Լաչինի միջանցքի 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ շրջափակված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Յոթ ամսվա (հունվար-հուլիս) ընթացքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից արձանագրվել է մահացության աճ՝ ավելի քան 2 անգամ, ներառյալ՝ սուր և քրոնիկ սրտային անբավարարությունից մահերի աճ՝ 66%-ով, սրտամկանի սուր ինֆակտից՝ 20,8%-ով, ուղեղի կաթվածից՝ 8,8%-ով։
Հուլիս ամսվա ընթացքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն էլ ավելի են աճել՝ հասնելով նախնականորեն 2.6 անգամի՝ նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ, ներառյալ՝ սուր սրտային անբավարարությունից մահեր՝ աճ 2.5 անգամ, սրտամկանի սուր ինֆակտից՝ 4 անգամ, Ուղեղի կաթվածից՝ 3 անգամ:
Յոթ ամսում չարորակ նորագոյացություններից մահերի քանակը աճել է 15,9%-ով։ Մահացության դեպքերի ավելացման պատճառներից են անհրաժեշտ դեղորայքի սղությունը կամ բացակայությունը, կյանքի որակի փոփոխությունը, պատշաճ բուժօգնության հնարավորությունների խիստ սահմանափակությունը, որոնք կրճատում են ապրելիության աստիճանը։
Նույն ժամանակահատվածում բնակչության շրջանում արձանագրվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման ( ուղեղի կաթված) և սրտամկանի սուր ինֆակտի նոր դեպքերի աճ՝ համապատասխանաբար 26%-ով և 9,7%-ով։
Հունվար-հուլիս ժամանակահատվածում արձանագրվել է չարորակ նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերի աճ՝ 24,3%-ով:
Հունվար-հուլիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բժիշկների հսկողության տակ գտնվող հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90%-ի։ Դա պայմանավորված է ոչ լիարժեք սննդով և համապատասխան դեղամիջոցների սղությամբ կամ բացակայությամբ։
Չնայած առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր վիժումների քանակի աճ չի արձանագրվել, սակայն հուլիս ամսում արձանագրվել է բժշկի ցուցումով վիժումների կտրուկ աճ՝ 4 անգամ։ Ցավալի իրավիճակին նպաստում են սթրեսը, ոչ լիարժեք սնունդը և դեղորայքի սղությունը կամ բացակայությունը։
Հանրապետության Շտապ օգնության ծառայությունում հուլիս ամսում հաճախակի են դարձել ուշագնացության(կոլապս) դեպքերը։ Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ ուշագնացության դեպքերը աճել են 91%-ով։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ կա ուշագնացություն, սակայն մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը, քաղաքացուն ուշքի են բերում, և փաստացի չի գրանցվում դեպքը:
Հուլիս ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրվել է նաև զարկերակային գերճնշման դեպքերի պատճառով շտապ օգնության կանչերի կտրուկ՝ 5.6 անգամ աճ»։
***
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։
Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։
Civilnet











