Հուլիսի 29-ին Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետից Ադրբեջանն առևանգել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր Երևան հրատապ բժշկական օգնություն ստանալու համար։ Բաքվի նմանատիպ քայլերը կանխատեսելի էին դեռ այն պահից, երբ Լաչինի միջանցքում տեղադրվեց ադրբեջանական անցակետը։
Բաքուն մեծ հաշվով նոր կարմիր գիծ է հատել․ դիմելով այդ քայլին՝ նա փաստացիորեն բացառել է Արցախի արական սեռի բնակչության ելումուտը Լաչինի միջանցքով։ Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց մեծամասնությունը կա՛մ մասնակցել է Ղարաբաղյան առաջին ու երկրորդ պատերազմներին, կա՛մ ծառայել է Պաշտպանության բանակում։ Այս գործողությունները Բաքուն որակում է որպես «ապօրինի»։
Վերոնշյալ զարգացումներին զուգընթաց հումանիտար իրավիճակը Արցախում օրեցօր վատթարանում է։ Ինչպես հայտնի է, հունիսի 15-ից Ադրբեջանը կանգնեցրել է բոլոր բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Արցախում վառելիքի սղության պատճառով դադարել է քաղաքային ու միջհամայնքային տրանսպորտի աշխատանքը։ Գյուղատնտեսական արտադրանքը գյուղերից Ստեփանակերտ հասցնելը մեծագույն խնդիր է դարձել։ Եթե իրավիճակը չփոխվի, մոտակա շաբաթների ընթացքում Արցախում կարող է ամբողջական էներգետիկ կոլապս տեղի ունենալ, ինչը լրջագույն հարված է լինելու երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների համար։
Երևանի երեք անհրաժեշտ քայլերը
Այս ծանրագույն իրավիճակում արցախյան ու հայաստանյան հանրության ակտիվ հատվածները լուծումների ամենօրյա փնտրտուքների մեջ են։ Սակայն Հայաստանի իշխանություններից ակնկալիքները հստակորեն ձևակերպված չեն։ Այս փուլում անհրաժեշտ է առանձնացնել քայլերի հաջորդականություն, որոնք պետք է իրականացնի կառավարությունը Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը մեղմելու համար։
Նմանատիպ առաջին քայլի ուղղությամբ աշխատանքներ, կարծես թե, տարվում են։ Խոսքը Արցախում ստեղծված իրավիճակը կրկին ՄԱԿ Անվտանգության խորհրդի օրակարգ մտցնելու մասին է։ Այս քայլին պետք է նախորդի Հայաստանի ակտիվ աշխատանքը ԱԽ մշտական ու ոչ մշտական բոլոր անդամների հետ։ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում այժմ ավելի բարենպաստ պայմաններ կան դրական արդյունք գրանցելու համար։
Երկրորդ և ոչ պակաս կարևոր ուղղությունը, որը պետք է գտնվի Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, ամերիկյան ուղղությունն է։ Մի շարք լավ տեղեկացված աղբյուրներ մասնավոր զրույցներում հայտնում են, որ Վաշինգտոնում լրջորեն սկսել են քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Այնուամենայիվ, այս թեմայով արագ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է նաև Հայաստանի և հայկական այլ շրջանակների ակտիվ ու համաձայնեցված աշխատանքը։
Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը պետք է օրակարգային դառնա Վաշինգտոնում։ Այս նպատակին հասնելու համար կառավարությունը պետք է օգտվի մասնավոր մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից, իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի այս խնդիրը ընկալելի դարձնելու այն կարևոր գործիչների և դերակատարների համար, որոնք ավանդաբար այդքան էլ հետաքրքված չեն Հայաստանին ու մեր տարածաշրջանին առնչվող հարցերով։ Մի խոսքով՝ այս հարցը պետք է տեսանելի դառնա հայկական ավանադական պղպջակից (bubble) դուրս գտնվող շրջանակների համար։
Երրորդ քայլը, որը պետք է անի Երևանը Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու գործում, կապված է բանակցային գործընթացի հետ։ Այժմ Հայաստանում ու Արցախում շատ են կոչերն առ այն, որ Երևանը պետք է հրաժարվի բանակցություններին մասնակցելուց, քանի դեռ գետնի վրա որևէ դրական փոփոխություն չկա։ Այս սցենարը նույնիսկ անիմաստ է քննարկել, քանի որ Հայաստանի գործող իշխանությունները երբեք նման քայլի չեն դիմելու։
