Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը կալանավորվել են խարդախության հետ կապված քրեական գործի շրջանակում։ Նրանք ձերբակալվել էին երեկ՝ հուլիսի 29-ին։
Քրեական գործը վերաբերում է Երևանի Կողբացի փողոցում գտնվող հողամասի օտարմանը «Սոխոսենթր» ընկերությանը։ 2012-ին UNESCO-ի կողմից Հայաստանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո, ըստ դատախազության, Արմեն Սմբատյանը որդու անվամբ գործարար գործունեություն չծավալելու պատրվակով, իր ազգականին խնդրել է հիմնադրել ընկերություն որդու համար։ Օրեր անց հիմնադրվել է «Սոխոսենթր» ընկերությունը։ Հիմնադրումից հետո «Սոխոսենթր»-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու նպատակով։
Երևանի քաղաքապետը ներդրումային ծրագրի վերաբերյալ եզրակացություն է ստացել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից, ով չի առարկել ծրագրի իրականացմանը, թեպետ, ըստ դատախազության, նախկին նախարարը տեղյակ է եղել հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին։
«Այնուհետև, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 3-ին «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» և «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը: Արդյունքում՝ Հասմիկ Պողոսյանը «Սոխոսենթր» ՍՊ ընկերության բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս»,-նշված է դատախազության հաղորդագրությունում։
Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանը անցնում են նաև մեկ այլ քրեական գործով, որը վերաբերում է Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող հուշարձան-շենքը՝ ԱՕԿՍ-ի շենքը սեփականաշնորհելուն։ Նրանք մեղադրվում են փողերի լվացման համար։ Գործն այժմ դատարանում է։
Civilnet











