավանական ազդեցության գնահատման ոլորտում:
Ինչպես նշված է 2021-ին հրապարակված կոնվենցիայի վերաբերյալ ակնարկում՝ կոնվենցիայի դրույթները կիրառվում են այն գործունեության նկատմամբ, որի իրականացումը կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին այլ երկրներում։

Երասխում լարվածության մասին
Երասխի ուղղությամբ սահմանային լարվածությունը վերսկսեց 2023-ի հունիսի 13-ին, երբ Ադրբեջանը սկսեց պարբերաբար կրակոցներ արձակել հայ դիրքապահների, այնուհետ նաև՝ օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում ստացան Հնդկաստանի երկու քաղաքացիներ։
*Մեր հրապարակումից հետո շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրին, որ նախարարը պաշտոնական գրություն չի ստացել ադրբեջանական կողմից Երասխի մետալուրգիական գործարանի մասով։
«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- հայտնել է ՇՄՆ խոսնակ Անի Հակոբյանը։
Տեղադրություն
CivilNetCheck
Civilnet