Փոխարենը կարելի է առաջարկել, որ հայկական պատվիրակությունները շարունակեն մասնակցել խաղաղության պայմանագրի օրակարգով տարբեր հարթակներում տարվող բանակցություններին, սակայն հրաժարվեն խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բովանդակային քննարկումներից, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել Արցախում նորմալ կենսագործունեության նվազագույն պայմանների վերականգնման համար։ Դա կարող է վերաբերել Լաչինի միջանցքով բեռնափոխադրումների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարման վերականգնմանը։
Վերջիվերջո, վերջին տարվա ընթացքում Երևանի բանակցային ամբողջ խոսույթի հիմնական մեխն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համար հստակ մեխանիզմներ պետք է գոյություն ունենան։ Այս փուլում, երբ ապահովված չեն Արցախի բնակչության ամենատարրական իրավունքները, խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բովանդակային քննարկումների շարունակումը անտրամաբանական է դառնում։
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը․ կա միջազգային կոնսենսուս
Եթե Հայաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ նման քայլով կարող են ապակառուցողական կողմի տպավորություն թողնել և հավելյալ ճնշման ենթարկվել, ապա այդ վախերը սին են։ Այս փուլում կա լայն միջազգային կոնսենսուս առ այն, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այդ առումով Հայաստանի նման քայլը միայն կմեծացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։ Չկա որևէ կասկած, որ այդ պարագայում հենց Բաքուն է դիտարկվելու որպես գործընթացը տապալող կողմ։ Միջազգային գլխավոր դերակատարների մոտ կա այն ընկալումը, որ Հայաստանը արդեն իսկ գնացել է շատ ցավոտ զիջումների, որոնց ֆոնին Ադրբեջանի քաղաքականությունը միայն ավելի առավելապաշտական է դարձել։
Կանխատեսելով իշխանությունների կամ իշխանամերձ շրջանակների այն հնարավոր արձագանքը, որ միջնորդների ճնշումները կարող են բավարար չլինել և Բաքուն կարող է օգտագործել Երևանի այս քայլը Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում նոր էսկալացիա նախաձեռնելու և այն լեգիտիմացնելու համար, պետք է երկու նկատառում անել։
1․ Եթե այս քայլերի հաջորդականությունը իրականացվի, նոր էսկալացիայի հնարավոր գինը Բաքվի համար կարող է մեծանալ։ Վաշինգտոնն այս փուլում արդեն իսկ մտածում է պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը Ադրբեջանի իշխանություններին հասցնելու մասին։ Ի դեպ, պատժամիջոցներ կիրառելու հարցում քննարկվում են մի շարք սցենարներ։
2․ Կարծես թե, մեր տարածաշրջանում ներգրավվածություն ունեցող բոլոր դերակատարների մոտ ձևավորվում է ընդհանուր պատկերացում, որ նոր էսկալացիան Հարավային Կովկասում չի բխում իրենց շահերից։ Այս հարցում որոշակի ընդհանուր հայտարարի են հասել նույնիսկ Ռուսաստանն ու Արևմուտքը։ Մի շարք հավաստի աղբյուրների համաձայն՝ շաբաթներ առաջ Ժնևում տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ հանդիպում։ Հանդիպման օրակարգային հարցը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հայ-ադրբեջանական բանակցություններն էին։ Այն նման ձևաչափով առաջին հանդիպումն էր ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Սա չափազանց կարևոր զարգացում է, որը կարող է նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։
Հայաստանն ուղիղ պատասխանատվություն է կրում Արցախի հայերի համար
Այս քայլերի հաջորդականությունը, իհարկե, չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը լուրջ զիջումների կգնա Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու հարցում։ Այնուամենայնիվ, այն պասիվ դիրքավորումը, որը պահպանում է Երևանը Արցախի շրջափակման ամբողջ ընթացքում, ևս հանդուրժելի չէ։
Ի հեճուկս վերջին շրջանի բոլոր հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղում շարունակում են ապրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և Հայաստանի կառավարությունը ուղիղ պատասխանատվություն է կրում նրանց ճակատագրի համար։
Երևանի կողմից հրատապ ու առարկայական քայլերի բացակայության դեպքում շատ շուտով վերոնշյալ քայլերի փոխարեն սկսելու ենք արդեն աղետալի սցենարներ քննարկել։
Տիգրան Գրիգորյան











